Արցախյան հիմնահարցը միշտ էլ եղել է ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը: Որքան էլ Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարեն, թե Արցախի ժողովրդի պայքարի հիմքում տարածքային պահանջն է, ընդ որում՝ Հայաստանի կողմից, միեւնույն է, առաջադեմ եւ սթափ մտածող միջազգային հանրությունը հասկանում է, որ դա այդպես չէ: 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ հիմնահարցը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի սրվեց Արցախի տարածքների բռնազավթմամբ եւ տասնյակ հազարավոր տեղահանվածներով, ապացուցեց թյուրքական պետությունների մատուցած այդ թեզի կեղծ լինելը: Իրենց ինքնորոշման համար պայքարի ելած արցախցիների՝ բռնագաղթած ներկայացուցիչների երկրորդ մեծ հոսքն է նաեւ այդ մասին փաստում: 44-օրյա պատերազմից հետո Հադրութից, Շուշիից եւ Արցախի մյուս շրջաններից գաղթածները համալրեցին Արցախյան առաջին պատերազմի տարիներին իրենց բնօրրանները լքած հայրենակիցների շարքերը: Այս ամենը փաստում է, որ արցախցիների որդեգրած ինքնորոշման իրավունքի՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծումն այլընտրանք չունի:
Վերջին պատերազմը որոշակիորեն նոր փուլ նախանշեց հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացներում: Կտրուկ ավելացավ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն այդ խնդրում: Բնականաբար, մեծանում է նաեւ Արցախի ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի դերակատարությունը: Հետպատերազմյան շրջանում Արցախի ԱԺ-ն հանդես եկավ մի քանի կարեւոր որոշումներով, օրենքների նախագծերով ու հայտարարություններով, մասնավորապես՝ ԱՀ տարածքների բռնազավթման, սահմանադրական փոփոխությունների եւ այլն: Հերթական հայտարարությունն ընդունվեց երեկ: Այստեղ շատ կարեւոր է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները եւ քաղաքական ուժերը միակարծիք են ընդունված որոշումների եւ հայտարարությունների հարցում: Ապրիլի 5-ին էլ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի բուն իմաստը հետեւյալն է՝ Արցախի ճակատագրի տերն Արցախի ժողովուրդն է, եւ արցախցիները շարունակելու են պայքարն իրենց հազարամյա բնօրրանում հավերժ ապրելու իրավունքի համար։
Այսօր հայ ժողովրդի պայքարի հիմնական նպատակը պետք է լինի Արցախի պետական, ներկայացուցչական մարմինների եւ հասարակության ձայնն աշխարհի քաղաքակիրթ հատվածի համար լսելի դարձնելը: Արցախի ժողովրդի ուղիղ պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ավելի ծանրակշիռ եւ միջազգային հանրության համար ընկալելի կլինի, քան Հայաստանից հնչող հայտարարությունները՝ նույն ինքնորոշման իրավունքի մասին: Արցախի խորհրդարանի հերթական հայտարարությունն իր իրավունքներին տեր կանգնելու անբեկանելի հայտ է, եւ միջազգային մարմիններն ու կառույցներն իրավունք չունեն անտեսել այն: Արցախի ձայնը լսելի դարձնելու կարեւոր գործընթացում անելիք ունեն ոչ միայն ՀՀ-ի եւ Արցախի պետական ու հասարակական կառույցները, այլեւ աշխարհասփյուռ հայությունը եւ բարեկամ պետությունները:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ