Թվում է՝ Իրանն ու Ադրբեջանն անսպասելիորեն են հայտնվել զինված հակամարտության շեմին, սակայն արդեն բավական երկար ժամանակ է՝ որոշ ուժեր Իրանի Իսլամական Հանրապետության համբերությունը փորձում են հնարավոր տարբեր միջոցներով՝ իրանամետ խմբավորումների դեմ Սիրիայում Իսրայելի իրականացրած գործողություններ, արեւմտյան պատժամիջոցներ եւ այլն:
Իրանը նույնիսկ լռեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի, նրա հավաքագրած վարձկան-ահաբեկիչների, Իսրայելի, Պակիստանի ու այլոց օգնությամբ, անգամ անմիջական մասնակցությամբ հարձակվում էր Արցախի վրա: Համբերության բաժակը լցվեց միայն այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ուժերը, ոգեւորված գերտերությունների լռությունից, ծրագրեր էին մշակում՝ հարձակվելու հայկական Սյունիքի վրա՝ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջեւ ցամաքային կապ ստեղծելու եւ Իրան-Հայաստան սահմանը վերացնելու, այլ կերպ ասած՝ Իրանի ցամաքային ճանապարհը փակելու համար: Իրանը վերջապես հասկացավ, որ դեռ մեկ տարի առաջ, երբ ռումբերը պայթում էին Արցախում, հիմնական թիրախը ոչ թե Ստեփանակերտն էր, այլ Իրանը: Եվ պատահական չէ, որ հենց այդ շրջանում վարձկան-ահաբեկիչները տեղակայվեցին Ջրականում, որը սահմանակից է Իրանին: Պատահական չէ նաեւ, որ Ասդրբեջանում հայտնվեցին իսրայելցիներ, որոնց Ադրբեջանը դեռ պետք է հատուցի արցախյան երրորդ պատերազմում նվեր ստացած «հաղթանակի» գինը…
Եթե հիմա պատերազմ սկսվի Իրանի ու Ադրբեջանի միջեւ, դա այդպիսին կլինի միայն թղթի վրա: Իրականում Ադրբեջանն այլեւս գոյություն չունի: Թուրքիան նրան օգտագործում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ ստեղծելու նպատակով: Իսկ Իսրայելի ղեկավար Նաֆթալի Բեննետը վերջերս ԱՄՆ-ում էր, եւ դաշնակիցները միասին մշակեցին պլան «Բ», թե ինչպես Իրանին ստիպեն՝ վերադառնալ միջուկային գործարքին: Քանի որ իրանական կողմն առայժմ չի հստակեցրել իր դիրքորոշումն այդ հարցում, ադրբեջանական խաղաքարտը հարմար տարբերակ էր՝ Հարավային Կովկասում լարվածություն առաջացնելու եւ Իրանի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Այլ կերպ չես կարող բացատրել, թե Բաքուն ինչու է հրաժարվում Իրանի հետ խաղաղությանը միտված երկխոսությունից եւ նույնիսկ համարձակվում է «հաչել առյուծի վրա»: Պարզ է՝ նրան խոստացել են մենակ չթողնել…
Նախորդ դարասկզբին, երբ հայերը, վրացիներն ու կովկասյան թաթարներն անկախություն ձեռք բերեցին, պետական անվան խնդիր ունեին միայն թաթարները: Թուրքիայի Նուրի փաշան որոշեց այն անվանել Ադրբեջան՝ հետագայում իրանական Ատրպատականի նկատմամբ հավակնություններ դրսեւորելու համար: Այսօր մենք տեսնում ենք, որ այդ խաղաքարտն օգտագործվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Բանը հասել է այնտեղ, որ թաթարները խոսում են Իրանում ապրող իրենց հայրենակիցների մասին, մինչդեռ իրականում նրանք ազգակցական կապեր չունեն: Նրանց ուղղակի այդպես են ասել: Ընդհանրապես՝ ադրբեջանցիները չգիտեն էլ, թե իրենք ովքեր են: Երբ հարցը հասնում է հայկական եկեղեցիներին, արագ «վերածվում» են աղվանների ժառանգների եւ հայտարարում, թե դրանք իրենցն են, այսինքն՝ աղվանական ծագում ունեն: Երբ հարկ է լինում, մի կողմ են թողնում աղվանական վարկածն ու դառնում իրանական ատրպատականցիների ազգակից ժողովուրդ: Նմաններին անիմաստ է խորհուրդ տալ՝ ճանաչելու իրենց, որովհետեւ դա չէ նրանց խնդիրը: Ադրբեջանցիներն այն միջոցն են, որոնց ներկայությունը Հարավային Կովկասում ապահովել են թուրքերը՝ ապագայում ընդդեմ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի օգտագործելու համար: Այդ ծրագրերն այժմ օգտագործվում են ու լիարժեք բացահայտված են:
Իրանական գեներալներն ուղղակիորեն հայտարարում են, որ պատրաստ են ներխուժել Ադրբեջանի տարածք, իսկ թեհրանյան քաղաքագետներն Իրանին կոչ են անում վերադարձնել այն տարածքները, որոնք մի ժամանակ եղել են Պարսկաստանի կազմում: Երկու երկրներն էլ ռազմական մանեւրներ են սկսել սահմանին:
Տարածաշրջանում լարվածությունն աճել է սեպտեմբերի 21-ին Նախիջեւանում սկսված թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժությունների պատճառով: Դրան ի պատասխան՝ Իրանը սահմանին մոտեցրեց իր զորքերը եւ սկսեց անցկացնել իր զորավարժությունները: Չորեքշաբթի Իրանն ադրբեջանական կողմին ցուցադրեց ուժի կիրառման պատրաստակամություն, ինչի ապացույցն էր 7 հարվածային «Shahed-191» անօդաչուների հայտնությունն Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Միեւնույն ժամանակ հեռավոր Վաշինգտոնից ակնարկ հնչեց, որ առաջիկա ամիսներին Իրանին կարող է հարված հասցվել, իսկ թիրախը կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները:
«Իսրայելը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Իրանին չի թույլատրի միջուկային զենք ստեղծել: Ուստի հակամարտությունը կարող է սկսվել այն բանից, որ Իսրայելը հրթիռային հարվածներ եւ նույնիսկ մի ամբողջ օպերացիա կձեռնարկի Իրանի նկատմամբ,- «Վզգլյադին» ասել է ռազմական փորձագետ Պավել Ֆելհենհաուերը:-Այդ հարձակումներում համակարգող դեր կխաղա իսրայելական ռազմական առաքելությունը, որն Ադրբեջանում է: Եվ այդ դեպքում հակամարտությունը կտեղափոխվի Հարավային Կովկաս: Պոտենցիալ առումով Իրանը, իհարկե, ուժեղ է Ադրբեջանից: Իրանն ավելի բազմամարդ զինված ուժեր ունի: Իրանցիները կարող են օգտագործել օպերատիվ մարտավարական հրթիռներ, որոնցից շատ ունեն: Տեսականորեն իրանցիները կարող են ներխուժել անգամ Ադրբեջանի տարածք, որովհետեւ իրանական ուժերը շատ հզոր են եւ բավական շատ տանկեր ունեն»:
Ֆելհենհաուերի խոսքերով՝ Իրանը զենք կմատակարարի Հայաստանին, որը հակամարտության մեջ կմտնի Իրանի կողմից: Իր հերթին՝ Ադրբեջանի կողմից անմիջապես հանդես կգա Թուրքիան, որին, իր հերթին, կօգնի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ռուսաստանը նույնպես կներքաշվի պատերազմի մեջ, քանի որ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղակայված են ռուս խաղաղապահներ:
Իհարկե, ինչպես նշել է Ֆելհենհաուերը, խոսքն առայժմ ճնշման, այլ ոչ թե «ռազմական գործողություններին ռեալ նախապատրաստության» մասին է: Իրանում միայն ցանկանում են, որ իսրայելցի մասնագետները, որոնք Բաքվին օգնել են պատերազմ սկսել Հայաստանի դեմ, ադրբեջանցիներին սովորեցրել են ժամանակակից պատերազմի մեթոդները, հեռացվեն Ադրբեջանից:
«Իրանը, իրոք, անհանգստացած է, որ Հարավային Կովկասում ուժեղացել է Թուրքիայի ազդեցությունը,- կարծում է ՌԴ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը:- Ահա թե ինչու է նա առաջին անգամ զորավարժություններ անցկացնում նախկին խորհրդային սահմանին, ինչը չի եղել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Եթե Հայաստանի տարածքում հայտնվի «Զանգեզուրի միջանցքը», որով կտեղափոխվեն ապրանքներ ու բեռներ, թուրքերի դիրքերը Կովկասում ավելի կուժեղանան: Այսինքն՝ Բաքուն կմիանա Նախիջեւանի հետ, Թուրքիան ելք կունենա Կասպից ծով, միջինասիական երկրներ, որոնք հիմնականում թյուրքալեզու են: Այլ կերպ ասած՝ կստեղծվի «Մեծ Թուրանը»: Իսկ «Մեծ Թուրանի» գաղափարը ձեռնտու չէ Իրանին ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական առումով: Ավելին՝ արցախյան վերջին պատերազմի արդյունքում այդ երկիրը դուրս է մղվել Հարավային Կովկասից: Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ իրեն այլեւս մոտ չեն թողնում տարածաշրջանային խնդիրների լուծմանը…»:
Թե ապագայում իրադարձություններն ինչպիսի ընթացք կունենան, դժվար է ասել: Բայց գրեթե հնարավոր չէ պատկերացնել, որ Իրանի ու Իսրայելի ջրերը կարող են հոսել նույն առվով կամ Իրանը կընդունի Թուրքիայի հեգեմոն դերը տարածաշրջանում: