Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը հիմնականում կանխորոշեցին Ադրբեջանին անմիջականորեն զինտեխնիկայով եւ կենդանի ուժով աջակցած Թուրքիան ու Պակիստանը: Այսօր վերոնշյալ երկրները համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժություններ են անցկացնում Բաքվում:
Զորավարժության մասնակիցները հայտարարում են, որ վարժանքի նպատակը ահաբեկչության դեմ պայքարի նոր ուղիների համատեղ որոնումն ու մշակումն է: Արցախյան պատերազմի իրական պատկերին ծանոթ ցանկացած անհատի մոտ այս ձեւակերպումն առնվազն տարակուսանք կառաջացնի: Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ այս եռյակը գործուն կերպով օգտագործեց Սիրիայից, Լիբիայից եւ Պակիստանից Ադրբեջան տեղափոխած ծայրահեղ ջիհադիստական կազմավորումների ներկայացուցիչներին, եւ այսօր իրենց ռազմական սերտացումը ցինիկաբար հիմնավորում են հակաահաբեկչական պայքարով:
Կարելի է միանշանակ պնդել, որ այդ զորավարժություններն արդեն այսօր Աֆղանստանից Ադրբեջան տեղափոխված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ գործողությունների սինքրոնացման նպատակ են հետապնդում: Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմաթ Միրզոեւը հայտարարում է, որ իրենց գործողությունները միտված են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, մինչդեռ այսօր բացառապես այս պետության գործողություններն են միայն սպառնում Հարավային Կովկասի խաղաղությանը:
Այս եռյակը մեծ հաճախականությամբ մեր տարածաշրջանում կազմակերպում է համատեղ զորավարժություններ իր քաղաքական կապի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու համար: Այն կարող է ուղղված լինել հիմնականում հայկական պետությունների դեմ, քանի որ սանձազերծված պատերազմում, չնայած եռյակի կիրառած աննախադեպ համատեղ ջանքերին, Արցախի ժողովրդին այդպես էլ չկարողացան ծնկի բերել: Այդ երկրների փորձագետները չեն էլ թաքցնում, որ Ադրբեջանում անցկացվող եռակողմ գործողություններն ուղղված են Արցախի Հանրապետության եւ Հայաստանի դեմ:
Ահաբեկչությունից եւ ռադիկալիզմից պաշտպանության Անկարայի հետազոտական կենտրոնի ղեկավար Էրոլ Բուրալը «Arab News»-ին վերջերս հայտնել է, որ համատեղ զորավարժության վայրի ընտրությունը կարեւոր է եւ կարող է դիտարկվել որպես այդ երեք երկրների համերաշխության ազդակ՝ այն մասին, որ իրենք միմյանց մեջ տեսնում են եղբայրների՝ ուղղված Հայաստանի դեմ, հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո: Նա նաեւ հայտարարել է, որ երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները նախանշում են, որ նրանք կարող են համատեղ գործողություններ իրականացնել:
Այս եռյակը երբեք էլ իրեն նեղություն չի տվել քողարկել այն իրողությունը, որ իրենց թիրախներից մեկն Արցախի Հանրապետությունն է: Հուլիսին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների խոսնակները ստորագրեցին եռակողմ համագործակցության զարգացման Բաքվի հռչակագիրը, որում բաց տեքստով ասվում էր, որ կողմերը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդգծում էին իրենց համապատասխան առաջնահերթությունները՝ բացահայտորեն սատարելով Ադրբեջանին՝ Արցախի հարցում, Պակիստանի գործողությունները՝ Ջամույի եւ Քաշմիրի հակամարտություններում, եւ Թուրքիային՝ Կիպրոսում, Էգեյան ծովում եւ Արեւելքում:
Վաշինգտոնի ինստիտուտի թուրքական ծրագրի տնօրեն Սոներ Չագապտայը նույն պորտալին տված հարցազրույցում հայտնել է, որ հետաքրքիր է մի տեղում տեսնել ատոմային զենք ունեցող Պակիստանին, ՆԱՏՕ-ի երկրորդ երկիր Թուրքիային եւ վերջինիս ու Իսրայելի աջակցությամբ տարածաշրջանում ռազմական պետության վերածվող Ադրբեջանին: Ս. Չագապտայը չէ, որ պետք է հաստատեր այն ճշմարտությունը, որը գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւ տարածաշրջանով հետաքրքրված ցանկացած փորձագետ: Մյուս կողմից էլ կարելի է ենթադրել, որ այս պետությունները դեռ վախեր ունեն՝ Արցախի հետ կապված, որը լիովին հիմնավոր կարող է լինել:
Սակայն այսօր Հայաստանը ՌԴ-ի գլխավորած ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում է, հետեւաբար, այդ զորավարժություններն ուղղված են նաեւ ՌԴ-ի դեմ: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում եւ ընթացող զարգացումների ֆոնին հայկական պետությունները պարտադրված են որակական նոր հարթության վրա բարձրացնել ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ՝ չմոռանալով նաեւ տարածաշրջանում մեկ այլ բնական դաշնակցի՝ Իրանի մասին, որն ակնհայտորեն չի տեղավորվում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ուղեծրում: