Հայերի եւ հնդիկների փոխհարաբերությունների մասին ամենավաղ փաստագրական հիշատակումները կարելի է գտնել Քսենոփոնի աշխատությունում՝ Կյուրոպեդիայում։ Այդ աղբյուրները փաստում են, որ հայերը մեկնել են Հնդկաստան, եւ նրանք քաջատեղյակ են եղել Հնդկաստան տանող ցամաքային ուղիների, ինչպես նաեւ հնդկական ենթացամաքի ընդհանուր եւ քաղաքական աշխարհագրության, սոցիալ-մշակութային միջավայրի ու տնտեսական կյանքի մասին: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս փուլին, ապա Հնդկաստանում կա հայ համայնք, որը, մասնավորապես, կենտրոնացած է Կալկաթայում, փոքրաթիվ հայություն կա նաեւ Մումբայում, Դելիում, Ագրայում եւ Չեննայում։ Այդ բոլոր քաղաքներում կան հայկական եկեղեցիներ եւ գերեզմանոցներ։
Հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին, կնքվել են երկկողմ պայմանագրեր` առեւտրաշրջանառության, գիտատեխնիկական, տեխնիկական ու տնտեսական, գյուղատնտեսական, կրթական, մշակութային համագործակցության բնագավառներում:
2021 թ.` մոտ 30 տարի անց, Հնդկաստանը կրկին հայացքը թեքեց Հայաստանի կողմը. պատճառը 44-օրյա պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի թելադրանքն էր: Պատերազմից հետո Հարավային Կովկասում արտաքին ու ներքին դերակատարները փորձում են դիրքավորվել: Այստեղ հարկ է նշել, որ շատ օբյեկտիվ իրողություններ, այդ թվում՝ Հնդկաստանի ու Իրանի ակտիվացումը տարածաշրջանում, Ադրբեջանի հանրության շրջանում որոշ չափով թուլացրել են պատերազմում հաղթանակի էյֆորիան: Հատկապես պատերազմից հետո Հնդկաստանի ու Իրանի ակտիվացումը պայմանավորված է տարածաշրջանում ստատուս քվոյի կտրուկ փոփոխությամբ:
Չինաստանն ամեն կերպ փորձում է մեկուսացնել Հնդկաստանին: Քանի որ Հնդկաստանի մերձակա բոլոր նավահանգիստները Չինաստանի տիրապետության ներքո են, ապա կարելի է ասել, որ հաջողվել է Հնդկաստանի ծովային ելքը շրջափակել: Հետեւաբար, Հնդկաստանի համար այլընտրանք է դառնում ցամաքային ճանապարհը, սակայն դեպի արեւմուտք այն արգելափակվում է Պակիստանի կողմից: Այսինքն, լուրջ խոչընդոտ կա դեպի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի շուկա մուտք գործելու համար:
Այսպիսով, Իրանն ու Հայաստանն են Հնդկաստանի կողմից դիտարկվում որպես դարպասներ դեպի Եվրոպա, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա: Ուստի, Հնդկաստանը միակ մեծ տերությունն է, որն այս հարթությունում ռազմավարական կախվածություն ունի Իրանից, հետեւաբար նաեւ` Հայաստանից: Իրանը Հնդկաստանին անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանով ու Վրաստանով Եվրոպա մուտք գործելու համար, այլեւ՝ Աֆղանստան եւ Կենտրոնական Ասիա: Թերեւս, սա է գլխավոր պատճառը, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանն անմիջապես հայտարարեց, թե մտադիր է Հայաստանով ու Վրաստանով ճանապարհ կառուցել դեպի Սեւ ծով:
Ավելի մանրամասնենք Իրանի մասով. Հնդկաստանին հետաքրքրում է Իրանի Չաբահար նավահանգիստը երկու պատճառով` առաջին հերթին Հյուսիսային Եվրոպա հասնելու, այնուհետեւ՝ Աֆղանստան ու Կենտրոնական Ասիա: Հնդկաստանի դարավոր թշնամի Պակիստանը փակուղի մտցրեց այդ երկրի ծրագրերը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, ինչը պայմանավորված էր Աֆղանստանում թալիբների իշխանության գալով: Իսկ Ադրբեջանում ակտիվացումով փորձում է խոչընդոտել դեպի Հյուսիսային Եվրոպա ճանապարհին:
Հնդկաստանի ակտիվությունը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում, անխոս, նկատելի է դառնում այն առումով, որ հնդկական տնտեսական մեգածրագրերի իրականացման տեսանկյունից կարեւոր նշանակություն է ստանում Հայաստանը` ի դեմս Սյունիքի մարզի: Վերջինիս կարեւորությունը շատ լավ հասկանում է հնդկական կողմը, եւ պաշտոնական Դելին, վստահաբար, ամեն ջանք կներդնի սեփական ծրագրերի իրագործումով հակահարված հասցնելու նաեւ իր ախոյան Պակիստանին: Հնդկաստանի վարչապետ Ն. Մոդիի պնդմամբ` Իրանի ու Հայաստանի տարածքով ծրագրերն իրականացնելը ոչ միայն տնտեսական ու աշխարհաքաղաքական բովանդակություն ունի, այլեւ գաղափարական:
Հնդկաստանի շահագրգռվածությունը Հայաստանին ներգրավելու իր ծրագրերի մեջ մեզ համար եւս մեկ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր դերը տարածաշրջանում եւ իրացնելու ազգային շահը: Կարծում ենք, ինչպես Իրանի, այնպես էլ Հնդկաստանի համար կարող է «կարմիր գիծ» լինել տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն: