Արցախում ռազմական ագրեսիա հրահրելուց եւ փաստացի թուրքական վիլայեթի վերածված Ադրբեջանի միջոցով Արցախի Հանրապետության տարածքները օկուպացնելուց հետո Թուրքիան հայացքը սեւեռել է դեպի Իրան: Արցախյան արյունալի պատերազմի ավարտը նշելիս՝ նախորդ տարվա դեկտեմբերին, Բաքվում Էրդողանը, մեջբերելով ադրբեջանցի բանաստեղծ Ահմեդ Ջավադին, մի քառատող արտասանեց՝ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել…»: Սրանով Էրդողանն ակնհայտ տարածքային հավակնություններ ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ: Թեհրանի նախազգուշացնող արձագանքն իրեն ուշացնել չտվեց:
Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում կոշտ արձագանքեց։ Նա, մասնավորապես, գրել էր. «Էրդողանին չեն տեղեկացրել, որ այն, ինչն ինքը աղավաղված մեջբերել է Բաքվում, վերաբերում է Արաքսից հյուսիս գտնվող Իրանի հողերի՝ իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն: Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»։
Կարծելով, որ իր համար երկարաժամկետ ներկայություն է ապահովել Արցախի օկուպացված տարածքներում եւ տնտեսական ծրագրերի ներքո այնտեղ կուտակելով պատկառելի ռազմական ներուժ նաեւ Սիրիայից եւ Աֆղանստանից ներգրավված ջիհադիստ ծայրահեղականների միջոցով՝ Անկարան փաստացի գործողություններ սկսեց Իրանի դեմ: Նախ՝ «Թյուրքական խորհուրդ» հարթակի կրթամշակութային միջոցառումների ներքո Անկարան Իրանի ադրբեջանաբնակ հատվածներում անջատողականության տրամադրություններն է մեծացնում, իսկ վերջին շրջանում էլ, ինչպես պարզվեց, Էրդողանի վարչակազմն անցել է այնտեղ ձեւավորված ադրբեջանական բջիջներին զինելու գործնական քայլերի:
Երկու օր առաջ Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնեց, որ երկրի հյուսիս-արեւմուտքում զենքի մաքսանենգությամբ զբաղվող խումբ է ոչնչացվել։ Նա լրագրողներին ասաց, որ իրանցի սահմանապահները կարողացել են ժամանակին կանխել ապօրինի զենքի ներկրումը երկիր։ Հատկանշական է, որ իրականացված հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 240 հրաձգային եւ 175 որսորդական զենք, 65 ատրճանակ եւ զգալի քանակությամբ զինամթերք:
Միջադեպը փաստում է, որ Թուրքիան լրջորեն անցել է Իրանի անջատողականներին զինելու գործին, չի բացառվում, որ վերջինիս արդեն հաջողվել է զենքի նման խմբաքանակ անցկացնել Իրան: Զենքի տեղափոխման դեպքի բացահայտումը լուրջ ահազանգ է եւ սպառնալիք ողջ տարածաշրջանի կայունության համար: Հայաստանի եւ Արցախի հարեւանությամբ թուրք-իրանական ռազմական բախումն օրինաչափորեն կնշանակի նաեւ դրանում նվազագույնը՝ Ադրբեջանի, Պակիստանի եւ առավելագույնը՝ Իսրայելի ու Աֆղանստանի ներգրավում:
Դեպքերի զարգացման նման սցենարի պայմաններում ծայրահեղ մեծանում են հայկական պետություններին սպառնացող ռիսկերը:
Թուրքիան ձգտում է հարձակումն սկսել հենց Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների միջոցով, ինչն ավելորդ անգամ փաստում են թուրքական առաջնորդի վերջին հայտարարությունները: Անգոլա, Տոգո եւ Նիգերիա կատարած այցից հետո Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում Էրդողանը կրկին արծարծել էր Իրանի ադրբեջանցիների թեման: «Կովկասում Թուրքիայի՝ ակտիվ եւ մշտական դերակատար դառնալուց հետո Իրանի գործողություններն այլեւս իմաստ չունեն եւ չեն կարող հանգեցնել թեժ ճգնաժամի: Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող Ադրբեջանը թիրախ դարձնել, քանի որ այսօր Իրանում ադրբեջանցիները մեծ թիվ են կազմում։ Այս գործոնը, իհարկե, մտածելու տեղիք կտա: Իրանի գործողությունները սխալ են։ Ես կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի կրկնի այդ սխալը»,-հայտնել է Թուրքիայի առաջնորդը: Հատկանշական է, որ Թուրքիայի առաջնորդն արդեն բաց տեքստով ասում է, որ Անդրկովկասում է, եւ այդ ակնարկը հավասարապես ուղղված է ինչպես Իրանին, այնպես էլ Ռուսաստանին:
Պետք է արձանագրել, որ Էրդողանն այստեղ ճիշտ է, այսօր Ադրբեջանում անհամեմատ ավելի քիչ են էթնիկ ադրբեջանցիները, քան Իրանում: Ադրբեջանում թալիշներից, լեզգիներից, ավարներից բացի շատ են էթնիկ պարսիկները: Մյուս կողմից էլ՝ արցախյան առաջին պատերազմից հետո Արաքսն անցած բազմաթիվ ադրբեջանցիներն այդպես էլ չցանկացան վերադառնալ Ադրբեջան եւ Իրանում իրենց ավելի հարմարավետ են զգում: Այս ամենից հետո շատ ավելի տրամաբանական է Ադրբեջանը համարել հյուսիսային Իրան: Բայց վերջին ժամանակներս աշխարհում անտրամաբանական երեւույթներն ու իրադարձություններն անթիվ են, հետեւաբար՝ հայկական պետություններին մնում է միայն պատրաստվել անցանկալի տարածաշրջանային զարգացումներին՝ դիտարկելով բոլոր տրամաբանական եւ ոչ տրամաբանական սցենարները: