ՄԱԿ-ի 76-րդ վեհաժողովը փորձեցին վերածել ապատեղեկատվության տարածման եւ արցախյան հակամարտության էության աղճատման ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի հարթակի:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը եւ «ազատագրել» սեփական տարածքները: Մինչ այդ էլ նույն հարթակում Ալիեւն էր հայտարարել, թե ինքը Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ։
Նախ՝ մի կողմ թողնենք այն փոքր սուտը, թե Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսին հայտարարել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որեւէ առաջարկ չի ստացել։ Այս հայտարարությունների բուն նպատակը ոչ թե խաղաղության եւ համագործակցության հաստատումն է, այլ ադրբեջանաթուրքական տանդեմի մշտական նենգ մարտավարության՝ արցախյան հակամարտության էության խեղաթյուրման գործընթացի հետեւողական շարունակումը: Թյուրքական պետությունների առաջնորդները կրկին փորձում են արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային խնդիր, ավելին՝ առաջ են տանում իրականության հետ աղերս չունեցող այն թեզը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ:
Արցախյան հակամարտության հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով խորհրդային բոլոր հանրապետությունների նման այն տարիների գործող խորհրդային սահմանադրաիրավական դաշտի հիման վրա հռչակեց իր անկախությունը եւ հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, որին Ադրբեջանը պատասխանեց ռազմական ագրեսիայով եւ օկուպացրեց արդեն անկախ հռչակված Արցախի 60 տոկոսը: Փոքր՝ 160 հազար բնակչություն ունեցող Արցախի ժողովուրդն անհավասար ինքնապաշտպանական պատերազմի դուրս եկավ 5 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի դեմ եւ վճռեց առաջին պատերազմի ելքը՝ Արցախի հաղթանակը:
Չնայած առաջին պատերազմից հետո Հայաստանի համար բարենպաստ իրավիճակին՝ ՀՀ-ն չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը եւ ավելին՝ չանսաց արցախցիների խնդրանքին եւ այն չհռչակեց Հայաստանի մաս՝ վստահ լինելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կհասնի Արցախի ժողովրդի արդեն կայացրած ինքնորոշման իրավունքի իրացմանը: Հիմնահարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Ադրբեջանը, Թուրքիայի հրահրմամբ եւ անմիջական մասնակցությամբ, պատասխանեց Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայով եւ Արցախի տարածքներն օկուպացնելով՝ դրսեւորելով պատերազմական հանցագործություններին բնորոշ վարքագիծ:
Այսօր էլ, փաստացի կեղծելով արցախյան պատերազմի էությունը այս երկու պետությունը ցանկանում են խոչընդոտել հիմնախնդրի վերջնական-երկարաժամկետ քաղաքական կարգավորման գործընթացը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսելու ջանքեր են գործադրում համանախագահ երկրները, Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը: Ստեղծված իրավիճակում թյուրքական զույգը խոսում է խաղաղության պայմանագրի ու տարածաշրջանային համագործակցության մասին եւ հանիրավի Հայաստանին մեղադրում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններն անպատասխան թողնելու մեջ:
Ալիեւը հայտարարել էր, թե խաղաղության համաձայնագիրը կարող է խաղաղության եւ համագործակցության տարածաշրջանի վերածել մեր տարածաշրջանը, սակայն իրենք դեռ չեն տեսնում Հայաստանի դրական արձագանքն իրենց առաջարկին: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ սեպտեմբերի 27-ին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կրկնեց Ալիեւի նույն միտքը՝ պնդելով Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկին դեռեւս հայկական կողմի չպատասխանելը։ Թուրքիայի արտգործնախարարը նաեւ շեշտեց, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին համակարգելու եւ անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։
Այլ կերպ ասած՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, նախ մերժելով տարածաշրջանի հիմնական հարցի շուրջ Մինսկի խմբի հարթակում քաղաքական երկխոսության առաջարկը պնդում են խաղաղության ու համագործակցության մասին, որոնք իրարամերժ միտումներ են: Անտրամաբանական է, որ տարածաշրջանի գլխավոր հիմնահարցի վերաբերյալ քաղաքական բանակցությունները մերժող կողմերը մեղադրում են Հայաստանին խաղաղության կոչերին դրական պատասխան չտալու մեջ: Արցախյան հակամարտության ողջ ընթացքը փաստում է, որ այն տարածքային խնդիր, առավել եւս՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջ չէ, հետեւաբար՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի նախապայման հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, երբ ողջ աշխարհը հայտարարում է, թե Արցախի Հանրապետության կարգավիճակի, այն է՝ տեղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը լուծված չէ, տրամաբանական չէ եւ տանելու է փակուղի: Հետեւաբար՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ համագործակցության վերսկսման գործընթացի տորպեդահարողները հենց Թուրքիան ու Ադրբեջանն են, եւ այդ հարցում սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ վերջիններս չեն հրաժարվի իրականությունը կեղծելու իրենց մարտավարությունից եւ չեն առաջնորդվի միջազգային իրավունքի առաջնային, հանրահայտ նորմերով:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով, իսկ այն չի կարող արվել առանց այդ ամենի խոչընդոտ հակամարտության լուծման շուրջ քաղաքական երկխոսության մեկնարկի: Իսկ սահմանների դեմարկացիայի եւ երկխոսության հարցերով հարթակ կարող է դառնալ նաեւ Թբիլիսին, ինչի մասին հայտարարություն էր տարածել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առավել եւս, որ Վրաստանը նույնպես վիճելի սահմանային հարցեր ունի Ադրբեջանի հետ: