Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից շփման գծի խախտման, արեւելյան ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ գյուղերի բնակիչները ժամանակավորապես տարհանվել են ու ապաստանել մայրաքաղաք Ստեփանակերտում, Ասկերանում եւ հարեւան այլ բնակավայրերում: Տղամարդիկ հիմնականում չեն կտրվել իրենց օջախներից եւ ՊԲ ուժերի հետ շարունակում են հերթապահել ու աջակցել խաղաղապահ զինծառայողներին՝ արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը: Թե առաքելության զորախմբի խողովակներով ինչպիսի քայլեր կձեռնարկվեն խաղաղապահների կողմից վերահսկվող պատասխանատվության գոտի ներխուժած ադրբեջանցի զինյալներին ելման կետ վերադարձնելու համար, դժվար է ենթադրել: Սակայն մի բան ակնհայտ է, որ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության՝ ռազմական գործողություններից հետո տեղահանված ընտանիքները պետք է վերադառնան մշտական բնակավայրեր: Այս պահանջի իրագործման մեջ վստահ լինելով՝ փառուխցիներն ու խրամորթցիները համոզված են, որ լիարժեք կապահովվի իրենց ընտանիքների անվտանգությունը, եւ մի օր կհաստատվեն հարազատ օջախներում:
Մեր հիշողություններում դեռ թարմ են ագրեսիային նախորդած թշնամու ահաբեկչական այն գործողությունները, որ ձեռնարկվել են սահմանամերձ երկու գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ: Չէին դադարում կրակոցները դաշտերում եւ այգիներում աշխատող մարդկանց ուղղությամբ, շարունակ բարձրախոսներից հայերեն հնչեցվող սպառնալիքներն ու զգուշացումներն ավելի էին լարում իրավիճակը, վտանգում նրանց ընտանիքների ճակատագրերը: Սակայն փառուխցիներն ու խրամորթցիները տներից «հեռացան» միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական զինված ստորաբաժանումները գրեթե իրենց գյուղի մատույցներում էին, եւ տարածք ներխուժումն անկանխատեսելի հետեւանքներով էր հղի:
Կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները, ինչի վերաբերյալ ԱՀ խորհրդարանը, արտգործնախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես են եկել հայտարարություններով, դատապարտել հակառակորդի վարքագիծն ու միջազգային կառույցներից պահանջել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա: Չնայած դրական արձագանքներին՝ հակառակորդն անզիջում է ու չի պատրաստվում կատարել խաղաղապահ զորագնդի հրամանատարության պահանջը: Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են, եւ փորձ է արվում «զսպման մեխանիզմների միջոցով» ադրբեջանական կողմին համոզել՝ հետ քաշվել եւ չսրել լարվածությունը:
Ակնհայտ է, որ տարհանված բնակիչների խնդիրներին ավելացել են բազում նոր հոգսեր, որոնց նկատմամբ անտարբեր չեն իշխանությունները: Ըստ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ ինչպես կառավարության, այնպես էլ Կարմիր խաչի արցախյան կառույցի կողմից նրանց անհրաժեշտ ֆինանսական աջակցություն է տրամադրվել, յուրաքանչյուր ընտանիքի սննդամթերք եւ այլ պարագաներ են բաշխվել: Ոմանց օգնություն է ցուցաբերվում եւ բարեգործական հիմնադրամների, անհատ անձանց կողմից: Սակայն, ինչպես ասում են, նման իրավիճակներում հայտնված մարդկանց առանձնապես հույս ու հավատ են ներշնչում բարոյական աջակցությունը, հարազատների եւ մտերիմների, հայրենակիցների կարեկցանքը, հոգատար եւ սրտացավ վերաբերմունքը, որ նրանք զգում են շարունակաբար: Ինչ խոսք (դա զգացվում է յուրաքանչյուրի հայացքում), իրենք կդիմակայեն ցանկացած զրկանքների, միայն թե րոպե առաջ հարազատ օջախ վերադառնան: Բայց քաջ գիտակցում են, որ հերթական փորձությունը հաղթահարելու համար համբերություն եւ կամք է անհրաժեշտ:
Հատկանշական է, որ ծերերը, կանայք ու երեխաներն են ժամանակավոր կացարաններում եւ մտերիմների տներում ապաստանում, իսկ տղամարդիկ առավելապես հերթապահում են՝ գտնվելով դիրքերում: Հասմիկ Անդրյանը, ով մանկավարժ է եւ երեխաների հետ վերջիններից մեկն է «լքել» Խրամորթ գյուղը, նշում է, թե տան պատշգամբից իր աչքով է տեսել, թե «թշնամին ջոկատներով ինչպես է տեղացած առատ ձյան միջով շարժվում Քարագլխի ուղղությամբ»: Նրա խոսքով՝ «բարձունքի աջ թեւին ազերիներն են տիրում, իսկ մյուս մասը մեր զինվորների վերահսկողության տակ է: Երկու շաբաթ է, ինչ ամուսինը տուն չի եկել, մյուս տղամարդկանց հետ դիրքերում է»: Չի կասկածում, որ նորից ծննդավայր է վերադառնալու երեխաների հետ, դասամատյանը թեւի տակ առած՝ նորից դպրոցի ճամփան է բռնելու…
Ամուսիններ Լեռնիկ եւ Գայանե Ավանեսյանների մտքով անգամ չէր անցնում, թե թշնամին կհայտնվի Քարագլխում ու կվտանգի Խրամորթ եւ Փառուխ համայնքների բնակչության անվտանգությունը: Իրողության հետ չեն հաշտվում: Երեխաներին տեղափոխել են Հովսեփավանում գտնվող բարեկամների մոտ, իսկ իրենք ամուսիններով, զենքը ձեռքներին, դիրքերում են: Գայանեն մասնագիտությամբ բուժքույր է եւ առաջին օգնությունն է ցուցաբերել ռազմագործողության ժամանակ վիրավորված տղաներին… «Տա Աստված, իմ կարիքը չզգացվի, եւ ոչ մի զինվոր չխոցվի, չվիրավորվի,- ասում է նա:- Բայց պատերազմի օրենքները, ցավոք, դաժան են, եւ միշտ չէ, որ հնարավոր է լինում հարվածից խուսափել»…
Դառը ճակատագրի հետ մեկտեղ՝ երբեմն նաեւ ուրախ անակնկալներն են ուղեկցում դժվար կացության մեջ հայտնված մարդկանց: Խրամորթցի Սեւակ Բաղդասարյանին դիրքերում են տեղեկացրել, որ կինը՝ Լիլիթը, «բարով-խերով ծննդաբերել է՝ չորրորդ աղջկանից հետո լույս աշխարհ բերելով Լեո որդուն»… Նրանց ուրախությանը չափ ու սահման չկա: Դիրքապահ ընկերները Սեւակին հնարավորություն են տվել տեսակցել փոքրիկին եւ ծննդատնից դուրս գրել՝ ծաղիկներով եւ օրհնանքի խոսքերով…
Թող Լեոների ծնունդը խաղաղություն ազդարարի Արցախ աշխարհում…