Բրյուսելում որոշակի առաջընթաց գրանցվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված գործընթացներում: Բայց մյուս կողմից էլ անառարկելի ճշմարտություն է, որ եթե պետությունների եւ նրանց հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտ չձեւավորվեց, ապա խաղաղության ու հաղորդակցության ուղիների վերաբերյալ ցանկացած թվով եւ ամենաբարձր մակարդակով ստորագրված փաստաթղթերը չեն կարող գործել: Անվստահության մթնոլորտը լավագույն դեպքում անժամկետ կհետաձգի վերոնշյալ գործընթացները կյանքի կոչելը, իսկ վատագույն դեպքում կհասունացնի նոր հակամարտություն:
Արցախի Հանրապետության Փառուխի հատվածում Ադրբեջանի զինուժի գործողությունները մի քանի էական ու մտահոգիչ ուղերձներ հղեցին արցախյան հիմնահարցին մոտ կանգնած տարածաշրջանի պետություններին եւ միջազգային հանրությանը: Այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերը փոխադարձ համաձայնությամբ հետ էին քաշել դիրքերը, ադրբեջանական կողմը մարտի 24-ին, ժամը 16։00-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էր շփման գիծն ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։ Մարտի 25-ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, որի հետեւանքով 5 պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվեց 3 պայմանագրային զինծառայող, վիրավորվեց 14-ը:
Քարագլխում ադրբեջանական զինուժի գործողությունների առաջին հիմնական ուղերձն այն էր, որ այն շարունակում է սպառնալիք մնալ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ բնականոն կենսագործունեության համար: Ռազմական բախումը փաստեց, որ Բաքուն շարոնակում է Արցախի հայաթափման ծրագիրը՝ քաջ գիտակցելով, որ զբաղեցնելով Քարագլխի դիրքերը, գործնականում անհնարին է դարձնելու Փառուխում եւ Խրամորթում բնակիչների ապրելը: Զոհերի գնով զբաղեցնելով ռազմավարական բարձունքը, Ադրբեջանը, ըստ էության, իր համար «ոտքի տեղ» է անում ճնշումն Արցախի գյուղերի վրա մեծացնելու եւ ապագայում նոր սադրանքներ իրականացնելու համար:
Փառուխի միջադեպի մյուս ուղերձն այն էր, որ պաշտոնական Բաքուն իրեն դրսեւորեց որպես անվստահելի եւ անկանխատեսելի վարքով կողմ, ինչը ցանկացած ձեւաչափի երկխոսության թիվ մեկ խոչընդոտն է: Քարագլխի հիմնական ուղերձը, սակայն, այն էր, որ դրանով լուրջ հարված հասցվեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը, իսկ վերջինս այսօր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության միակ երաշխավորն է: Ադրբեջանական զինուժը, մտնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, էականորեն խաթարեց հետպատերազմյան Արցախի ստատուս-քվոն: Կատարվածին գումարվեց նաեւ այն, որ ադրբեջանցիները խախտեցին մինչ այդ ռուս խաղաղապահների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչն այդ գործողությունների հետեւանքներն ավելի է ծանրացնում:
Ուկրաինական հակամարտության համապատկերին Ադրբեջանի այդ գործողությունները լուրջ հարված էին պատերազմող ՌԴ-ի վարկանիշին: Ամբողջ աշխարհում ռազմական հատուկ գործողություններով իր դիրքերն ամրապնդելուն եւ աշխարհաքաղաքական քարտեզում նոր՝ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելուն ձգտող Ռուսաստանի համար դա ծանրագույն հարված էր: Խաթարելով նոյեմբերի 9-ից անմիջապես հետո տարածաշրջանում ձեւավորված խաղաղության եւ անվտանգության ձեւաչափը՝ պաշտոնական Բաքուն կասկածի տակ դրեց ՌԴ-ի՝ որպես Հարավային Կովկասում կայունության գործոնի կարգավիճակը, ինչը չի բխում նաեւ նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերից:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն եւ մարտի 23-ի դրությամբ իրավիճակը: Լավրովն էլ հիշեցրեց, որ իրադարձությունների հենց սկզբից ռուս զինվորականները հայտարարել են, որ զբաղվում են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ. «Այդ հանգամանքները մեզ համար մինչեւ վերջ պարզ չեն։ Ես չէի ցանկանա առաջ անցնել եւ վերջնական դատողություններ անել։ Համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ՌԴ խաղաղապահներին»։
Քարագլուխ նենգաբար մուտք գործելով՝ Ադրբեջանը խաղասեղանին դրեց ՌԴ-ի խաղաղապահների հեղինակության հարցը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հայտնեց, որ ռուս խաղաղապահներն էլ են տեղակայվել Քարագլխի հատվածում: Սակայն փաստն այն է, որ ադրբեջանական զինուժը հետ չի քաշվել իր նախկին դիրքերը, հարեւան Փառուխ եւ Խրամորթ գյուղերի բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Ադրբեջանական զինուժը ոչ միայն դիրքավորվել եւ ամրացել է Քարագլխի մի քանի հատվածներում, այլեւ ճանապարհներ է բացել դեպի իրենց դիրքերը:
Քարագլխի գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային կառույցների կողմից բազմիցս արծարծված արցախյան հիմնահարցին երկարաժամկետ լուծում տալու գործընթացն էականորեն հետաձգվում է: Այլ կերպ ասած՝ Բաքվի ապակառուցողականությունն արդեն ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ միջազգային կառույցների եւ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ