Արեւմտյան ԶԼՄ-ների մեծամասնության կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական քաղաքականությունը երկիրը տանում է դեպի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժամ: Թուրքիայում աճում են բողոքի տրամադրությունները, իսկ Էրդողանի դեմ սկսում են հանդես գալ նույնիսկ աջերն ու ազգայնական շարժումները: «The New York Times»-ը կարծում է, որ ամեն ինչի մեղավորն Էրդողանի կոշտ միջամտությունն է ֆինանսական քաղաքականությանը եւ տոկոսադրույքների արհեստական իջեցմանը, ինչը հանգեցրել է թուրքական լիրայի արժեզրկման: Այս տարվա ընթացքում լիրան կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի 45 տոկոսը եւ այսօր պատմական ռեկորդային ցածր ցուցանիշի վրա է. 1 դոլարն արժե 14.5 լիրա: Ուշագրավ է, որ լիրան դոլարի նկատմամբ իր արժեքի 25 տոկոսը կորցրել է միայն նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածում:
Ռեկորդային արժեզրկման հետեւանքով կտրուկ ընկել է բնակչության կենսամակարդակը, ոչ միայն ամենաաղքատ շերտերի, այլեւ միջին խավի: Քաղաքներում հերթեր են գոյանում հացի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, երկրի տարբեր ծայրերում տեղի են ունենում բողոքի ցույցեր: Ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական ղեկավարության փոփոխության եւ արտահերթ ընտրությունների կոչ են անում: Թուրքիայի առաջադեմ արհմիությունների կոնֆեդերացիան հայտարարել է, որ աշխատողների համբերությունը սպառվել է, կառավարության տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է գործազրկության, գների ու կենսական ծախսերի աճին եւ հսկայական բեռ է դրել բնակչության ուսերին։
Դիտորդները չեն բացառում, որ Էրդողանը կարող է երկրում արտակարգ դրություն մտցնել, որպեսզի թուլացնի բողոքի ալիքը եւ խլացնի ընդդիմության ձայնը: Չնայած այն բանին, որ նրա վարկանիշն անշեղորեն անկում է ապրում, Էրդողանը մտադիր չէ արտահերթ ընտրություններ անցկացնել եւ ցանկանում է ամեն գնով դիմանալ մինչեւ հերթական նախագահական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն 2023 թ. հունիսին: Քաղաքական բռնաճնշումների նախանշաններն արդեն առկա են. լրտեսության մեղադրանքով բանտ է նետվել հայտնի լրագրող եւ ընդդիմադիր նոր՝ «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» կուսակցության լիդերներից մեկը՝ Գյուրքան Մեթինը:
Միանգամայն ակնհայտ է, որ Էրդողանը կորցնում է բնակչության աջակցությունը: Աղքատության աճն ու տնտեսության մեջ եղած խնդիրներն անհանգստացնում են բնակչությանը: Տնտեսական կուրսի ճշմարտացիության հարցում կասկածներ են սկսում արտահայտել նաեւ Էրդողանի կողմնակիցները: Օրինակ՝ «Hurriyet» թուրքական խոշորագույն թերթերից մեկի լրագրող Աբդուլկադիր Սելմին: Նա ահազանգ է հնչեցրել՝ կապված այժմյան տնտեսական քաոսի քաղաքական լուրջ հետեւանքների հետ:
Հատկանշական է, որ Էրդողանի քաղաքականության դեմ արդեն բացահայտ բողոքում են նրա նախկին կողմնակիցներից շատերը՝ աջ ազգայնականներից: Նրանք բոլորը հայտարարում են, որ համաձայն չեն իշխող դաշինքի՝ «Ազգայնական շարժում» եւ նախագահի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունների քաղաքականության հետ: Այսպես՝ նոյեմբերի 28-ին թուրքական «աջերի» պատմական լիդեր Ալփարսլան Թյուրքեշի հիշատակին նվիրված արարողության ժամանակ բանը հասել է բացահայտ բախումների Էրդողանի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ: Իշխող դաշինքի քաղաքականությունը կտրուկ քննադատել է հանրահայտ աջ քաղաքական գործիչ Մերալ Աքշեները՝ Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավարը:
Չնայած թուրքական հասարակության աճող դժգոհությանը, Էրդողանը համառորեն պաշտպանում է տոկոսադրույքների արհեստական նվազեցման իր քաղաքականությունը՝ որպես տնտեսական աճի հիմնական խթան եւ կտրականապես հրաժարվում է փոխել այդ կուրսը։ Նոյեմբերի վերջին, երբ լիրայի փոխարժեքի հերթական անկումն արձանագրվեց, եւ Թուրքիայի կենտրոնական բանկը կրկին նվազեցրեց տոկոսադրույքը, Էրդողանը հանդգնորեն հայտարարեց, որ Թուրքիան «տնտեսական պատերազմ է մղում անկախության համար»։ Ի հեճուկս շատ տնտեսագետների եւ ընդդիմադիր կուսակցությունների կարծիքի՝ Էրդողանը եւ կենտրոնական բանկի ղեկավար Սահաբ Քավջիօղլուն շարունակում են տոկոսադրույքների նվազեցման եւ դրամավարկային խթանման իրենց քաղաքականությունը։ Վերջին երկու տարում Էրդողանն աշխատանքից ազատել է ԿԲ-ի գրեթե բոլոր ղեկավարներին եւ պաշտոնյաներին, ովքեր հանդես էին գալիս տոկոսադրույքների իջեցման դեմ:
Այս տարվա նոյեմբերին Թուրքիայում գնաճի մակարդակը պաշտոնապես կազմել է 19 տոկոս, սակայն վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ այն զգալիորեն ավելի բարձր է։ Տոկոսադրույքների նվազեցման եւ լիրայի արժեզրկման հետեւանքով կտրուկ աճել են ներմուծվող բոլոր, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Ապրանքների դեֆիցիտի եւ սակավության պատճառով թուրքական մի շարք առեւտրային ցանցեր սահմանել են առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների վաճառքի քվոտաներ, ինչպիսիք են շաքարավազը, ալյուրը, բուսական յուղը եւ սուրճը: Թուրք ֆինանսական փորձագետ Ուղուր Գյուրշեսի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա ամիսներին բնակչության կենսամակարդակը կնվազի, իսկ գները կշարունակեն բարձրանալ։
Թեեւ կառավարությունը ձգտում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, այն, միեւնույն է, դեռ գնաճից ցածր կմնա։ Ներկայումս Թուրքիայում նվազագույն մաքուր աշխատավարձը կազմում է 220 ԱՄՆ դոլարին համարժեք լիրա, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմում էր 382 դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2016 թ. նվազագույն աշխատավարձը մոտենում էր 550 դոլարին, եւ այդ ցուցանիշն ավելի բարձր էր, քան եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունգարիան կամ Բուլղարիան։ Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում նվազագույն աշխատավարձ ստանում է մոտ 6 միլիոն մարդ։ Ըստ «Salary explorer» կայքի՝ Թուրքիայում միջին աշխատավարձը 7830 լիրա է, նվազագույնը՝ 1980։
Թուրքիայում ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլեւ բնակարանների թանկացումներ են դիտվում։ Բնակարանի վարձակալությունն անմատչելի է դառնում անգամ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Ավտոմեքենաների, էլեկտրոնիկայի, բնակարանների եւ հանգստի գների բարձրացումը միջին խավին զրկում է բարգավաճման սովորական ատրիբուտներից, էլ չասած մշակութային միջոցառումների եւ զվարճանքի ծախսերի մասին: Ուշագրավ է, որ բնակչության աղքատացման ֆոնին ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը հանգեցրել է կտրուկ տնտեսական աճի, որն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է ռեկորդային՝ 21.7 տոկոս, իսկ հոկտեմբերին՝ ավելի քան 20 տոկոս։ Թուրքիան այս ցուցանիշներին հասնելու համար արժանացել է Համաշխարհային բանկի գովասանքին։ Լիրայի փոխարժեքի անկումը թուրքական արտահանումը դարձրել է չափազանց էժան, ուստի այն մեծ պահանջարկ է վայելում համաշխարհային շուկաներում։ Մի շարք դիտորդներ նույնիսկ սկսել են Թուրքիան համեմատել Չինաստանի հետ։
Այդուհանդերձ, տնտեսագետները կարծում են, որ արտահանման բումը, պայմանավորված արժույթի էժանությամբ, ի վերջո, ծանր ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Լիրայի փոխարժեքի շարունակական անկումը հանգեցնում է արտադրական մեխանիզմների խախտման։ Թեեւ մի շարք արտահանողներ եւ արտադրողներ ժամանակավորապես շահել են լիրայի անկումից, ընդհանուր տնտեսության համար հետեւանքները չափազանց ծանր կլինեն: Թուրքիան ներմուծում է բոլոր էներգակիրները եւ արտադրության համար հումքը, ինչպես նաեւ մեքենաշինության համար արտադրանքն ու տեխնոլոգիաները։ Արժեզրկված լիրայի դեպքում հետագա ներկրումները չափազանց ծախսատար կլինեն:
Լոնդոնյան «Financial Times»-ի համաձայն՝ այժմյան տարադրամային ճգնաժամը, ընդհանուր առմամբ, կապված է Էրդողանի քաղաքականության հետ: Թուրքիայի ղեկավարի ավելի ու ավելի անկանխատեսելի գործողությունները, ով լիովին վերահսկում է կենտրոնական բանկը, ստեղծում են անկայունության մթնոլորտ եւ վախեցնում ներդրողներին։ Իսկ բոլոր դժբախտությունների մեջ Էրդողանը մեղադրում է «արտաքին թշնամիներին»։ Թուրքիայի նախագահի սխալները ճակատագրական կերպով զուգորդվում են զարգացող շուկաներից կապիտալի դուրսբերման համաշխարհային միտումի հետ, լինի Թուրքիան թե Պակիստանը։ Այս ամենը կարող է շատ վատ ավարտ ունենալ: Գնաճը տարեկան կազմում է մոտ 20 տոկոս, բայց Էրդողանը համառորեն առաջ է մղում իր գիծը։ Այս պայմաններում Թուրքիայի քաղաքացիներն իրենց խնայողությունները փրկելու համար սկսում են տարադրամ գնել։ Ողջ խնդիրն այն է, թե որքան ժամանակ Էրդողանը կմնա իշխանության ղեկին, եւ որքան վնաս նա դեռ կհասցնի ազգային տնտեսությանը։