Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ եւ ջիհադիստ ծայրահեղականների ներգրավմամբ խախտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում ընկած երեք սկզբունքից առաջնայինի՝ ուժի կիրառման բացառման պահանջը: Սանձազերծված ագրեսիայի ժամանակ վերջիններս իրականացրեցին պատերազմական բազմաթիվ հանցագործություններ՝ օգտագործելով արգելված զինատեսակներ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, բժշկական հաստատությունները եւ կրթամշակութային կենտրոնները, մորթելով անպաշտպան ծերունիների ու վիրավոր գերիների:
Առողջ մարդկային բանականությունը հուշում է, որ քաղաքակիրթ աշխարհի անունից հանդես եկող պետություններն առնվազն կդատապարտեին նման արյունալի պատերազմի հրահրումը եւ ադրբեջանաթուրքական հանցավոր գործողությունները, որոնք այսօր էլ շարունակվում են: Սակայն պատերազմի ընթացքում ագրեսորին ագրեսիայի ենթարկվածի հետ հավասարեցնելու, ըստ էության՝ պատերազմը կանխելու ուղղությամբ առարկայական ջանքեր չգործադրելու հետեւանքով Արցախում ունեցանք հերթական հումանիտար աղետը՝ հազարավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր գաղթականներ:
Թվում էր, որ գոնե հիմա Ադրբեջանին կդատապարտեն կատարվածի համար, եւ զուտ ձեւական կողմն ապահովելու համար պատժամիջոցներ կսահմանվեն: Սակայն ԱՄՆ նախագահի վերջին որոշումը սառը ցնցուղ էր ժողովրդավարության բաստիոնին սպասողական հայացք ուղղած միլիոնավոր մարդկանց համար: Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը թույլատրում է ԱՄՆ-ին ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստելու Արցախի հակամարտության սրմանը:
«The Hill» պարբերականը ներկայացրել է ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ծանուցման բովանդակությունը, որով նա հավաստիացրել է, որ Ադրբեջանին տրվող նման օգնությունը չի խոչընդոտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։ Ավելին՝ Արցախի դեմ ծայրահեղ ջիհադիստներ, այլ կերպ ասած՝ ահաբեկիչներ կիրառած Ադրբեջանին ռազմական օգնությունը տրամադրելու հիմնավորումներից մեկը… ահաբեկչության դեմ պայքարն է: Բլինկենն իր հիմնավորման մեջ շեշտել է, որ ամերիկյան օգնության տրամադրումն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, նրա զինված ուժերի կամ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի գործընկերների օպերատիվ պատրաստությանն աջակցելու, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանների անվտանգության համար։
Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայում ահաբեկիչների օգտագործման նման աղաղակող փաստի դեմ աչք փակելուց կարելի է եզրակացնել, որ նրանք՝ միջազգային ահաբեկիչները, տարբեր են լինում. մի երկրի համար ահաբեկիչ են, իսկ մյուսի համար՝ ազատամարտիկ, եւ՝ հակառակը: Բոլոր դեպքերում առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ սպասում էր, որ պատերազմ հրահրողին թեթեւ պատժի ենթարկելու համար ԱՄՆ-ը գոնե կզրկեր մի քանի տասնյակ միլիոն դոլարի ռազմական օգնությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն եւ միլիարդներ է ուղղում սպառազինվելու համար, բայց դա էլ չարվեց: Ադրբեջանը տարածաշրջանում թշնամաբար է տրամադրված միայն Արցախի Հանրապետության ու Հայաստանի հանդեպ, եւ անտրամաբանական կլինի կարծելը, թե ռազմական պոտենցիալի մեծացումն ուղղված չէ հայկական կողմի դեմ:
907-րդ ուղղման կասեցումը նշանակում է, որ ԱՄՆ-ը փաստացի խրախուսում է Արցախյան հարցի ռազմական լուծումը՝ իր բոլոր հետեւանքներով, եւ, որ առավել մտահոգիչ է, դրական է վերաբերվում մինչ օրս շարունակվող Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին: Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, նսեմացնում է Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը: Նրա հայտարարություններն ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում երկու կողմի միջեւ: Ալիեւը բաց տեքստով խոսում է ուժի գործադրմամբ սուվերեն Հայաստանի հարավով միջանցք բացելու մասին:
Այս իրավիճակում ենթադրել, թե ռազմական ուղիղ աջակցությունը չի օգտագործվելու Արցախի բնակչության եւ Հայաստանի դեմ, զուրկ է հիմնավոր փաստարկներից: Հիշենք, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր 1992 թ.՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով, եւ նախատեսում է նրան միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ուղղման համաձայն՝ ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ վերջինս ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դեմ բոլոր տեսակի շրջափակումների եւ ուժի կիրառման հարձակողական ձեւերի վերացման ուղղությամբ։ 2002 թ. Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բանաձեւում, որով թույլատրվեց ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Հետեւանքը եղավ այն, որ նաեւ այդ օգնությամբ 2016 թ. Ադրբեջանն իրականացրեց առաջին անհաջող փորձը, իսկ 2020-ին հրահրեց լայնամասշտաբ պատերազմ:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ պետությունների քաղաքականության հիմքում սեփական շահն է, որը հաճախ չի համընկնում արդարության եւ ճշմարտության համամարդկային արժեքների հետ: Այստեղ հայկական կողմի գործողությունների արդյունավետությունը հուսադրող չէ: Դրա փոխարեն միջազգային իրավապահ կառույցներում հայ ժողովուրդն արդեն արձանագրում է հաղթանակներ արդարության համար մղվող պայքարում, ինչն անխուսափելի է, քանի որ այստեղ գործում են միջազգային իրավական նորմեր, որոնք երկակի մեկնաբանման չեն ենթարկվում, հետեւաբար՝ ադրբեջանաթուրքական զույգի հանցագործություններին անխուսափելիորեն տրվում են համարժեք գնահատականներ: Անդրանիկ հաղթանակները մեր ժողովուրդն արդեն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: