Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան շփման գծերում վերջին շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի սադրած միջադեպերը եւ հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր սկսել են մտահոգել միջազգային կառույցներին: Օրերս Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն էր հայտնել անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գրանցված լարվածության աճով: «Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճով: Կարեւոր է չեզոքացնել, վերացնել պատճառները եւ ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- իր թվիթերյան էջում գրել էր եվրոպացի պաշտոնյան:
Նկատենք, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն սկսեցին արձագանքել միջադեպերին այն բանից հետո, երբ դա առաջին անգամ արեց ԱՄՆ պետքարտուղարությունը: Վերջինիս Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բյուրոն թվիթերում անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասվում էր հաղորդագրությունում։
Դժվար չէ տեսնելը, որ երկու հաղորդագրությունն էլ ունեն նույն կառուցվածքը՝ դատապարտվում են ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպերը, եւ որպես դրանց բացառման միջոց առաջարկվում է հիմնարար կարգավորումների հասնելը: Եթե ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն առավել հասցեական էր, դատապարտում էր ադրբեջանցիների կողմից խաղաղ քաղաքացիների, բանվորների վրա կրակելը եւ նրանցից մեկին սպանելը, ապա եվրոպական կառույցի ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն առավել չեզոք դիրքերից էր, կրկին մուրճի հարվածը ոչ նալին էր, ոչ մեխին: Փորձը ցույց է տալիս, որ նման կոչերն արդյունավետ չեն, քանի դեռ հասցեական չեն արվում:
Այսօր տարածաշրջանում խաղաղ գործընթացները տորպեդահարողը միայն Ադրբեջանն է, որն իր քայլերով ոչ միայն չի նպաստում նոյեմբերի 9-ի հրադադարի միակ փաստաթղթի դրույթների կատարմանը, այլեւ փաստացի ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածքներ Սեւ լճի եւ Վերին Շորժայի հատվածներում՝ նոր խնդիրներ է ավելացնում առանց այն էլ ոչ պակաս խնդիրներով հագեցած արցախյան հիմնահարցին: Նկատենք, որ ադրբեջանական դիրքերի առաջբերման վերջին անհաջող փորձը հետեւեց ԱՄՆ պետքարտուղարության հասցեական քննադատություն պարունակող հայտարարությանը: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը, խրախուսվելով եւ ըստ էության ուղղորդվելով «ավագ եղբոր»՝ Թուրքիայի կողմից, արդեն նման գործողություններով է պատասխանում գերտերությունների կոչերին:
Բաքվի նման վարքը չի կարող նպաստել տարածաշրջանում մթնոլորտի լիցքաթափմանը, փոխադարձ վստահության ստեղծմանը եւ երկու երկրների միջեւ քաղաքական առողջ բանակցությունների վերսկսմանը: Ադրբեջանը պետք է հասկանա, որ կա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշման լուրջ խնդիր, որը հնարավոր չեղավ լուծել պատերազմի միջոցով, եւ ապագայում էլ հնարավոր չի լինի այդ մեթոդով լուծել այն: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ացախի խնդրի քաղաքական կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է, եւ եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ տարածաշրջանում արագ բացվեն հաղորդակցության ուղիները, եւ տնտեսական համագործակցություն սկսվի երկրների միջեւ, ապա պետք է այդ երկու խնդիրների կարգավորումը սկսեն զուգահեռ՝ մեկը մյուսով չպայմանավորելով: Եթե ադրբեջանաթուրքական զույգը որոշի Արցախի կարգավիճակի հարցը դիտարկել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման խնդրի հետ, ապա դա երկար ժամանակով կհետաձգի ճանապարհների բացումը:
Հետեւաբար, միայն միջազգային կառույցների՝ Բաքվին ուղղված հասցեական քննադատությամբ է հնարավոր վերջինիս կառուցողական դաշտ բերելը, սադրանքների չդիմելուն ստիպելը եւ տարածաշրջանային կարգավորման գործընթացը տեղից շարժելը: