Արհամարհելով համանախագահող երկրների ղեկավարների եւ միջազգային կառույցների կողմից՝ հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում լարվածությունը չսրելուն միտված կոչերը, Ադրբեջանի բանակը շարունակում է սադրիչ նոր գործողությունների դիմել եւ վտանգել 2020 թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:
Ասվածի վկայությունն է երեկ ԱՀ պաշտպանության բանակի կողմից տարածված պաշտոնական այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել վեց զինծառայող: Քանի որ երեք հոգի հենակետից դուրս էին, նրանցից ոչ մեկը վնասվածք չի ստացել: Ռազմական գերատեսչությունը միաժամանակ հավելել է, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: «ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը».,- տեղեկացրել են գերատեսչությունից:
Սահմանում տեղի ունեցած դեպքերին անմիջապես արձագանքել են ԱՀ պետնախարարը, արտաքին գործերի նախարարը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները:
Սահմանում տեղի ունեցածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պետնախարար Արտակ Բեգլարյանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Առողջապահության նախարարի հետ միասին այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, հետեւել բուժսպասարկման աշխատանքներին: Այժմ էլ գտնվում եմ այնտեղ: Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, եւ, բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որեւէ այլ հետեւանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով: ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունն արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ»: Նա բնակչությանը հորդորել է ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների:
Արտգործնախարար Դավիթ Բաբայանը վստահեցրել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է, եւ արցախյան զինուժի ու ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում են շփման գծում տեղի ունեցող գործողությունները: Նա հավելել է. «Մեզ վայել չէ խուճապի մատնվել, վախենալ, նույնիսկ գիշատիչները հարձակվելիս, երբ վախ են նկատում, ագրեսիան ուժեղանում է»: Նախարարի համոզմամբ՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը հենց մեզ վախեցնելն է: «Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, այդպիսիք էլի են լինելու, եւ պետք է պատրաստ լինենք դրան: Լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահ ուժերը, բայց նման սադրանքներով նրանք տարբեր նպատակներ են հետապնդում: Փորձում են վախեցնել մեզ եւ հարվածել ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ուղղակի հարված է նաեւ Ռուսաստանին: Փորձում են դրանով նսեմացնել նրանց առաքելությունը, Ռուսաստանին ցույց տալ որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել»,- կարծում է Դ. Բաբայանը:
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ հակառակորդը հասկանում է, որ իր ծրագրերն այս պահի դրությամբ ձախողվում են. «Տեսնում է, որ իրավիճակը բարդանում է տարածաշրջանում: Իրանի պահվածքն Ադրբեջանի նկատմամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրենց համար արդեն թշնամական երկիր է, տեսնում է, որ խաղաղապահներն իրականացնում են իրենց առաքելությունն ու թույլ չեն տալիս, որ պատերազմ լինի եւ չի կարող լինել»: Դ. Բաբայանը նշել է. «Հատկանշական է, որ ժամեր առաջ Մինսկում ռուսական կողմի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից ժամեր անց ադրբեջանական կողմն ապակայունացրեց իրավիճակն Արցախի հետ շփման գծում»:
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում բանակցային գործընթացը վերականգնելու հնարավորություն կա: «Սա էլ է միգուցե Ադրբեջանի կողմից նման սադրանքների պատճառ դառնում, որով փորձ է արվում խոչընդոտել դրան»,- կարծում է նախարարը:
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նույնպես այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր 6 զինծառայողներին: Նա հաստատել է, որ արցախյան կողմը զոհեր չունի, եւ շփման գծում ռազմական գործողություններ չեն ընթանում: Գ. Ստեփանյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը լուրջ սպառնալիք է քաղաքացիական բնակչության անվտանգության համար, եւ հակառակորդի սադրիչ քայլերը ոտնահարում են բնակիչների կյանքի իրավունքը:
Ի դեպ, նախօրեի երեկոյան հոսպիտալ են դիմել նաեւ Ստեփանակերտի շատ բնակիչներ՝ առաջարկելով իրենց օգնությունը վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինմանն աջակցելու նպատակով: