Միանշանակ է, որ Սոչիում կազմակերպված հանդիպման հիմնական նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գոտում լարվածության թուլացումն էր: Այն ակնառու էր եռակողմ եւ երկկողմ հանդիպումների արարողակարգային տեսանյութերից ու ամփոփիչ ասուլիսից: Սակայն այդ մի քանի րոպեանոց տեսագրություններում անգամ Ադրբեջանի ղեկավարն արեց հայտարարություններ, որոնք մեծ հարցական նշան են դնում այն հավաստիացումների վրա, ըստ որոնց՝ այդ երկիրը պահպանելու է հրադադարը չխախտելու` ձեռք բերված հերթական պայմանավորվածությունները եւ հրապարակայնորեն տված խոստումները: Սա էլ այն դեպքում, երբ այդ հանդիպումների հիմնական շահառուն հենց Ռուսաստանն է, քանի որ սահմանային զինված միջադեպերը ՀԱՊԿ-ի անդամին՝ Հայաստանին են առնչվում, ավելին՝ մեր երկրում է ռուսական 102-րդ ռազմաբազան:
Այդ առումով հատկապես վտանգավոր ենթատեքստ ուներ Ալիեւի այն հայտարարությունը, ըստ որի` Սյունիքում հայ-ադրբեջանական զինված ուժերի բախումները դուրս են ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության շրջանակներից: Ադրբեջանի առաջնորդն այդ հայտարարությամբ նախ փաստեց, որ փակ քննարկումների ժամանակ Վլադիմիր Պուտինը կոշտ շեշտադրում է արել սահմանային միջադեպերի խնդրի վրա: Մյուս կողմից էլ` եթե կուլիսային բանակցություններում ՌԴ նախագահը Ալիեւի այդ մանկական արդարացման փաստով հիմնավոր բացատրական աշխատանքներ չի տարել, ապա կնշանակի, որ Ադրբեջանը հետայսու էլ ռազմական սադրանքների կդիմի իր առաջնորդի հայտարարած` ՌԴ խաղաղապահ զորախմբի իրավասության գոտուց դուրս:
Սակայն իրականությունն այն է, որ եթե Հայաստանի արեւելյան սահմանները դուրս են ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտուց, ապա ՌԴ-ի ղեկավարած ռազմաքաղաքական բլոկի՝ ՀԱՊԿ-ի սահմանին են, ավելին, այդ սահմաններից ներս է ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ Սոչիի հանդիպման կազմակերպիչը Հայաստանի հետ ունի ռազմական փոխօգնության կնքված միջպետական համաձայնագրեր: Հետեւաբար՝ Ադրբեջանի ցանկացած նման սադրանք առաջին հերթին հարվածում է ՌԴ հեղինակությանը, եւ նման արդարացումը, ըստ առողջ դատողության, պետք է որ չընդունվեր ռուսական կողմից: Այնուամենայինիվ, հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ նոր հայտարարության բովանդակությունից եւ ամփոփիչ ասուլիսից երեւում է, որ Ադրբեջանը հասկացել է ռուսական կողմի ներկայացրած փաստարկներն ու բացատրությունները, եւ մնում էր հուսալ, որ այդ ընկալումը մինչեւ Ալիեւ-Էրդողան հեռախոսազրույցը չէր տեւելու:
Եռակողմ բանակցությունների հրապարակային կողմից պարզ չդարձավ, թե, արդյոք, վերացվե՞լ է այդ ռազմական բախումների պատճառը, որը, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին մամուլի ասուլիսում ներկայացված փաստերից, միջանցք բացելուն համաձայնելու համար Հայաստանի վրա ճնշման համատեքստում կարելի է միայն դիտարկել: Ինչպես հնչեցրեց ՀՀ վարչապետը՝ Ադրբեջանը հանդիպումներում հայտարարել է, որ միջանցքին չհամաձայնելու դեպքում ուժով կբացի այն: Թերեւս, այդ տրամաբանության մեջ կարելի է դիտարկել Նախիջեւանի հետ Ադրբեջանի արեւմտյան ամենամոտ սահմանագծին հրահրած ռազմական գործողությունները: Այստեղ քննարկման առարկա չենք դարձնի այն իրողությունը, որ ՀՀ զինված ուժերը կոշտ պատասխան են տվել Բաքվի սադրանքներին, եւ այն առավել կոշտ է լինելու նման ցանկացած նոր սադրանքների դեպքում:
Բոլոր դեպքերում՝ եռակողմ հանդիպման ամփոփիչ ասուլիսում Ալիեւը չօգտագործեց միջանցք արտահայտությունը, այլ օգտվեց «տրանսպորտային երակ» ձեւակերպումից, բայց վերադառնալով Բաքու, Էրդողանին զեկուցելով ամեն ինչ եւ արդեն հաջորդ օրը ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում` նա հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնում, որից կարող են օգտվել նաեւ այդ կազմակերպության երկրները: Նույն համաժողովում Էրդողանը թյուրքալեզու երկրներին կոչ է արել լիովին աջակցել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջների հարցում: Նկատենք, որ վերջին հայտարարությանն օպերատիվ արձագանքեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի առաջատար թերթի՝ «Le Figaro»-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը՝ «Թվիթերի» իր էջում գրելով. «Սյունիքը Հայաստան է. Էրդողանը` պատերազմի հրձիգ»։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումն այլընտրանք չունի, սակայն մյուս կողմից էլ շեշտվել է, որ դրանք չեն կարող լինել տվյալ պետությունների իրավասություններից դուրս, հակառակ դեպքում դա կնշանակի սուվերեն պետության միջազգային ճանաչված սահմանների խախտում: Հայաստանը դրան, բնականաբար, երբեք չի համաձայնի: Ի դեպ՝ միջանցքի գաղափարին կտրականապես դեմ է նաեւ Իրանը, ինչի մասին յուրաքանչյուր պատեհ առիթի հայտարարում է այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Նույն Տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարեց. «Մենք նաեւ կարծում ենք, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխություն ոչ միայն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը, այլեւ ապագայում հետագա լարվածության ճանապարհ կհարթի»:
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրանցի երկու վարորդի ձերբակալման հայտնի միջադեպից հետո եւ Իրանի խոշորամասշտաբ զորավարժություններից ազդված կտրուկ շրջադարձ կատարեցին դեպի Թեհրան, բայց դա չի կարող որեւէ ազդեցություն ունենալ միջանցքի հարցում վերջինիս դիրքորոշման վրա: Այս կարճ ժամանակահատվածում Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունեցավ, Ադրբեջանի պաշտոնյաները շտապեցին այցելել Իրան, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք բազմաթիվ խոստումներ ու վստահեցումներ փոխանցեցին իրենց պարսիկ գործընկերներին: Սակայն իրանյան ուժեղ, ավանդական դիվանագիտությունը լավ գիտի, որ խոսքերին վստահել հնարավոր չէ եւ, դիվանագիտական արարողակարգով առաջնորդվելով ու քաղաքավարությունից ելնելով` դրական գլխի շարժումով արձագանքելով դրանց, լավ է հասկանում, որ Հայաստանի տարածքով ցանկացած միջանցք Իրանի շրջափակման տրամաբանության մեջ է: Հետեւաբար՝ Թեհրանը երբեւէ չի համաձայնի դրան եւ նման վտանգը կանխարգելելու համար կդիմի ցանկացած միջոցի:
Ինչ վերաբերում է միջանցքն ուժով բացելու Ադրբեջանի հայտարարություններին, ապա դա լրիվ այլ թեմա է: Այն ոչ միայն սպառնալիք է` ուղղված Հայաստանին, այլ նաեւ՝ Ռուսաստանին: Նման գործողություններ լինելու դեպքում ՌԴ-ն պարտադրված կլինի միջամտել, քանի որ հակառակ դեպքում դա կնշանակի ՀԱՊԿ ձեւաչափի չեղարկում, ինչը հակասում է Ռուսաստանի շահերին: Ռազմական բախումն անխուսափելի կդարձնի նաեւ Իրանի ռազմական միջամտությունը: Այլ կերպ ասած՝ նման զարգացումները բերելու են խոշոր պատերազմի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով: