Եվրոպայի հարեւանությամբ արդեն 35 տարուց ավելի ԵՄ անդամակցության գործընթաց սկսած Թուրքիան հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտար կարգեր՝ ոտնահարելով ժողովրդավարության բոլոր դասական նորմերը: Ապրիլի 25-ին ավտորիտար ռեժիմի լիդերի մաստեր կլաս ցույց տվեց Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը: Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարեց, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի համար, քանի որ նա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Թուրքիայի առաջնորդի հակաժողովրդավարական գործողությունները հասել են իրենց գագաթնակետին, եւ նա կարծում է, որ արդեն կարող է ժողովրդավարության հենասյուն համարվող ընդհանուր հավասար ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական թիվ 1 կառույցի՝ խորհրդարանի անդամին զրկել այն մանդատից, որը նրան տվել է ընտրողը: Սա, թերեւս, ժողովրդավարությանը հասցված Էրդողանի ամենաուժեղ հարվածն է:
Թուրքիայի նախագահն այդքանով չի սահմանափակվել: Նույն օրը Անկարայի դատախազությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ից հետո հետաքննություն է սկսել ընդդիմադիր մեկ այլ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ՝ «Հրապարակային վիրավորանք թուրքական պետությանը» հոդվածով, որը մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։
Մինչ այդ էլ Ստամբուլի դատարանը թուրք ֆիլանտրոպ եւ իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է 2013-ին զանգվածային ցույցերին մասնակցելու եւ կառավարությունը տապալելու փորձի համար։ Յոթ այլ մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման նրան աջակցելու համար: Քավալան նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման թուրք առաջամարտիկներից է, նա տարիներ առաջ այցելել է Երեւան, հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Համաշխարհային քաղաքակրթության զարգացման 21-րդ դարում Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում Թուրքիայի քաղաքական էլիտան որոշել է անզիջում պայքար մղել մարդկության մեծագույն առաջադիմական արժեքներից մեկի՝ ժողովրդավարության դեմ: Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ թուրքական ղեկավարության հակաժողովրդավարական գործողությունները ներքին սոցիալ-քաղաքական հարաբերություններին են հարված հասցնում, այլեւ որ երեւույթն անմիջականորեն առնչվում է Թուրքիայի հարեւան պետությունների եւ ընդհանրապես՝ նրա վարած արտաքին քաղաքականության հետ: Սա էլ՝ այն դեպքում, երբ Անկարան ձգտում է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի աշխարհաքաղաքական գործընթացներում որոշիչ դեր խաղալ եւ օրեցօր ավելացնում է իր ազդեցությունը:
Աքսիոմա է, որ ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող երկիրը չի կարող դերակատարություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացներում: Ասվածի վառ ապացույցն են Թուրքիայի գործողությունները Լիբիայում, Սիրիայում, Արցախում եւ այլ երկրներում: Օրերս էլ թուրքական բանակը կրկին ներխուժեց Իրաքի սուվերեն տարածք, որտեղ նախատեսում է ռազմական բազաներ տեղակայել:
Ժողովրդավարության եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների հարցում, մեղմ ասած, կնճռոտ պատմություն ունեցող երկրի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում եւ աշխարհում չի կարող դրական կայունացնող արդյունքներ ունենալ: Նման առաքելություն ստանձնելուց առաջ Թուրքիան պետք է նախ լուծի սեփական խնդիրները, իսկ դա հնարավոր է միայն ճշմարտության հետ առերեսվելու դեպքում: