27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ արցախյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել էին Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Փաստաթղթի ընդունումն այն ժամանակ եւս հնարավոր էր դարձել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ:
Համաձայնագրի ստորագրման 27-ամյակի կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երեկ տարածել էր հայտարարություն՝ նշելով. որ «Անժամկետ համաձայնագիրը, որի շնորհիվ կասեցվել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի առաջին ռազմական ագրեսիան, միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես այն ստորագրած կողմերի համար պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը կանխելու եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու կարեւոր գործիք»։
Մինչդեռ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որով կոպտորեն խախտեց 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը եւ դրան հաջորդած պայմանավորվածությունները։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանն իր գործողություններով խախտել է նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ինչպես նաեւ ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի եւ ամբողջ միջազգային հանրության առջեւ ստանձնած հանձնառությունները։ Մասնավորապես՝ Բաքուն խախտել է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու ժողովուրդների իրավունքը, միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։ Կարծում ենք, որ սրանով Ադրբեջանը ոտնահարել է միջազգային հանրության եւ կառույցների կողմից ընդունելի իրավաքաղաքական կարգը՝ դրանով իսկ վտանգելով այն։ Սա մարտահրավեր է նաեւ գոյություն ունեցող միջազգային իրավակարգին։ Հետեւաբար, այն զգուշավոր, հպանցիկ կամ երկակի հայտարարություններն ու նախաքայլերը, որոնք չեն կարող զսպել ագրեսորին, պետք է վերանայվեն։
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ Ադրբեջանի հակաիրավական գործողությունները հանցագործություններ են, որոնք ենթակա են միջազգային իրավական պատասխանատվության։ Այսինքն՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից: «Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաեւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետեւանք են։ Վերոհիշյալ ձեւով պարտադրված եւ, հետեւաբար, անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային եւ պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից»,- ասված է հայտարարության մեջ։
Աներկբա է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետեւանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակում, ինչպես նաեւ բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով։
Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, Ադրբեջանը չի էլ պատրաստվում կանգ առնել, առավել եւս՝ խաղաղ համագոյակցությանն ուղղված քայլեր կատարել։ Արդեն հայտնի է, որ Ադրբեջանում մայիսի 16-20-ն անց են կացվելու զինավարժություններ, որոնց, ըստ այդ երկրի ՊՆ-ի, մասնակցելու է առավելագույնը 15 հազար զինծառայող, մինչեւ 300 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 400 հրթիռահրետանային կայանք, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետներ եւ հակատանկային զենքեր, մինչեւ 50 տարբեր նպատակների ռազմական ավիացիայի եւ անօդաչու թռչող սարքերի միավորներ։ Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնելու են նաեւ «անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելու եւ ահաբեկիչներին չեզոքացնելու հակահարվածային գործողություններ»: Կարծում ենք՝ ավելորդ է մեկնաբանել, որ նրանք այդպես են ներկայացնում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եւ մեր հայրենիքը պաշտպանող հայ զինվորին։
Բարոյահոգեբանական ճնշումը մեծացնելու նպատակով երեկ Արցախի բերդաքաղաք Շուշիում անցկացվել է երաժշտական փառատոն, որին ներկա է գտնվել Ադրբեջանի բռնապետը։