30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը, որով Արցախի ժողովուրդը գործող ԽՍՀՄ օրենսդրության եւ Սահմանադրության տառին համապատասխան այլ միութենական հանրապետությունների նման հայտարարեց վերջինիս կազմից դուրս գալու մասին: Անկախության հռչակագիրը հաստատվեց բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, եւ որ առավել հատկանշական է, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում:
Արցախի ժողովուրդն արդեն երեք տասնամյակ պայքարում է ազատ կամարտահայտմամբ ընտրված ինքնիշխանության պահպանման, իր անկախ ապրելու իրավունքի միջազգային ճանաչման համար: Արցախցու այս որոշմանը երկու անգամ սանձազերծած պատերազմով պատասխանած Ադրբեջանն ի զորու չէ կասեցնել գործընթացների անշրջելի ընթացքը: 44-օրյա պատերազմից հետո միայն Ադրբեջանը եւ Թուրքիան են պնդում, որ Արցախի հարցը լուծված է: Միջազգային հանրությունը եւ առաջին հերթին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պնդում են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:
Ասվածի ամենաթարմ փաստարկը ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների վերջին հանդիպումն էր: Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ճեպազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչը երկու կարեւոր հարցում ժխտեց պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միասնական դիրքորոշումը: Ի պատասխան Ալիեւի բազմակի հայտարարությունների, թե պատերազմի միջոցով լուծվել է Արցախի խնդիրը, եւ այն արդեն անցյալում է, Ս. Լավրովն առնվազն երեք անգամ տարբեր հարցերի ենթատեքստում շեշտեց, որ հակամարտությունը լուծված չէ:
Նշելով, որ իր գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը, ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ հայտարարությունը կանխեց կոնֆլիկտը եւ այն տեղափոխեց քաղաքական կարգավորման դաշտ:
Մեկ այլ դրվագում, երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խմբի գործունեությունը գնահատելիս, Լավրովը շեշտեց, որ այն արդյունավետ է գործում, իսկ հաղորդակցության ուղիների վերաբացումը ոչ միայն կնպաստի երկրների տնտեսությունների աճին, այլեւ հուսալի հիմքեր կստեղծի հիմնահարցի քաղաքական կարգավորման համար:
Երրորդ անգամ ՌԴ ԱԳ նախարարը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարության դրույթների կատարման ընթացքի վրա, որը պետք է բարենպաստ իրավիճակ ստեղծի խնդրի վերջնական կարգավորման համար:
Վերոնշյալ երեք դրվագում էլ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, եւ այն պետք է արվի քաղաքական բանակցությունների շնորհիվ՝ տարածաշրջանում համապատասխան մթնոլորտ ձեւավորելուց հետո:
Սերգեյ Լավրովը նաեւ բարձրացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտության հարցը, այն դեպքում, երբ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է շրջանառել այն թեզը, թե այդ ձեւաչափն այլեւս պետք չէ, այն չի կարողացել երկար տարիներ իր առաքելությունն իրականացնել, եւ հիմա առավելագույնը, որ կթույլատրվի նրան անել, երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը նպաստելն է: ՌԴ արտգործնախարարն իր խոսքում շեշտեց. «Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետագա գործունեության պահանջված լինելու փաստը»:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց. «Այսօր իմ կողմից եւս մեկ անգամ արձանագրվեց այն փաստը, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է մնալ բաց: Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն եւ կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։ Նման կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։
Այսպիսով՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարելիցին կարգավորման գործընթացները թեւակոխել են նոր փուլ, որը տեսանելի կերպով ներկայացվեց ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների ասուլիսում: Այն է՝ հիմնահարցի քաղաքական կարգավորումը դեռ առջեւում է: Մարդկության պատմության մեջ հայտնի չէ մի դեպք, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը լուծվի պատերազմի միջոցով. խնդրի վերջնական լուծումը տրվել է բացառապես քաղաքական գործընթացների արդյունքում: