Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ադրբեջան: «Ծրագրում Բաքուն չկա, բայց մենք օդանավակայան ենք բացում Ֆիզուլիում… Քննարկել ենք Իլհամ Ալիեւի հետ»,- ասել է Էրդողանը լրագրողներին: Թուրքիայի ղեկավարի խոսքերով՝ «այդ օրվա ծրագիրը, բացի օդանավակայանի բացումից, ներառում է մի շարք ճանապարհների ու գյուղատնտեսական օբյեկտների բացում»:
Նա նաեւ նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Անկարայի վերաբերմունքը չի փոխվել: Թուրքիան նաեւ շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տարածքների ականազերծման հարցում՝ նրան առաքելով հատուկ մեքենաներ:
Էրդողանը, իհարկե, Ադրբեջան չէր մեկնի պարզապես օբյեկտ բացելու համար: Այս կերպ նա ակնհայտորեն ցուցադրում է սիրիական ու լիբիական ուղղություններում իր քաղաքականության անհեռանկարայնությունը եւ հարավկովկասյան ուղղությամբ կենտրոնանալու ձգտումը: Հենց այդ պատճառով է նա շեշտում «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր երկրի դիրքորոշման մասին: Հասկանալի է, որ որոշ հայտարարություններ կանի այդ մասին՝ թուրք-ադրբեջանական լսարանին դուր գալու համար: Առավել եւս, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ Էրդողանը խնդիր ունի՝ ապացուցելու, թե, իբր, իր քաղաքականությունը պտուղներ է տալիս: Դա անհրաժեշտ է՝ ընտրողներին չկորցնելու համար: Հենց այդ նպատակով նա վերջերս այնպիսի հայտարարություններ է անում, որոնք ցանկացած նորմալ մարդ խելագարություն կհամարի: Բայց ոչ, իհարկե, թուրք ազգայնականները, ովքեր «հալվում» են արդեն միայն «թուրքական մեծության» մասին բարբաջանքներից…
Բաքու այցը տեղավորվում է սեփական լսարանին դուր գալու տրամաբանության մեջ: Նույն նպատակով Աֆրիկա կատարած այցի ընթացքում նա ասել է, թե ժամանակները, երբ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած պետություններն են ներկայացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, անցել են, եւ նրանք իրավունք չունեն վճռել աշխարհի ճակատագիրը:
Անշուշտ, Էրդողանն ամենեւին էլ նպատակ չունի կատարելագործել միջազգային անվտանգության ճարտարապետությունը: Թուրքիան պարզապես ձգտում է ամրանալ տարածաշրջանային լիաժեք գերտերության կարգավիճակում: Էրդողանի նման հայտարարություններն ուղղված են ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ հարեւան բարեկամ երկրներին՝ Ադրբեջանին ու Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների: Դա կոչ է՝ միավորվելու Անկարայի շուրջ՝ վերջինիս հավակնությունների իրականացման համար: Իսկ որպես գերտերություն հաստատվելու համար նրան անհրաժեշտ է գլոբալ օրակարգի առկայություն…
Արեւմուտքում Էրդողանի խոսքերին նույնիսկ ուշադրություն չեն դարձրել. հասկանալի է, որ առանց Անվտանգության խորհրդի մշտական անդամների համաձայնության ՄԱԿ-ի շրջանակներում ոչինչ տեղի չի ունենա: Բայց Թուրքիան ունի գաղափարախոսություն, որը շատ փորձագետներ անվանում են նեոօսմանիզմ, չնայած այն ավելի ու ավելի վճռական բնույթ է ձեռք բերում՝ լրացվելով պանթյուրքիզմի, պանիսլամիզմի ու այլ տարրերով: Անդադար խոսվում է թյուրք ժողովուրդների հարազատ ճակատագրերի մասին, ժողովուրդներ, որոնք ունեն 150-160 մլն բնակիչ, անցկացվում է փափուկ ուժի վառ դրսեւորված ագրեսիվ քաղաքականություն Թուրքիայի կողմից ստեղծված մշակութային ու կրթական հաստատությունների միջոցով:
Այժմ տեսնենք, թե ինչպիսին են գերտերություն դառնալու Թուրքիայի հնարավորությունները եւ խոչընդոտները:
Անկարան տարածաշրջանում ամենաբազմամարդ ու ժամանակակից սպառազինությամբ հագեցած բանակն ունի՝ ավելի քան 600 հազար սպայով ու զինվորով, իսկ քաղանձնակազմի հետ միասին՝ 750 հազար անձով: Բանակն ունի 14 մլրդ դոլար բյուջե եւ մոտ 1000 մարտական ինքնաթիռ: Արեւմտյան գնահատականների համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում մարտական ներուժի առումով Թուրքիայի զինված ուժերը երկրորդն են՝ ԱՄՆ-ից հետո: Թուրքական բանակն իր առանձնահատկություններն ունի՝ «Բայրաքթար» անօդաչուները, որոնք օգտագործվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում:
Թուրքիայի բնակչությունն ավելի քան 80 մլն է, որը, այնուամենայնիվ, բավարար չէ մեծ տերության կարգավիճակի համար: Նրա տարածքը զբաղեցնում է 780 հազար քառակուսի կիլոմետր, որը, չնայած գերազանցում է Ֆրանսիայի զբաղեցրած տարածքին, սակայն զիջում է հարեւան Սաուդյան Արաբիային (2150 հազար քառ. կմ) եւ Իրանին (1648 հազար քառ. կմ):
Այսօր Թուրքիայի տնտեսությունը ՄԱԿ-ի ռեյտինգում զբաղեցնում է 19-րդ տեղը: Ավելին՝ 2010-ականների միջնամասում այն դադարեց լինել Մերձավոր Արեւելքի ուժեղագույն տնտեսությունը՝ զիջելով Սաուդյան Արաբիային: Թուրքիան 85 տոկոսով կախված է էներգիայի չվերականգնվող աղբյուրներից, իսկ նրա բնական ռեսուրսների պաշարները դժվարամատչելի լեռնային շրջաններում են: Երկիրը սեփական հանքավայրերի հաշվին ծածկում է ածխաջրածինների պահանջարկի միայն 15-20 տոկոսը: Անկարան մտադիր է փոխհատուցել կորուստները՝ ամրապնդելով իր դիրքերը նավթ արդյունահանող երկրներում՝ Լիբիայում, Իրաքում, Քաթարում, ինչպես նաեւ Սիրիայում ու Սուդանում եւ դրանով իսկ ավելացնելով իր արտադրական ու մոբիլիզացիոն հնարավորությունները:
Բայց նաեւ խնդիրներ կան՝ կապված թուրքական ռազմական հզորության հետ: Թուրքիան առաջատար 15 երկրների շարքում չէ ռազմական ծախսերի ցուցանիշով, չնայած այն բանին, որ սկսած 2008-ից՝ դրանք անշեղորեն ավելացվել են՝ դուրս գալով ՆԱՏՕ-ի կողմից սահմանված 2 տոկոսի սահմաններից: Նրա ռազմական տեխնիկան թեեւ ժամանակակից է, սակայն սպառազինության համաշխարհային շուկայում սահմանափակ պահանջարկ ունի: Այդ ցուցանիշով Թուրքիան պետությունների երկրորդ տասնյակի միջնամասում է: Չնայած վերջին տարիներին Թուրքիան իր ռազմական արտահանումը հասցրել է 1.5-1.7 մլրդ դոլարի, այս թվերն ավելի շատ վկայում են ՆԱՏՕ-ից դուրս դաշնակիցների բացակայության մասին այն տարածաշրջաններում, որտեղ այդ երկիրը կցանկանար տարածել իր ազդեցությունը:
Այլ պետություններից առաջադեմ մարտական համակարգեր գնելու Թուրքիայի կարողությունները նույնպես առանձնապես տպավորիչ չեն։ Այն աշխարհում զբաղեցնում է ընդամենը 11-րդ տեղը՝ վերջին հինգ տարվա ընթացքում ձեռք բերելով ավելի քան 3.5 միլիարդ դոլարի զենք՝ այդ ցուցանիշով զիջելով այնպիսի երկրների, ինչպիսին են Վիետնամը, Ինդոնեզիան, Պակիստանը, Իրաքը կամ Ալժիրը։
Թուրքական հարձակումը հետխորհրդային տարածքի վրա՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, 1990-ականների սկզբին առանձնակի հաջողություններ չունեցավ։ Նորանկախ պետությունները պահանջում էին ավելի շատ ներդրումներ, քան գաղափարախոսություններ, եւ Թուրքիան չկարողացավ նման հավասարակշռություն ապահովել:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ոչ մի մեծ տերություն չի կարող ինքնուրույն գործել եւ հասնել իր հետաքրքրությունների լիարժեք իրականացմանը։ Նույնիսկ ռազմական առումով այնպիսի հզոր երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան, 1936-1937 թթ. ձեւավորեցին տխրահռչակ «առանցքը»: Ժամանակակից գերտերությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի, փորձում է իր ռազմական գործողություններն իրականացնել՝ հենվելով դաշնակիցների վրա։ Թուրքիան հեռուն գնացող նպատակների իրականացման գործում չունի ոչ մի դաշնակից, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրա եւ ՆԱՏՕ-ի շահերը շատ բանով չեն համընկնում:
Էրդողանը փչացրել է հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային ուժային կենտրոնների, այդ թվում՝ Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ, իսկ Իրանի հետ նրա հարաբերությունները հեռու են ջերմ լինելուց։
Սակայն եթե նույնիսկ վերը նշված ցուցանիշներով Թուրքիան աշխարհում լիներ լավագույնների շարքում, միեւնույն է, Էրդողանի հայտարարություններն աշխարհին նետված ծաղր են եւ ոչ ավելին: Ցեղասպան երկրի ղեկավարը խորհուրդներ տալու, աշխարհի ճակատագրի մասին խոսելու ոչ մի բարոյական եւ իրավական իրավունք չունի: Էրդողանի տեղն ինքնաձաղկման քարայրում է, եւ ժամանակն է, որ հզորները նրան մատնացույց անեն դեպի քարայր տանող ճանապարհը՝ ի պատասխան թրքահոտ պոռոտախոսության եւ հանուն աշխարհի ապագայի…
Մի խոսքով՝ Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնություններն ունեն բազմաթիվ սահմանափակումներ, ու դրանք վերացնելու քիչ հնարավորություններ կան: Եվ Ադրբեջան այցն այդ առումով ոչինչ չի փոխում…