Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում ստորագրեց Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին դեկլարացիայի հաստատման վերաբերյալ, ադրբեջանական զինուժը հատեց շփման գիծն արցախյան Փարուխ գյուղի տարածքում՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Մինչ այդ Ադրբեջանը խուսափում էր դիմել ռազմական գործողությունների՝ վախենալով Ռուսաստանից, որի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իլհամ Ալիեւը փետրվարի 22-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունից 2 օր առաջ, դաշնակցային հարաբերությունների մասին դեկլարացիա է ստորագրել: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի ու ՌԴ-ի հետ համանման փաստաթղթերի ստորագրումը Բաքվին նվազագույնը դժվար դրության մեջ կդնի, եթե այդ պետությունների հետաքրքրությունները հակասության մեջ հայտնվեն, եւ նրանց հարաբերություններում տարաձայնություններ առաջանան…
Անցյալ տարեվերջին, երբ Արեւմուտքն արդեն օրեր էր նշում, թե երբ տեղի կունենա ՌԴ զինված ուժերի ներխուժումն Ուկրաինա, Թուրքիան Ստամբուլից 90 կմ հեռավորության վրա գտնվող Կորֆեզե քաղաքի այգին անվանեց Ջոհար Դուդաեւի անունով: Նույն այգում տեղադրվեց 1996 թ. զոհված չեչեն անջատողականների ղեկավարի արձանը: Հասկանալի է՝ Անկարան փորձում էր հետազոտել, թե անջատողական տրամադրությունները Չեչնիայում որքանով են այս պահին ուժեղ, որպեսզի նախանշվեին այն ուղղությունները, որոնք Հարավային Կովկասում Արեւմուտքը կարող էր օգտագործել ՌԴ-ի հետ հնարավոր ռազմական գործողությունների ընթացքում: Անկարայի քայլը ճիշտ գնահատականի արժանացավ Մոսկվայում: Հնարավոր բոլոր մակարդակներով դատապարտվեց Դուդաեւի մեծարումը Թուրքիայում: Դրան անդրադարձավ նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Իսկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրանքով դիմեց ՌԴ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական պատասխան տալու Անկարայի գործողություններին, իսկ ինքը սպառնաց, որ Գրոզնիում կկանգնեցնի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի արձանը: Պարզ է նաեւ, որ Կորֆեզեի քաղաքապետարանն այգու անվանափոխության վերաբերյալ որոշում պարզապես չէր կայացնի՝ առանց «խորհրդակցելու» Էրդողանի հետ:
ՌԴ-ի կողմից այս քայլի դատապարտումը, ըստ էության, պատասխան էր, որ Չեչնիայում անջատողականներ չկան, եւ այնտեղ նման տրամադրությունների սերմանումն այսօր հնարավոր չէ: Կադիրովի կոշտ պատասխանը նույն տրամաբանության շրջանակներում էր: Էրդողանին ուղղված նրա հայտնի խոսքերը՝ կողմնորոշվելու՝ Թուրքիան ահաբեկիչներին հովանավորո՞ղ, թե՞ ՌԴ-ի հետ նորմալ գործակցող պետություն է, հստակ ցուցադրեցին, որ թուրքական ահաբեկչական քաղաքականության հնարավոր արձագանքները Չեչնիայում կանխատեսելի են…
Անկարան «թաթը» հետ քաշեց Չեչնիայից, բայց շարունակեց «թույլ կետի» որոնումները Հարավային Կովկասում: Հաջորդ գայթակղիչ ուղղությունը Վրաստանն էր, որին կարելի էր առաջնագիծ նետել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վերադարձի խոստումներով: Սակայն Վրաստանը հայտարարեց, որ չի միանում անգամ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հետ է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին Վրաստանում հակառուսական տրամադրությունների բացակայության պատճառաբանությամբ: Արեւմուտքին մնում էր Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով վերսկսել ռազմական գործողություններն Արցախում, որտեղ Ռուսաստանը խաղաղապահի առաքելություն է իրականացնում: Սա ՌԴ-ի դեմ Հարավային Կովկասը որպես երկրորդ ճակատ օգտագործելու Արեւմուտքի վերջին հնարավորությունն է, որը պարտադիր ենթադրում է Բաքվի ու Անկարայի համաժամանակյա ելույթ Հայաստանի ու Ռուսաստանի դեմ: Էրդողանի՝ Շուշիի դեկլարացիայի ստորագրումն ու ադրբեջանական զինուժի առաջխաղացումն Արցախում այն բանի վկայությունն են, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ ճակատի բացման ջահակրի պարտականություններն ստանձնել է Ադրբեջանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա ղեկավար Իլհամ Ալիեւը: Այս համատեքստում տեղեկատվություն է տարածվում, որ Վաշինգտոնը փորձում է 21 մլն դոլարով կրճատել Հայաստանին տրվող օգնության չափը…
Գաղտնի կեղտոտ խաղեր
Այս անգամ Ռուսաստանն անվանական նշեց եռակողմ հայտարարության խախտման իրական պատասխանատուի անունը եւ Ադրբեջանին կոչ արեց իր զորքերը վերադարձնել ելման դիրքեր: Բաքվի իշխանությունները ձեռքերն են թափ տալիս՝ փորձելով այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրականում ոչինչ չի կատարվում, մինչդեռ առաջին իսկ օրից Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարում է, որ իրավիճակը չափազանց լուրջ է: Բաքուն լկտիաբար իր առաջխաղացումն անվանում է «վերաբաշխում», Արցախի հայկական բանակի գործողությունները՝ «դիվերսիա», իսկ ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշումը՝ «եռակողմ համաձայնագրին հակասող», պահանջում է Արցախից հեռացնել հայկական զորքերն ու խաղաղապահ զորակազմը: Դա նշանակում է միայն, որ Բաքուն մասնակցում է գաղտնի խաղերի, որոնց նախաձեռնողները, ինչպես նշում են ռուսաստանյան աղբյուրները, ակնհայտ են:
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ԱԳՆ-ն միանշանակ հայտարարել է, որ հակառակորդը խախտել է շփման գիծը՝ խափանելով նաեւ Արցախի գազամատակարարումը: Ռազմական փորձագետները միաձայն պնդում են, որ Բաքուն կատարում է Անկարայի հրահանգները։ Դա ակնհայտ է նաեւ Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման համատեքստում, մասնավորապես՝ հայտնի «Բայրաքթար» անօդաչու սարքերի։ Այսինքն՝ տարբեր մակարդակներում պայմանագրեր կնքելով եւ դրանցում, իբր, վիճելի տեղեր գտնելով՝ Բաքուն փորձում է սակարկել Ռուսաստանի հետ։ Թուրքիան, իր օբյեկտիվ տնտեսական նկատառումներից ելնելով, հրաժարվել է մասնակցել հակառուսական նոր պատժամիջոցներին, բայց չպետք է մոռանալ, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ռուսաստանի արտաքին ու պաշտպանական քաղաքականության նախագահության անդամ Ալեքսանդր Լոսեւը համոզված է, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով մարտով հետախուզական գործողություն է իրականացնում՝ փորձելով հասկանալ, թե Մոսկվան այժմ որքանով է ի վիճակի վերահսկել իրավիճակն Արցախում: Իրադարձությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի գործընթաց է սկսվել՝ Մոսկվայի ուժերը թուլացնելու համար այն պահին, երբ նա կենտրոնացած է Ուկրաինայի ապառազմականացման ու նեոնացիստներից ազատագրման վրա:
Ռազմական հայտնի մեկնաբան Վիկտոր Բարանեցը վստահ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար միտումնավոր է խնդիրներ ստեղծում: «Չնայած այն բանին, որ Ալիեւը Պուտինի հետ հանդիպման ժամանակ երդվել է մեր բարեկամական հարաբերությունների մասին, հիմա Ադրբեջանն սկսել է այս հարձակումը, որպեսզի մեր խաղաղապահներին լրացուցիչ զորք ուղարկելու անհրաժեշտություն առաջանա, որովհետեւ հայերն օգնություն են խնդրում։ Մենք շատ լուրջ գործեր ունենք ուկրաինական ճակատում, իսկ հիմա պարզվում է, որ մեզ փորձում են երկու ճակատի բաժանել։ Ադրբեջանի կողմից սա տգեղ քայլ է: Իսկական գործընկերները նման բան չեն անում»,- ասել է փորձագետը։
Անկասկած, Բաքուն իր համար բավական վտանգավոր առեւտուր է սկսել: Եթե պատերազմը վերսկսվի, Ռուսաստանն ստիպված կլինի միջամտել, իսկ Մոսկվային հիմա նոր ճակատ պետք չէ։ Բայց միայն Էրդողանը չէ, որ հրահրում է Բաքվին: Կասկածի գոտում է նաեւ Վաշինգտոնը, որն ամեն կերպ ձգտում է երկարաձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ նոր ճակատներ բացել ՌԴ-ի համար: Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ն չի ցանկանում խառնվել եւ ամենակեղտոտ գործը հանձնարարում է հատուկ դրա համար նախատեսված «գործընկերներին»։
Անկասկած, առանց Թուրքիայի համաձայնության Ադրբեջանը նման գործողություն չէր իրականացնի: Դա ապակայունացնող գործոն է եւ ներառվում է ամերիկյան պլաններում:
Ինչպե՞ս կարելի է անվանել կանխամտածված եւ արհեստական էսկալացիան Արցախում, որտեղ տեղակայված է խաղաղապահ զորակազմը, այն պահին, երբ Ռուսաստանը ռազմավարական խնդիրներ է լուծում Ուկրաինայում: Այս հարցի պատասխանի տրամաբանական ձեւակերպումն Ադրբեջանին պետք է ստիպի վայրկյան առաջ ազատել զբաղեցրած նոր դիրքերը եւ հրաժարվել գործիք լինելուց թուրքական ցնորամիտ տեսլականի իրականացման փորձերում:
Ռուսաստանին լրացուցիչ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձը կեղտոտ ռազմավարություն է, սադրանք, որին Ռուսաստանը, բնականաբար, չի ենթարկվի, բայց եւ չի մոռանա։
Բաքուն՝ «սիոնիստական սպառնալիք»
Եթե, այնուամենայնիվ, փոքրիկ բախումները վերածվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների, Ադրբեջանին կդիմակայեն ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը: Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում իր հետաքրքրությունների մասին բացահայտ հայտարարել է Իրանը՝ հանդես գալով Ռուսաստանի ու Հայաստանի կողմից եւ Ադրբեջանից պահանջելով հրաժարվել հակամարտության էսկալացիայից: Եթե Բաքուն ու Անկարան մտածում էին Ռուսաստանին հարվածել թիկունքից, ապա հիմա նրանց համար չափազանց ռիսկային կլինի միաժամանակ կռվել ՌԴ-ի, Իրանի ու Հայաստանի դեմ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Բաքվի ու Երեւանի զինված հակամարտությունը կավարտվի Իրանի զինված ուժերի միջամտությամբ: Թեհրանը միաժամանակ Բաքվին անվանել է «սիոնիստական ռեժիմ», որի մեջ սպառնալիք է տեսնում իր ազգային անվտանգության համար: Այս հայտարարությունը թելադրված է այն բանով, որ տեղեկատվություն է տարածվել Ադրբեջանում, ավելի ճիշտ՝ արցախյան գրավված տարածքներում իսրայելական անօդաչուների տեղակայման մասին: Ըստ չհաստատված լուրերի՝ այդ անօդաչու թռչող սարքերը նախատեսված են իրանական միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունից հետո Իրանը զորավարժություններ է սկսել հյուսիսարեւմտյան շրջաններում:
Ռուսաստան Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցելության ընթացքում պաշտոնապես քննարկվել է թեման, որ Իսլամական Հանրապետությունը, ինչպես եւ Ռուսաստանը, չի ընդունում ղարաբաղյան պատերազմի արդյունքները եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական մերձեցման զարգացումը:
Բազային պատճառները երկուսն են: Նախ՝ Իրանում ադրբեջանցիները խոշորագույն էթնիկ փոքրամասնությունն են (նրանց ընդհանուր թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 30 տոկոսը), այդ համատեքստում Թուրքիայի պանթյուրքական էքսպանսիոն քաղաքականությունը Թեհրանի կողմից որպես սպառնալիք է ընկալվում: Արցախում Ադրբեջանի տարածքային ռեւանշի միջադեպն Իրանը դիտարկում է որպես սպառնալիք իր ինքնիշխանության համար՝ ենթադրելով, որ այդ սցենարը կկիրառվի նաեւ իր տարածքների նկատմամբ: Այդ իսկ պատճառով մարտին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախում, Իրանը ավելացրեց իր ուժերը սահմանին:
Երկրորդ՝ Թեհրանն Ադրբեջանի գործողություններում սպառնալիք է տեսնում իրանական առեւտրային ուղիների համար, իսկ երկրի համար, որը տասնամյակներով շրջափակման մեջ է, նման տարածքները ռազմավարական նշանակություն ունեն:
Բացի այդ, Իրանը երազում է վերականգնել համաշխարհային առեւտրային ուղիները (Մետաքսի ճանապարհ), իսկ դրանք անպայման պետք է անցնեն Արցախով ու Հայաստանի Հանրապետությունով: Թեհրանում հասկանում են, որ եթե Բաքվի ու Անկարայի՝ Արցախում վերահսկողություն սահմանելու պլաններն իրականություն դառնան, Իրանը կզրկվի ռազմավարական կարեւոր ենթակառուցվածքից, որը նրան կապում է Եվրոպայի հետ:
Վերը նշվածի պատճառով է բացահայտ հայտարարվել, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների էսկալացիայի դեպքում Իրանը հանդես կգա Բաքվի դեմ: Խաղադրույքի այսպիսի բարձրացումը վկայում է մտադրությունների լրջության եւ իրանցիների համար առեւտրային այդ ուղիների աննախադեպ կարեւորության մասին:
Ռուսաստանի համար, որը կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իրանական միջամտությունը, որը դեմ է Թուրքիայի պանթյուրքական էքսպանսիոն քաղաքականությանը, միանշանակ մեծ օգուտ է: Դա ուժի նոր կենտրոն է, որը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները: Իսկ ամենագլխավորն այն է, որ Իրանի դիրքորոշումն այսօր ապահովում է խաղաղությունն Արցախի Հանրապետությունում: Ռուսաստանն էլ ստիպված չէ ընտրություն կատարել ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի աջակցության եւ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացման շրջանում երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտության միջեւ: