Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրքական ժխտողականությունը քաղաքական պրակտիկաների եւ տեքստերի նոր դրսեւորումներ, նաեւ նոր մեխանիզմներ ունեցավ։ «Դա երեւաց թե՛ թուրքական ու ադրբեջանական պաշտոնատար անձանց հայտարարություններում, թե՛ Հայոց ցեղասպանության հիշողության դեմ ուղղված կոնկրետ գործողություններում։ Մասնավորապես՝ մի կողմից, թիրախ ունենալով հուշարձաններն ու հայկականության հետ կապված հիշողության վայրերը, մյուս կողմից՝ փառաբանվում էին ցեղասպանության ոճրագործները՝ հանցագործ Էնվեր, Թալեաթ, Նուրի փաշաներն ու մյուսները»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ նոր դերակատարներ ի հայտ եկան ոչ միայն հանձինս թուրքական եւ ադրբեջանական պաշտոնատար անձանց, այլեւ նրանց հովանավորությունը վայելող «Գորշ գայլեր» կազմակերպության եւ Սիրիայի թուրքամետ խմբավորումների։
Արսեն Հակոբյանի եւ Իտալիայի Մեսսինայի համալսարանի հնագույն եւ ժամանակակից քաղաքակրթությունների բաժնի մշակութային մարդաբանության եւ ազգաբանության դոցենտ Մարչելո Մոլիկայի «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ թուրքական ժխտողականությունը տարածք եւ անդրազգայնություն» համատեղ աշխատանքն անդրադառնում է պատերազմին եւ դրա համատեքստում թուրքական ժխտողականության դրսեւորումներին։ Իրականացրած ուսումնասիրությունը վկայում է, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ժխտողականությունը ոչ թե ինքնաբուխ կամ իներցիայով եկած երեւույթ էր, այլ ուներ իր հստակ տրամաբանությունը։ «Վերլուծելով քաղաքական եւ սոցիալական պրակտիկաները, որոնք ի հայտ եկան պատերազմի ժամանակ, ըստ էության պարզ է դառնում, որ այս պատերազմը ոչ միայն Արցախի դեմ էր, այլեւ պատերազմ էր ընկալվում եւ այդպիսին դարձավ հայերի դեմ»,- ընդգծեց զրուցակիցս։ Փաստացի ժխտողականությունն արցախյան վերջին պատերազմի գաղափարախոսական մասերից մեկն էր։
Ժխտողականության դրսեւորումներն ուսումնասիրվել են մի քանի չափումներում. տարածք՝ որտեղ թե ինչպես եւ ինչու է դրսեւորվում, տարածք ասելով հասկանում են քաղաքային միջավայրը, եւ այդ առումով խնդիրները վերաբերում են քաղաքային մարդաբանությանը, երկրորդը անդրազգայնության կամ տրանսնացիոնալիզմի դրսեւորումներն են։ Քաղաքները չեն դիտարկվում որպես մեկուսացված տարածքներ։ Այդտեղ տեղի ունեցող գործընթացներն ունենում են նաեւ քաղաքական նշանակություն, որը դրսեւորվում է հետեւյալ կերպ՝ երբ ինչ-որ քաղաքում տեղի ունեցող իրադարձություն տարածվում է, անցնում իր սահմանները, եւ մեկ այլ քաղաքում ձեւավորում է այլ խնդիր։ Մեր պարագայում դա ակնհայտ երեւաց պատերազմի ընթացքում։ Հակոբյանի խոսքով՝ այս տեսական խնդիրների շրջանակներում էլ քննարկվել են արցախյան պատերազմի հետ կապված կոնկրետ դրեւորումները, որոնք առնչվում են թուրքական ժխտողականությանը։
Անդրազգային (տրանսնացիոնալ) չափումներում արցախյան երկրորդ պատերազմը հետազոտողները դիտարկում են սիրիական հակամարտության հետ՝ ճիշտ չհամարելով դրանց տարանջատումը, քանի որ երկու դեպքում էլ տրանսնացիոնալ երեւույթները տեղափոխվում մի տարածաշրջանից մյուսը՝ ի դեմս ահաբեկիչ զինյալների։ « Դա բռնության արտահանում էր հյուսիսային Սիրիայից դեպի արցախյան ճակատ, որի առաջին նշանները եղել են մինչեւ պատերազմը, այն է՝ 2020 թ. հուլիսյան դեպքերը, երբ քրդական, ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ հյուսիսային Սիրիայում տեղի է ունենում զինյալների հավաքագրում՝ ադրբեջանական հակամարտության գոտի ուղարկելու համար»,- նշեց ազգագրագետը։ Հյուսիսային Սիրիայից զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի եւ մասնակցությունը պատերազմին կապված չէր միայն գումարի հետ, ներգրավված թուրքմենական խմբավորումները գաղափարապես մոտիվացված էին, այսինքն՝ պանթուրքական գաղափարախոսության հետեւորդներն էին։ Ի դեպ, այդ զինյալ խմբավորումները կրում են օսմանյան սուլթանների անունները, ինչպես օրինակ՝ Աբդուլ Համիդ եւ այլն։ Եվ հենց այդ մասսան էլ տեղափոխվեց Արցախ կռվելու հայերի դեմ։
«Դա Հայոց ցեղասպանության ժամանակների պրակտիկան էր, երբ ոչ յուրային խմբերը, տվյալ դեպքում՝ այս խմբավորումները, օգտագործվում էին հայերի դեմ։ Նույն ձեռագրի արտահայտությունն էր այն, երբ պատերազմից հետո լրատվամիջոցները գրեցին այդ մարդկանց իրենց ընտանիքներով ՀՀ-ին եւ Իրանին սահմանակից Արցախի տարածքներում բնակեցնելու թուրքական եւ ադրբեջանական մտայնությունների մասին։ Ցեղասպանության տարիներին էլ հայկական լքված գյուղերն անմիջապես բնակեցնում էին մուհաջիրներով։ Ճի՛շտ է՝ արտաքին ուժերի ստվերային ազդեցությամբ այս գործընթացը կարծես թե կանգ առավ, բայց կան տեղեկություններ, որ այդ խմբավորումների անդամները ներգրավված են Ադրբեջանի սահմանապահ ծառայության մեջ»,- մանրամասնեց Հակոբյանը։ Ինչպես 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում, այդ պրակտիկան ներկայումս օգտագործվում է Արցախի ժողովրդագրական պատկերը փոխելու համար։ Նման փորձ Թուրքիան կիրառել է նաեւ հյուսիսային Սիրիայում, որտեղ բռնազավթած տարածքները թուրքացվում էին թե կրթական, թե էթնիկ ինժիներիայի միջոցով։
Տարածքային չափումներում առաջին թիրախը դառնում է Ստամբուլի հայկական համայնքը, երբ հակահայկական ցույցեր են տեղի ունենում խորհրդանշական տարածքներում՝ Պոլսո հայոց պատրիարքարանում, Հրանտ Դինքի հուշակոթողի մոտ եւ Սուլթան Բայազետի հրապարակում։ Այդ տարածքներն ունեն խորհրդանշական իմաստ. առաջին երկուսը կապված են հայկական ներկայության հետ, իսկ Բայազետի հրապարակում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան էին բարձրացվել երկու տասնյակ հնչակյան գործիչներ: «Փաստորեն, հիմնական ակտորները նույնն են, ինչ 1915-ին՝ թուրքահայ համայնքը, թուրքական իշխանությունները եւ պոլսահայ միջավայրը»,- ընդգծեց Հակոբյանը։
Ժխտողականությունը վերաբերում է նաեւ կոնկրետ տարածքներին, մասնավորապես, այդպիսի թիրախ դարձավ Շուշին եւ առաջին հերթին՝ Սբ Ղազանչեցոց եկեղեցու՝ որպես խորհրդանիշի ոչնչացումը։ Այս եկեղեցին նաեւ առաջին պատերազմի հիմնական խորհրդանիշներից մեկն էր։ Հիշենք, որ 1920 թ. հայկական ջարդերի ժամանակ եկեղեցին հրկիզվել է, առաջին պատերազմի ժամանակ օգտագործվել էր որպես զինապահեստ, իսկ արդեն անցած տարվա պատերազմի ժամանակ դարձել էր թիրախ։ Իսկ վերապրողները Շուշիի վերադարձը հայկական միջավայր ընկալում էին որպես վերածննդի խորհրդանիշ։ Ազգագրագետի խոսքերով՝ Շուշիի հանդեպ ժխտողականությունն այսքանով չի սահմանափակվում. երբ քաղաքը հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի տակ, Արամ Մանուկյան փողոցն անվանափոխվեց Քեմալ Աթաթուրքի անունով։ «Այստեղ հետաքրքիր է սիմվոլիկ հակադրությունը։ Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է, իսկ Աթաթուրքը՝ թուրքական հանրապետության։ Փաստացի թուրքական պետության ծնունդը հակադրվեց Հայաստանի անկախությանը։ Այսպիսով՝ հստակ ընկալումների ու խորհրդանիշների մակարդակով տեսնում ենք դրա նյութականացումը քաղաքային տարածքում»,- մեկնաբանեց նա։
Շուշին հետաքրքիր է մեկ այլ առումով եւս. «Գորշ գայլեր» կազմակերպությունը նպատակ էր դրել դպրոց կառուցել, սակայն արտաքին ուժերի ճնշման տակ այդ պրոցեսը կանգ առավ, իսկ Ալիեւը վերջերս հայտարարել էր, որ քննարկում են մեկ այլ տարբերակ։ «Սա ցուցիչ է, որ հակամարտության գոտում առկա է թուրքական ծայրահեղական ուժերի ներկայացվածության խնդիրը։ Ուժեր, որոնք ժխտողականության ամենակատաղի ներկայացուցիչներն են եւ ժխտողականության անդրազգային չափումներից մեկը։ Պատերազմի օրերին դրանք մասնակիցն էին Ֆրանսիայում՝ Լիոնի մերձակայքում Հայոց ցեղասպանության հուշակոթողի պղծմանը եւ հայկական ցույցերի վրա հարձակումներին, որի հիման վրա էլ Ֆրանսիայում արգելվեց «Գորշ գայլերի» գործունեությունը։ Չնայած այս ամենին՝ կազմակերպությունը մնաց հակամարտության գործող ակտորներից մեկը»,- նշեց Հակոբյանը։
Թուրքական ժխտողականությունը դրսեւորվում է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հռետորաբանության մեջ, երբ նա Բաքվում զինվորական շքերթի ժամանակ ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության ոճրագործներին հերոսացնող ճառով։ Փառաբանումից Էրդողանն անցում կատարեց արդեն մշակութային ցեղասպանության, երբ թուրք-ադրբեջանական զինավարժությունների նախօրյակին մզկիթի վերածված Կարսի Առաքելոց վանքի պատկերով ուղերձ հղեց մուսուլմաններին՝ հրավիրելով ուրբաթ օրը կատարելու համապատասխան արարողություն։ «Այսպիսով՝ տեսնում ենք ժխտողականության բոլոր դրսեւորումները՝ ատելության եւ բռնության թիրախավորում հայերի նկատմամբ, սիմվոլիզմի թուրքիֆիկացում, ծայրահեղական ուժերի ներգրավում՝ հանձինս «Գորշ գայլերի» եւ հյուսիսային Սիրիայի թրքամետ խմբավորումների եւ, վերջապես, մշակութային ցեղասպանության կամ դրա սիմվոլիկ փառաբանում Կարսի՝ մզկիթի վերածված Առաքելոց վանքի օրինակով»,- ամփոփեց ազգագրագետը։