Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանի համար

Արցախում եւս խնկարկվել է ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 26, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանի համար
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
436
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 24-ին Արցախը եւս ոգեկոչել է 1915-ին օսմանյան Թուրքիայում իրականացված Մեծ եղեռնի զոհերի հիաշատակը: Հրեշավոր ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 մլն հայերի ոգեկոչման միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց բերված ճրագները, ի հիշատակ նահատակների, թախծել են մարդկանց բնակարանների գոգերին… Ապա մեկնարկած միջոցառումը, որի կազմակերպիչներն էին ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները, շարունակվել է բողոքի ակցիայով: Ավանդույթ դարձած պահանջատիրական ջահերթը եկեղեցու բակից ձգվել է մինչեւ Ստեփանակերտի հուշահամալիր, որին միացել են մտավորականության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասել է թե` ակցիային մասնակցում էր այն սերունդը, ում վիճակված է առաջ տանել Հայ դատը ու մինչեւ վերջ հետամուտ լինել ժողովրդի համախմբման, հայրենիքի անվտանգության եւ զորացման խնդրի լուծմանը:

Ջահերթի մասնակցները դատապարտել են թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ ռազմագործողությունների ժամանակ հակառակորդի դրսեւորած նոր ոճրագործությունները` միջազգային կառույցներին կոչ անելով գնահատական տալ հարեւան երկրի իշխանությունների կողմից շարունակվող ծայրահեղ թշնամական, հայատյաց  քաղաքականությանը:

Վաղ առավոտից չի դադարել մայրաքաղաքի հուշահամալիր տանող  մարդկանց հոսքը: Մեծ եղեռնն իրագործած օսմանյան Թուրքիայի ու նրա պարագլուխների ոճիրը դատապարտող պաստառներով եւ նկարներով բազմահազարանոց երթի մասնակիցները շարժվել են դեպի «Զանգակատուն» հուշարձան, որը խորհրդանշում է 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը, եւ ծաղիկներ տեղադրել` մատուցելով իրենց հարգանքի տուրքը: Նրանց համախմբվածությունը մեկ անգամ եւս ապացույցն էր այն բանի, որ արցախցիները միշտ զգոն են ու արթուն, նրանց հետ է ողջ հայ ժողովուրդը: Ասել է թե՝ իր անկախության եւ ազատության համար պայքարող Արցախին ծնկի բերել չի լինի:

Ժամը 11-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ (նրանք մասնակցել են նաեւ ջահերով երթին) համալիր են այցելում Անվտանգության խորհրդի անդամները: Այստեղ են նաեւ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից: Երկրի իշխանությունների անունից ծաղկեսպակ է տեղադրվում: Որպես հարգանքի տուրք, ծաղիկներ տեղադրելով հուշարձանին, իրենց խոնարհումն են բերում եւ արարողության մյուս մասնակիցները:

Հուշահամալիրում, ի հիշատակ Մեծ եղեռնին զոհ գնացած մեկուկես մլն հայերի, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ, գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն: Դիմելով ներկաներին՝ նա նշեց. «Մեր ժողովրդի զավակները նահատակվեցին, գազանաբար խաչվեցին, մորթվեցին իրենց հողի վրա, իրենց օջախներում, որովհետեւ երդվյալ ուխտավորներ էին, զտարյուն հայ քրիստոնյաներ, ովքեր նախընտրեցին ֆիզիկական մահը, բայց երբեք երդմնազանց չեղան ու կրոնափոխ չդառան: Հավատարիմ մնալով երդմանը` ստացան նահատակի պսակը: Այսօր, երբ լարված է մնում իրավիճակը տարածաշրջանում, աշխարհի տարբեր մասերում, յուրաքանչյուր միջազգային կառույցի քաղաքական, պետական, հասարակական գործչի, դիվանագետի կամ հոգեւոր առաջնորդի առաքելությունն է ամեն կերպ չեզոքացնել մարդկությանը սպառնացող ցեղասպանությունները եւ թույլ չտալ, որ մարդկության դեմ նոր ոճրագործություններ իրականացվեն»,- իր խոսքում նշեց սրբազանը: Նրա կարծիքով՝ քանի դեռ Թուրքիան բացահայտ խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը` երբեք չհրաժարվելով պահանջատիրական իր իրավունքից: Արցախցիները, իրենց հերթին, համայն հայության աջակցությամբ շարունակելու են պայքարը հանուն ազատության, հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ռազմագործողություններին՝ նա անարգանքի սյունին գամեց հայ զինվորների նկատմամբ չարանենգ հանցանք դրսեւորած մարդասպաններին: Նա եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց աշխարհին սպառնացող նոր բռնությունների վտանգի վրա, ընդգծեց հրեշավոր չարիքի դեմ համատեղ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի ավելի քան 80 տոկոսը, եւ, փաստորեն, հայրենազուրկ դարձանք: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` Ստեփանակերտի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո. «Առայսօր միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի դատապարտել եւ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա, փաստորեն, միջազգային հանրության համար մի խարան է, որը կարող է մաքրել միայն ճանաչելով եւ դատապարտելով միջազգային մակարդակով: Նաեւ շատ կարեւոր է, որ մենք ճիշտ պատկերացնենք իրականությունը: Դժբախտաբար, 1915 թ. ցեղասպանությունը դրանով չի եզրափակվել, վերջակետը դրվել է 1920 թ. Շուշիի կոտորածի ժամանակ: Իրենց ցեղասպան քաղաքականությունից չեն հրաժարվել նաեւ 100 տարի հետո»,-նշեց Դ. Բաբայանը` հավելելով, որ ադրբեջանաթուրքական տանդեմը 2020 թվականի ագրեսիայի ժամանակ փորձել է նորից ցեղասպանություն իրականացնել: Արցախի արտգործնախարարի խոսքով` ընդհանրապես մինչ այսօր նրանք չեն հրաժարվել իրենց ցեղասպան քաղաքականությունից: «Պետք է այս ամենը հաշվի առնենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք նոր ողբերգություններ: Դա հնարավոր է, եթե վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, եթե լինենք միասնական, եթե մեր արժեհամակարգը պահպանենք»,- ասաց արտգործնախարարը:

Դատապարտելով 21-րդ դարասկզբին թուրքերի իրագործած՝ հայերի զանգվածային կոտորածը՝ ԱՀ խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մասնավորապես նշեց. «Մենք արդեն սովորել ենք, ու մեր գենետիկ կոդի եւ ազգային հիշողության մեջ արդեն հավերժվել է ապրիլի 24-ը: Հիշատակի օր, որ մեր խոնարհումն ու հարգանքի տուրքն ենք բերում Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մեր քույրերին ու եղբայրներին: Արդեն երրորդ տարին է, ինչ ուրիշ կերպ ենք վերաբերվում ցեղասպանության տարեդարձերին: Վաղուց արդեն մեր պետական քաղաքականության մեջ առաջնահերթություն է դատապարտել ոճրագործությունը: Միաժամանակ աշխարհին փորձում ենք ներկայացնել, որ դա այն ողբերգությունն է, չարանենգ հանցագործությունը, որը երբեք չպետք է կրկնվի որեւէ ազգության համար: Հաշվի առնելով ժողովրդի առջեւ ծառացած նոր մարտահրավերները՝ յուրաքանչյուրիս  առաքելությունն է ամենուր առաջ տանել այս գաղափարը` հնչեցնելով միջազգային ամենատարբեր հարթակներում»:

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանի համոզմամբ՝ այն հանգամանքը, որ նախորդ դարասկզբին իրականացված ահավոր հրեշագործությունը գրեթե նույն ձեռագրով թուրքերի կողմից կրկնվեց եւ դարավերջին, զգաստացրեց արցախցիներին, ամբողջ հայ ժողովրդին` արժանանալով աշխարհի համայն հայության հզոր դիմադրությանը: «Թշնամին այսօր էլ չի հրաժարվում հայատյաց իր քաղաքականությունից: Տարածաշրջանում շարունակում է լարված մնալ իրադրությունը, եւ հակառակորդը դիմում է նորանոր սադրանքների: Դեռ վերջնական խաղաղություն չի հաստատվել Արցախի հողի վրա: Երկրի միջազգային ճանաչումը պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է մնում, ինչը կարող է ամրապնդել Արցախի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, կանխարգելել նոր ցեղասպանությունները»,- կարծում է պատգամավորը:

Բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանի համոզմամբ՝ անպատժելիությունը խրախուսում է Թուրքիային ոչ միայն նոր բարբարոսություններ կատարելու մարդկության դեմ, այլեւ հովանավորում եւ քաջալերում է ահաբեկչական հանցավոր մի պետության, ինչպիսին իր կրտսեր արյունարբու եղբայր Ադրբեջանն է, որը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ահա թե ինչու համայն հայության առաջ խնդիր է ծառացած համատեղել բոլոր ջանքերը` հակազդելու ընդհանուր հակառակորդին եւ դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: «Ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում շարունակական բնույթ է կրում, եւ վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո մի օր ստիպված է լինելու խոստովանել իր հանցանքն ու առերեսվել»,- ասում է Ս. Խանյանը:

Համախմբվելու, հերթական փորձություններին դիմակայելու, սթափ եւ աչալուրջ գտնվելու, միաբանվելու եւ հայրենիքի շահը վեր դասելու, անկախության համար պայքարը շարունակելու անհրաժեշտությունն իր խոսքում ընդգծել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հիմնական դպրոցի տնօրեն, հանրապետության վաստակավոր մանկավարժ Անահիտ Պողոսյանը: «Քանի դեռ լուրջ մարտահրավերներ կան մեր առջեւ ծառացած, ու տակավին լուծված չէ Արցախի հիմնախնդիրը, հայրենիքի անվտանգության ապահովմանը պիտի ուղղվեն բոլոր ջանքերը, միաբանվենք եւ հզորանանք,- ասում է նա: – Հավատարիմ մնալով պայքարը շարունակելու  գաղափարին՝ մենք տերը պիտի լինենք մեր անցյալի ու ապագայի, պարտավոր ենք շարժվել առաջ ու կերտել մեր սերունդների, Արցախ աշխարհի, մայր Հայաստանի, միացյալ մեր հայրենիքի լուսավոր ապագան»,- կարծում է Ա. Պողոսյանը:   

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ ոգեշնչման եւ հիշատակի արարողություններ են կազմակերպվել նաեւ բոլոր շրջկենտրոններում:

Թեգեր: ԱրցախպատերազմՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»

«Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»

Հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները

Հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist