«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի առաջին հյուրն է ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքիայի ունեցած դերը տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի վրա, առիթ են դառնում մեկ անգամ եւս անդրադառնալու այդ պետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած գաղափարախոսություններին եւ, իհարկե, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ որպես քաղաքական գործիչ կայացման ճանապարհին։ 2002 թվականին, երբ Էրդողանը դարձավ Թուրքիայի վարչապետ, իսկ 2014 թ. օգոստոսի 28-ին՝ նախագահ, այդ երկրի համար բավական ակտիվ եւ բուռն զարգացումներով հարուստ էջ բացվեց։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ Էրդողանը, որպես ղեկավար, առանձնանում է նախորդներից։ Իր համախոհների հետ նա ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության ղեկավարների երրորդ սերունդը։ Առաջին սերունդն Աթաթուրքն էր՝ իր ընկերներով, ովքեր, ըստ էության, շարունակում էին երիտթուրքերի քաղաքականությունը.«Աթաթուրքն ու իր մերձավորները եղել, են երիտթուրքական կուսակցության, իսկ ընկերներից շատերը՝ «Թեշքիլաթմահսուսե» հատուկ կազմակերպության անդամներ, որը ցեղասպանության տարիներին զբաղվում էր հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ։ Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուն, ինչպես նաեւ նախագահ Ջելալ Բայարը նույնպես երիտթուրքական կուսակցության ակտիվ անդամներ են եղել ինչպես Աթաթուրքը, այսինքն՝ մինչեւ 1960 թվականը Թուրքիան ղեկավարվել է երիտթուրքական կուսակցության անդամների կողմից»։
Երկրորդ սերունդը թուրքագետն անվանում է Սառը պատերազմի սերունդ, քանի որ նրանք, որպես պետական-քաղաքական գործիչներ, ձեւավորվել են Սառը պատերազմի պայմաններում։ Երբ աշխարհը երկբեւեռ էր, ներկայացնում էին Արեւմուտքը, իսկ Խորհրդային Միությունը նրանց համար բնական թշնամին էր։ Թուրքիայի ղեկավարների երրորդ սերունդն արդեն Էրդողանն է՝ իր համախոհներով, որոնք իշխանության եկան 21-րդ դարի սկզբին։ Ուշագրավ է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստեղծվել է 2001 թ. օգոստոսին, իսկ ուղիղ մեկ տարի անց եկել է իշխանության։ «Այս սերնդի առանձնահատկությունն այն է, որ նրանք ոչ թե արեւմտամետ են, այլ ի սկզբանե հանդես են եկել որպես իսլամամետ, բայց վերջին շրջանում, հատկապես երկու-երեք տարվա ընթացքում շատ կարեւոր փոփոխություններ տեղի ունեցան, եւ այսօր արդեն նրանց զգալի մասն Էրդողանի ղեկավարությամբ ներկայացնում է պանթուրքիզմը»,- նշեց արեւելագետը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Էրդողանի եւ նրա ղեկավարած կուսակցության հիմնական կոալիցիոն գործընկերը պանթուրքական «Ազգայնական շարժում» կուսակցությունն է։ Այդ կուսակցության ղեկավարն է թուրքական քաղաքականության վետերաններից Դեւլեթ Բահչելին, որը հայտնի է դեռեւս 70-ական թվականներից։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ըստ հարցումների, կորցնում է իր ձայները, իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ պանթուրքական մտածելակերպ ունեցողները նախընտրում են իրենց ձայները տալ Էրդողանին, քանի որ արդեն Բահչելիի փոխարեն Էրդողանին են տեսնում որպես պանթուրքիզմի մարմնավորող գործչի։ «Ներկայումս Էրդողանն իր հայացքներով ե՛ւ իսլամամետ է, ե՛ւ պանթուրքիստ։ Նրա անցած ուղին հետաքրքիր է այն առումով, որ կտրուկ տարբերվում է նախորդ ղեկավարներից։ Էրդողանն աշխարհիկ բարձրագույն կրթություն, որպես այդպիսին, չի ստացել, նա իր կյանքի ուղին սկսել է որպես ֆուտբոլիստ, երիտասարդ տարիքում Էրդողանը տեղական ակումբի կիսապրոֆեսիոնալ խաղացող էր։ Արդեն հետագայում մտել է իսլամամետ մտածողների երիտասարդության շրջանակը եւ կրթություն ստացել Իմամ հաթիփի դասընթացներում, որոնք պատրաստում էին մզկիթների սպասավորներին։ Այդտեղ է նա ձեւավորվել որպես անհատ, այսինքն՝ որպես իսլամամետ երիտասարդ եւ կարողացել մտնել քաղաքական դաշտ»,- մանրամասնեց զրուցակիցս։
Էրդողանի քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել «Քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը։ 1980-ականների կեսերին նա ընդունվում է «Բարօրություն» կուսակցության շարքերը, որի ղեկավարը Էրբաքանն էր, եւ դառնում է նրա արտոնյալ աշակերտը։ Թուրքագետը հավանական համարեց, որ այդ շրջանում Էրդողանը անդամակցած լինի նաեւ մահմեդական եղբայրություններին, որոնք Թուրքիայի քաղաքական կյանքում շատ մեծ դեր են կատարում, սակայն, ցավոք, այդ թեման շատ քիչ է ուսումնասիրված մեզանում։ Մասնավորապես՝ այդ եղբայրությունները, որոնց թուրքերեն անվանում են թարիքաթներ, կազմված են մոլեռանդ մահմեդականներից, վերջիններս հատուկ աշխարհընկալում ունեն եւ իրենց նվիրում են իսլամին՝ անցնելով բավական բարդ ճանապարհ։ «Էրդողանը եղել է ջեմաթի անդամ, սա ավելի փոքր եղբայրություն է եւ մտնում է թարիքաթների մեջ։ Այստեղից նա, իր սովորության համաձայն, կռվել, հեռացել է։ Էրդողանը իր բնույթով կռվարար, անհանդուրժող մարդ է։ Փաստորեն, իր համար հոգեւոր ուսուցիչներ են եղել ոչ թե այդ թարիքաթի շեյխերը, այլ Դեւլեթ Բահչելին, որն Էրդողանի հոգեւոր հայրն է։ Ահա այսպիսի ճանապարհ է անցել Էրդողանը գաղափարական առումով»,- հավելեց Սաֆրաստյանը։
Այս գաղափարական հենքը հատկանշական է Թուրքիայի ներկա կառավարող վերնախավի համար, որոնք իշխանության եկան որպես իսլամամետներ, սակայն հետագայում նրանց մոտ սկսեցին զարգանալ նեոօսմանականության գաղափարները, այսինքն՝ Օսմանյան կայսրության վերականգնման գաղափարները, որի առաջամարտիկներից մեկը Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ապա նաեւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էր։ Վերջինս աշխարհագրագետ է կրթությամբ եւ իր տեսակետներն ամփոփել է «Ռազմավարական խորություն» աշխատության մեջ։
Եթե անգամ նա հեռանա
Էրդողանն իր հայացքները կարողանում է դարձնել քաղաքական գիծ Թուրքիայի համար։ Նա իր մեջ մարմնավորում է թուրքական քաղաքական գաղափարախոսության երեք հիմնական ուղղությունները՝ պանիսլամիզմը, պանօսմանիզմը եւ պանթուրքիզմը։ Տարբեր քաղաքական իրադրություններում նա կիրառում է այդ գաղափարախոսություններից որեւիցե մեկը։ Այս փուլում ակնհայտ է, որ Էրդողանի հիմնական գաղափարական հենքն արտաքին քաղաքականության մեջ պանթուրքիզմն է, որն իր արտահայտումն է գտնում մի շարք փաստերում։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Էրդողանի քաղաքական թատերաբեմից հեռանալուց հետո կփոխվի Թուրքիայի քաղաքականությունը, Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ հիմնականում՝ ոչ, որովհետեւ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան կարողացավ տնտեսական առումով բավական մեծ աճ արձանագրել, մինչեւ համավարակը միջին աճի տոկոսը կազմում էր 8 տոկոս, եւ Թուրքիան, փաստորեն, ՀՆԱ-ով զբաղեցնում էր աշխարհում 16-17-րդ տեղը, ինչը բավականին մեծ ցուցանիշ էր համարվում։ Այդպիսով՝ այդ երկիրը կարողացել էր տնտեսական առումով բավական մեծ ներուժ կուտակել, դրան գումարած՝ մեծացել է Թուրքիայի ռազմական ներուժը։ «Թուրքիայում զարգանում է ռազմարդյունաբերությունը, որի արտահայտությունն են հայտնի բայրաքթարները, բայց ոչ միայն դրանք։ Այդ երկիրն ունի ծավալապաշտական ագրեսիվ գաղափարախոսություն, ունի տնտեսական ու ռազմական ներուժ այդ ծավալապաշտական քաղաքականությունը շարունակելու համար նույնիսկ Էրդողանի քաղաքական թատերաբեմից հեռանալուց հետո։ Այստեղ կարեւորն այլ հարց է, որին անհրաժեշտ է անդրադառնալ. արդյոք կբավարարի՞ այդ ներուժը ծավալապաշտական քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար»,- ասաց արեւելագետը՝ հիշեցնելով, որ Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում տարբեր ուղղություններով՝ Աֆրիկայում, մասնավորապես՝ Եմենում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Բալկաններում, Սիրիայում։ Ելնելով այդ ամենից՝ զրուցակիցս կարծիք հայտնեց, որ Էրդողանի իրականացրած քաղաքականությունը չի կարող երկար պահպանվել, որովհետեւ կգա մի պահ, երբ Թուրքիայի ռեսուրսները պարզապես չեն բավականացնի։ Ռազմավարական առումով Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը չունի հեռանկար եւ կարող է հանգեցնել տնտեսական լարվածության աճի, որի նախանշաններն այս օրերին արդեն նկատվում են։
Պանիսլամիզմի թուրքական տարբերակը
Երբ թուրք սուլթաններն արաբներից խլեցին խալիֆի պաշտոնը, մինչեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն օսմանյան սուլթանը նաեւ իսլամական աշխարհի հոգեւոր առաջնորդն էր՝ խալիֆը, սակայն Աթաթուրքը վերացրեց խալիֆայությունն ու սուլթանությունը, եւ դրանից հետո արդեն հարյուր տարի իսլամական աշխարհը չունի առաջնորդ։ Տարբեր երկրներ առայսօր հավակնում են դառնալու իսլամական աշխարհի կարեւոր կենտրոնը, որոնց թվում են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, կամ իրենց ներկայացուցիչը լինի առաջնորդ, բայց դեռեւս՝ ապարդյուն։ Ներկա պայմաններում Սաֆրաստյանը չի կարծում, որ Թուրքիային կհաջողվի դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ պետություն, որովհետեւ արաբական աշխարհը չի ընդունում թուրքերին։ «Թուրքիան լավ է հասկանում, որ իրատեսական չէ իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու հավանականությունը եւ գնում է այլ ճանապարհով, որի մասին քիչ է խոսվում մեզանում, բայց շատ կարեւոր է: Իսկ այդ ճանապարհը հետեւյալն է. Էրդողանի հովանու ներքո նրա մտերիմներից գեներալ Ադնան Թանրըվերդին փորձում է ստեղծել «Ասրիկա» միավորը՝ որպես դաշնային պետություն (Ասիա եւ Աֆրիկա), որի կենտրոնը պետք է Ստամբուլը լինի։ Նպատակն է ուժեղացնել համագործակցությունն իսլամական երկրների միջեւ»,-պարզաբանեց թուրքագետը։ «Ասրիկան» միավորում է 61 իսլամական երկրներ Ասիայից եւ Աֆրիկայից եւ հասարակական կազմակերպություն է։ Այսինքն՝ Էրդողանը փորձում է ՀԿ-ների միջոցով միավորել իսլամական պետությունները՝ միաժամանակ նմանատիպ կազմակերպություններ ստեղծելով այդ երկրներում։ Տարին մեկ անգամ այս կազմակերպությունները, որոնք ղեկավարվում են Թանրըվերդիի կողմից, հավաքվում են Ստամբուլում եւ անցկացնում համաժողով, որին հազարավոր մարդիկ են մասնակցում իսլամական համարյա բոլոր երկրներից։ «Այստեղ հետաքրքիրն այն է, որ Թանրըվերդին ոչ միայն դրանով է զբաղվում, այլեւ ունի թուրք վարձկաններից կազմված կազմակերպություն՝ «Սադաթ» անունով, որոնց օգտագործում է ամենատարբեր շրջաններում՝ Լիբիայում, Սիրիայում, Եմենում եւ այլուր։ Փաստորեն, այդ կազմակերպությունը եւս նա տանում է ռազմականացման ուղղությամբ»,- շեշտեց նա։ Ի դեպ, վերջին համաժողովներից մեկի թեմաներից էր իսլամական աշխարհը ռազմարդյունաբերության ոլորտում ինքնուրույն դարձնելու հեռանկարի շուրջ քննարկումները։ Այսպիսով՝ ինչպես պանթուրքական, այնպես էլ՝ պանիսլամական ծրագրի շրջանակներում առանցքային տեղ է զբաղեցնում ռազմական բաղադրիչը։ Սա Սաֆրաստյանը պատահական չի համարում, քանի որ Օսմանյան կայսրությունը նույնպես ռազմականացված պետություն է եղել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով են համատեղվում պանիսմալիզմն ու պանթուրքիզմը, ապա այդ հարցը Թուրքիայի գաղափարական կյանքի կարեւոր խնդիրներից է եղել դեռեւս 20-րդ դարի սկզբից. «Դրանք շատ դեպքերում հակադիր ուղղություններ են, բայց 1980-ական թվականներին մի հայեցակարգ ձեւավորվեց, որը կոչվեց «Turk-İslam Sentez», այսինքն՝ թյուրքականի եւ իսլամականի սինթեզ, որը փորձեց համատեղել այդ երկու ուղղությունները եւ ծառայեցնել մեկ նպատակի՝ Թուրքիայի հզորացմանը։ Հիմա, ըստ էության, Էրդողանը փորձում է հենց այդ հայեցակարգի վրա կառուցել իր քաղաքականությունը, որը նրան հաջողվում է»։