Հայաստանը մշտապես հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, առավել եւս՝ այսօր օրակարգ ներառված Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հարցերը չեն կարող դիտարկվել Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ միասին: Այս թեզը տրամաբանորեն բխում է արցախյան հիմնահարցի էությունից՝ այն ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ է, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարց:
Ադրբեջանը 30 տարի շարունակ հիմնահարցը կեղծ լույսի տակ էր փորձում ներկայացնել՝ բոլոր հարթակներում եւ քարոզչական միջոցներով հայտարարելով, թե իբր այն Հայաստանի տարածքային պահանջն է Ադրբեջանի նկատմամբ, բայց դրան ի հակակշիռ հիմնահարցի կարգավորման գործընթացի հիմքում միջազգային կառույցները միշտ էլ դրել են ազգերի ինքնորոշման սկզբունքը: Պարզվում է, սակայն, որ պաշտոնական Բաքուն համառորեն փորձում է շարունակել իր այս կեղծ քաղաքականությունը եւ այսօր էլ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացների համատեքստում ձգտում է անդրադառնալ Արցախի կարգավիճակի խնդրին: Օրերս էլ Ալիեւը հայտարարեց, թե «Արցախի ժողովուրդը պետք է համակերպվի, որ ապրելու է Ադրբեջանի դրոշի ներքո»:
Բաքվի առաջնորդի այդ հայտարարությանը հետեւեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պատասխանը: «Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարեւանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք, ստատուս քվոն պահպանելն է՝ ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,- արցախցիների հետ հանդիպմանն ասաց Ա. Հարությունյանը։
Հայտարարելով, որ արցախցին պետք է շարունակի ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն եւ հետագայում ձգտելով դե յուրե փոփոխության, Արցախի նախագահը հավանական համարեց «Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ՝ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»։ Ա. Հարությունյանը հստակ նշեց, որ Արցախի Հանրապետությունը պայքարելու է ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ, եւ եթե Ադրբեջանը շարունակի իր զավթողական քաղաքականությունը եւ ժխտի ինքնորոշման իրավունքը, ապա Արցախը կարող է դիտարկել նաեւ Ռուսաստանի հետ միութենական հարաբերություն ունենալու կարգավիճակի հարցը, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանի հետ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկ հրապարակած հայտարարության մեջ հստակ ներկայացրեց իր տեսլականը սեփական ապագայի վերաբերյալ:
Ալիեւի առավելապաշտական ձգտումներն արդեն դուրս են գալիս բանականության եւ մարդկային համարժեք վարքագծի սահմաններից: Վերջինս առանց այլեւայլության հայտարարում է, թե արցախցին պետք է ապրի Ադրբեջանի կազմում: Այլ կերպ ասած՝ Արցախի ժողովուրդը պետք է համաձայնի ցեղասպանվել, ինչպես եղել է 1920-ական թվականներին Բաքվում ու Շուշիում, 1990-ականներին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ 2022 թվականի պատերազմում, երբ քաղաքակրթության 21-րդ դարում զարգացման բարբարոսության փուլը չհաղթահարած ադրբեջանցի զինվորն իրենց տների բակերում մորթում ու գնդակահարում էր արցախցի տատիկներին ու պապիկներին: Այսինքն՝ Ալիեւն արցախցիներին առաջարկում է ինքնասպանության որոշում կայացնել, ինչն ուղղակի անհեթեթություն է: Այստեղ ավելորդ չէ շեշտել, որ Արցախում են ապաստան գտել 1990 թվականին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ եղած Բաքվից, Սումգայիթից, Գանձակից եւ դաշտային Արցախից բռնագաղթածները:
Արցախի ժողովուրդն իր որոշումն արդեն կայացրել է՝ համաժողովրդական հանրաքվեով ինքնորոշվելով եւ ցեղասպանությունից խուսափելու համար Ադրբեջանի սանձազերծած պատերազմներում տալով 10.000-ից ավելի զոհ: Բաքվի առաջնորդը համառորեն չի ուզում հասկանալ, որ ռազմական տեխնիկայի ուժով չի կարողացել եւ չի կարողանալու լուծել Արցախի հիմնահարցը: Այն ժողովրդի գոյատեւման խնդիր է եւ կարող է լուծվել միայն երկու ճանապարհով՝ ողջ ժողովրդին ցեղասպանության ենթարկելով կամ քաղաքական բանակցությունների միջոցով նրա իրավունքների իրացման շուրջ վերջնակետի հասնելով: Արցախի ժողովրդի 30 տարվա պայքարը փաստեց, որ առաջին տարբերակը հնարավոր չէ իրականացնել, իսկ երկրորդ տարբերակի կյանքի կոչման գործընթացի մեկնարկն անխուսափելի է: