Երբ լսում ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ակամա մտածում ես. «Սո՞ւտն է չարիքի ծնող, թե՞ չարիքից է ծնվում սուտը…»: Մի բան պարզ է. սուտն ու չարիքը աստիճանաբար փոխկապակցվում են ու փորձում միմյանց պաշտպանել` դառնալով առավել արգահատելի…
Ըստ ցարական Ռուսաստանի 1897 թ. պաշտոնական մարդահամարի՝ Շուշիում բնակչության գերակշիռ մասը կազմել են հայերը` 73953, թաթարները` 62868, այնուհետեւ` վելիկոռուսները` 1442, լեհերը` 142, եւ առավել պակաս` այլազգիները, որոնց մեջ չկա գոնե մեկ ադրբեջանցի, իսկ պարսիկները ընդամենը 8 հոգի էին` 6 տղամարդ եւ 2 կին։
Չգիտեմ` ինչ են սովորեցնում Ադրբեջանի դպրոցներում, բայց անմեղ տեսքով ստելու, ուրիշինն իրենցը համարելու, պատմությունն ու աշխարհագրությունը ուզած ձեւով խեղաթյուրելու փոխարեն արժեր նախ սովորել այդ պատմությունը, տիրապետել տարածաշրջանի աշխարհագրությանը, այնտեղ բնակություն հաստատած ժողովուրդների կենսագրությանը, մշակույթին ու իրավունքներին եւ հետո սուր ճոճել բոլորի հանդեպ, հատկապես նրանց, ում ավելի շատ են պարտական իրենց գոյությամբ, կենցաղով ու նվաճումներով։ Անգամ Բաքուն, որ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքն է, իր գոյությամբ պարտական չէ ադրբեջանցիներին, քանզի մ. թ. ա. 1-ին դարում, երբ Բաքվի մասին հանդիպում ենք առաջին հիշատակությանը, տարածաշրջանում ադրբեջանցիներ գոյություն չունեին, եւ քաղաքի անունն էլ ենթադրաբար ծագել է պարսկերեն باد کوبه բառից, բադ քուբե` քամահարված։ Շարունակենք դիմել պատմությանը. «Քաղաքը իր շրջակայքով մտել է Աղվանքի թագավորության մեջ։ 500 թվականին Առանշահիկների տոհմից սերող Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 7-րդ դարում Աղվանքը, Վրաստանը եւ Հայաստանը մտել են Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ՝ Բագրատունիների թագավորության շրջանում (885-1045), այն մտնում էր Շիրվանում ստեղծված ամիրայության մեջ»։ Միայն 12-րդ դարում է, որ քաղաքում հաստատվում է մուսուլմանական տիրապետություն, այն էլ` ոչ ադրբեջանական։ Շիրվանշահերի պետության կենտրոն Բաքուն շուտով անցնում է թաթար-մոնղոլների, ապա թուրքմենների ձեռքը, իսկ 1501 թ. Բաքուն գրավել է Սեֆյան Պարսկաստանը, եւ այն մտել է Շամախիի կուսակալության մեջ։ Ժամանակ առ ժամանակ այն անցել է օսմանցիների տիրապետության տակ։ 1722 թ. այն գրավել են Պետրոս կայսեր զորքերը։
1747 թ. Բաքուն դարձել է համանուն խանության կենտրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-13 թթ.) ժամանակ՝ 1806-ին, Բաքուն միացվել է Ռուսաստանին: Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի, 1991-ից՝ Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է: 1980-ական թթ. վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազ. հայ: Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983-ին: 1990 թ. հունվարի 13-19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացան քաղաքից: Սա է Բաքվի համառոտ կենսագրությունը, որին, հավանաբար, տեղյակ չէ ներկայիս Ադրբեջանի նախագահը, ով խոսում է Արցախում հայերի ավերած մզկիթներից ու ադրբեջանական կառույցներից՝ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ անգամ Բաքուն եղել է հայկական մշակույթի կենտրոն, եւ այնտեղ հայերի ձեռքով կառուցվել են ոչ միայն քրիստոնեական եկեղեցիներ, որոնք ավերվել են ադրբեջանցիների ձեռքով ԽՍՀՄ տարիներին, որոնցից մեկն էլ 1863-69 թթ. կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, այլեւ բազմաթիվ նշանավոր այլ կառույցներ, որոնք կա՛մ ավերվել են, կա՛մ մինչեւ օրս ծառայում են ադրբեջանցիներին։
Այսօր Ադրբեջանի նախագահը խոսում է, ոչ ավելի, ոչ պակաս, «հայրենական» պատերազմից, այսինքն` 44-օրյա պատերազմը, որ սանձազերծել էր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ` ներգրավելով այլ շահագրգիռ պետությունների ռեսուրսներն ու միջազգային ահաբեկիչների, ով խտրականություն չէր դնում ռազմական գործողությունների դաժանության ու բարոյականության միջեւ, այսօր ցեղասպանվածի կեցվածք է ընդունել ու հայերին մեղադրում է այն մեղքերում, որ ինքն է գործել հայ ժողովրդի հանդեպ։ Խոսում է Արցախում ու, մասնավորապես, Շուշիում ավերված «ադրբեջանական» մզկիթներից, թվեր է ասում` առանց հաշիվ տալու այդ թվերի իրողության հնարավորությանն ու տրամաբանությանը. այդ ե՞րբ են Արցախն ու Շուշին եղել Ադրբեջանինը, որ Ադրբեջանն էլ հասցրել է այնտեղ, ոչ ավելի, ոչ պակաս, կառուցել 67 մեջիդ Արցախում, իսկ, մասնավորապես, Շուշիում էլ` 17. չլինի՞ ԽՍՀՄ տարիներին, երբ Արցախը որպես ինքնավար հանրապետություն նվիրաբերվեց ու հայտնվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմում, երբ կրոնական կառույցների դեմ համատարած պայքար էր ընթանում, եւ դրա անվան տակ էլ Ադրբեջանում զանգվածաբար ավերվում էին հայկական հնագույն եկեղեցիները։
Հիմա նա խոսում է բարբարոսությունից, բնությունն ավերելուց, երբ թուրք-ադրբեջանական զինուժը 44-օրյա պատերազմում ֆոսֆորային զենքով անարգել այրում էր անտառներն ու մարդկանց, ավերում ու գնդակոծում ոչ միայն պատմական կառույցները, այլեւ նշանառության տակ պահում ներկայիս հումանիտար կառույցները… Հիմա նա խոսում է «հայրենական» պատերազմից. այսինքն` նա «ազատագրել» է «սեփական» տարածքները բարբարոսության բոլոր միջոցներով ու մեղքը փորձում է բարդել հայերի վրա` յուրացնելով ոչ միայն հայկական մշակույթն ու տարածքները, այլեւ անգամ քրիստոնեական եկեղեցիները վերագրելով ադրբեջանական մշակույթին, իսկ դե պարսկական մզկիթները Ադրբեջանին վերագրելն արդեն դժվարություն չի ներկայացնում, քանզի հեշտ է մուսուլմանական կառույցները «շփոթել»։ Փարատելու համար Ադրբեջանի նախագահի կասկածները մզկիթների առնչությամբ անդրադառնանք նրա «սիրած» պատմությանը. Շուշիում կառուցվել է երկու մզկիթ` երկուսն էլ` իրանական, Ներքին եւ Վերին (Մեծ)։ Մզկիթի շենքի կառուցում,` ըստ պատմական աղբյուրների, սկսվել է 1755 թ., որից հետո վերանորոգվել է 1768 եւ 1825 թթ.: Չնայած այդ վերականգնման աշխատանքներին, շենքի շինարարությունն ամբողջովին ավարտվել է 120 տարի հետո, ճարտարապետ Քերբալա Սեֆի խանի կողմից, ով աշխատել է գլխավոր ճակատի ողջ նախագծի վրա: Խորհրդային իշխանության տարիներին` 1924-1972 թթ., մզկիթը օգտագործվել է տնտեսական նպատակներով, իսկ 1972-1988 թթ. գործել է որպես պատմա-երկրագիտական թանգարան: 2017 թ. կրկին վերանորոգման աշխատանքներ են կատարվել այդտեղ։ Մզկիթները լքված են եղել այն պատճառով, որ սակավաթիվ պարսիկներ են ապրել Շուշիում, իսկ ադրբեջանցիների մասին, ինչպես վկայում է վերոհիշյալ մարդահամարը, խոսք էլ չկա, ու, չնայած դրան, Շուշիում պարբերաբար վերանորոգվել են հիշյալ կառույցները։
Դարձյալ դիմելով պատմությանը՝ կրկին փարատենք Ալիեւի կասկածները առ այն, որ, երբ 1920 թ. մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ, եւ մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքները, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարները, ճարտարապետական կոթողները, այդ թվում` շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ, Շուշիում ոչ մի թուրք ու ադրբեջանցի չկար, որ նրանց բարբարոսության զոհը դառնային, ասել կուզի` Ալիեւը թող հանգիստ լինի` 1920 թ. իր ցեղակիցների կողմից կազմակերպված` Շուշիի ջարդերի ժամանակ իրենց ձեռքով ոչ մի ադրբեջանցի չի տուժել կամ սպանվել, այսինքն` ինքնացեղասպանություն չի եղել։
Սահմանափակելով խոսքս այս հարցի շուրջ՝ բարեկամաբար խորհուրդ տամ Ալիեւին` ընթերցելու մեծն Թումանյանի «Չարի վերջը»` կանխազգալու սեփական ճակատագիրը եւ դրանից ճիշտ եզրահանգումներ անելու… (ի դեպ եւ ի գիտություն` 1890-ական թթ. կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910-17 թթ.՝ հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը եւ Հովհաննես Թումանյանը): Մեծերը մնում են մեծ` անկախ ազգությունից, եւ ամոթ չէ նրանցից սովորելը…
Իսկ Ալիեւի ելույթի թիրախային նպատակի մասին` հաջորդ հոդվածում։