2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետեւանքով հազարավոր արցախցիներ տեղահանվեցին, եւ նրանց հիմնական մասը բնակություն է հաստատել ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական եւ մյուս խնդիրները լուծելու նպատակով ստեղծվել են մի քանի հասարակական կազմակերպություններ: Տեղահանման սկզբից մինչ օրս արցախցիների հիմնական խնդիրը Մայր հայրենիքում եւ Արցախում բնակարան ունենալն է: ԱՀ եւ ՀՀ իշխանությունները փորձում են ինչ-որ ծրագրեր իրականացնել՝ նշված խնդիրը մեղմելու համար, սակայն առաջնահերթ պետք է լինի թշնամու տիրապետության տակ անցած բնակավայրերում թողած տների փոխհատուցում:
Այս եւ այլ հարցերի հետ կապված՝ երեկ Արցախի 4 շրջանի ներկայացուցիչները ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպում ունեցան ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ Դ. Բաբայանը կարեւորեց նման հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնեց պատասխանել հարցերին: Հնչեցին հարցեր՝ կապված միջազգային կառույցների հետ, ովքեր պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեին եւ ցուցաբերեն Արցախի խնդրի լուծմանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել նշված կառույցների կողմից:
Դ. Բաբայանը տեղեկացրեց՝ իր ղեկավարած գերատեսչությունը տարբեր խողովակներով հարցը բարձրացնում է: Սակայն կա շահերի բախում, եւ նույն կառույցներն ու մեծ տերություններն իրենց շահերի շրջանակներում են հարցին մոտենում: Այնուամենայնիվ, Արցախի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է այս խնդրով: Հարց հնչեց, որ տեղահանվածներն ունենան որեւէ կարգավիճակ: Դ. Բաբայանն ասաց՝ այս հարցով եւս աշխատում են Մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր իրավաբանական կառույցների հետ: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն այս հարցի հետ կապված նշեց՝ դեռեւս 90-ականների սկզբի հազարավոր հայ փախստականներ չունեն կարգավիճակ: Անդրադառնալով Արցախի անվտանգության խնդրին՝ ասաց՝ թեկուզ ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը, միեւնույն է, այն միջազգային բազում կոնվենցիաներով ունի պաշտպանության իրավունք: Կարեւորեց, որ ԱՀ ԱԳ նախարարությունն օգտագործի այս հնարավորությունները, աշխատի հանրային դիվանագետների հետ:
Ինչ վերաբերում է արցախցիներին բնակարանով ապահովելու խնդրին՝ եղավ առաջարկ, որ ՀՀ որեւէ հատվածում բնակավայր կառուցվի տեղահանվածների համար: Նշեմ՝ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել 2020 թ. ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3.600 անձ)։ Այս հարցը նույնպես շատ մտահոգիչ է: Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչները տեղեկացրին Դ. Բաբայանին, որ պատերազմի հետեւանքով Քաշաթաղի շրջանից տեղահանվել է 3000-ից ավելի ընտանիք՝ մոտ 11 հազար բնակչով:
Ընթացքում հնչեցին նաեւ հարցեր՝ կապված ռուս խաղաղապահների, բանկերի, քաղաքացիության, անձնագրային, գործող ՀԿ-ների ֆինանսավորման եւ այլ խնդիրների հետ: Դ. Բաբայանը նշեց՝ բոլոր հարցերը, անկախ որ բնագավառին են վերաբերում, կբարձրացնի ԱՀ կառավարությունում եւ Ազգային ժողովում: ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ս. Ղազարյանը տեղեկացրեց՝ ցանկացած հարց, եթե իրենց լիազորության շրջանակներում է, լուծում ստանում է: Եղավ նաեւ առաջարկ, որ հանդիպումները լինեն հաճախակի, եւ ստեղծվի ՀԿ-ների համակարգող խորհուրդ: