Թուրքական «Բայրաքթարներն» արդեն կրակում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկատվություն տարածեց, որ զինվորականները Դոնեցկում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը, որը ոչնչացրել է տեղի զինված ուժերի հրանոթը։ Հաջորդ օրն ուկրաինական մամուլում հայտնվեց այդ երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որում նա հերքում էր Ուկրաինայի կողմից «Բայրաքթարի» օգտագործումը:
Անկախ քննարկվող հարցից` արդյոք «Բայրաքթարը» Ուկրաինայում կրակել է, թե ոչ, այն փաստը, որ թուրքական անօդաչու թռչող սարքի անունը հնչեցվում է փաստացիորեն ՌԴ-ի անվտանգության երաշխավորության տակ գտնվող Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դեմ գործողություններում, արդեն խոսուն փաստ է: Դրանով հաստատվում է, որ Թուրքիան Ղրիմի հարցում ոչ միայն պարբերաբար հակառուսական հայտարարություններ է անում, այլեւ գործնական քայլերի է գնում՝ զինելով Ուկրաինային եւ լավ իմանալով, որ նրա թիվ մեկ հակառակորդն այսօր Ռուսաստանն է: «Բայրաքթարով» հարված հասցնելու դեպքը փաստում է մեկ այլ առանցքային գործընթացի մասին, որ Թուրքիա-Ուկրաինա համագործակցությունը միայն զենքի վաճառքով չի սահմանափակվել, այլ դրանում ներգրավված են եղել հենց թուրքական զինուժի ներկայացուցիչները: Հաշվի առնելով փաստը, որ Ուկրաինան բոլորովին վերջերս է գնել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, հավանականությունը մեծ է, որ նրա զինվորականները հասցրած չէին լինի լիովին տիրապետել դրանց կառավարման հմտություններին, եւ Դոնեցկին իրենց փոխարեն հարվածած լինեն հենց թուրքական զինվորական մասնագետները՝ ԱԹՍ-ների օպերատորները:
Դեռ թարմ է արցախյան 44-օրյա պատերազմական իրադարձությունների օրինակը, երբ, փաստացի «Բայրաքթարով» լուծելով պատերազմի ընթացքը, հրադադարից 4 ամիս հետո միայն Թուրքիան սկսեց այդ ԱԹՍ-ները կառավարելու դասընթացներ եւ վարժանքներ անցկացնել Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների հետ՝ դրանով հաստատելով հայկական կողմի ունեցած հետախուզական այն տվյալները, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում իր զինվորական մասնագետներն են կառավարել այդ անօդաչուները:
Եթե պարզվի, որ թուրքական անօդաչուն իրոք հարվածել է ԴԺՀ-ի պաշտպանական ուժերին, ապա դա լրջագույն խնդիր կլինի Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ, եւ կստացվի, որ, ավանդույթի համաձայն, Թուրքիան կրկին մեջքից հարվածում է Ռուսաստանին: Հարաբերությունների վատթարացումը ձեռնտու չէ երկու կողմին էլ եւ, մեծ հավանականությամբ, կկոծկվի անօդաչուով հարվածելու փաստը:
Դոնեցկին ԱԹՍ-ով հարվածելու մասին տեսանյութի հրապարակման հաջորդ օրը մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը, Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարի» օգտագործման մասին տեղեկատվությունը։ Նկատենք, որ հարվածի փաստը եւ տեղանքը հեշտությամբ կարելի է ճշտել տարածված տեսանյութի միջոցով, որտեղ երեւում են հրթիռի ուղղորդման կոորդինատները: Լավրովն իր այդ հայտարարությամբ, ըստ էության, Ուկրաինային շանս տվեց հերքելու ԱԹՍ-ով հարվածելու մասին հայտարարությունը, ինչը եւ արեց Կիեւը: Բայց, միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ «Բայրաքթարի» կրակելը պետք է մտածելու տեղիք տա Ուկրաինային զինողներին: Դմիտրի Պեսկովն էլ, հիշեցնելով, թե որ երկրի արտադրանքն է կիրառված ԱԹՍ-ը, շտապեց արձանագրել, որ «Բայրաքթարի» տրամադրումը միայն նպաստում է իրավիճակի ապակայունացմանը եւ խոչընդոտում խնդրի կարգավորմանը:
Տեսակետ է շրջանառվում, թե Ուկրաինան գնացել է էսկալացիայի, որպեսզի Ռուսաստանին ստիպի միջամտել հակամարտությանը եւ դրանով խափանի «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման գործարքը, որը հակասում է Կիեւի տնտեսական շահերին: Բոլոր դեպքերում ԴԺՀ ուժերը զուսպ հակահարված հասցրին եւ հետագայում էլ հայտարարեցին, որ ճշտում են` արդյոք անօդաչու թռչող սարք է կիրառվել իրենց պաշտպանական ուժերի դեմ: Խնդիրն այն է, որ ԱԹՍ-ի կիրառման փաստի հաստատումը ձեռնտու չէ նաեւ պաշտոնական Կիեւին, քանի որ ուկրաինական այդ կոնֆլիկտի կարգավորման պայմանավորվածությունների համաձայն՝ շփման գծում չէին կարող ԱԹՍ-ներ կիրառվել` բացառությամբ հրադադարի մոնիթորինգ անցկացնող ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերի ԱԹՍ-ների:
Մյուս կողմից էլ միջադեպն ավելի շուտ «Բայրաքթարների» գովազդի տպավորոթյուն է թողնում: Այսօր ՌԴ-ն արտադրել է նորագույն 6-րդ սերնդի ԱԹՍ-ներ, որոնք լիովին խամրեցնում են թուրքական ԱԹՍ-ների փայլը, եւ Անկարային անհրաժեշտ էր հիշեցնել դրանց մասին, որպեսզի կարողանա զենքի շուկայում պահպանել իր դիրքը: «Բայրաքթարների» վարկանիշը ընկել էր դեռ Արցախում եւ Սիրիայում, երբ նաեւ ռուսական մի քանի սերնդի հնության ՀՕՊ միջոցներով թուրքական ԱԹՍ-ները խոցելու բազմաթիվ դեպքեր եղան: Դոնեցկում Ռուսաստանը կարող էր անհամարժեք պատասխան տալ հենց իր նորագույն սերնդի ԱԹՍ-ներով, բայց առայժմ բավարարվեց Թուրքիային հանդիմանելով եւ Ուկրաինային հետքայլի հնարավորություն տալով: