Ասորական ուղղափառ համայնքը 1995 թ. Թուրքիայում բաղկացած էր շուրջ 50 հազար անդամից եւ մինչ այժմ համարվում է Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական համայնքը: Պատմականորեն նրանք ապրել են Թուրքիայի հարավ-արեւելքում եւ պահպանում են ասորական ուղղափառ ծեսերը, սակայն ճանաչում են Հռոմի պապի հոգեւոր հեղինակությունը: Համայնքի ներկայացուցիչների Հատուկ զեկուցողի կողմից հավաքված տեղեկատվությունն արտացոլում է ասորական ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառ ու բողոքական համայնքի վիճակը: Նրանք չեն օգտվում կրոնական փոքրամասնության իրավունքներից, թեեւ սկզբունքորեն դրանք պետք է հարգվեն կրոնի եւ պաշտամունքի ազատության հետ կապված սահմանադրական նորմերով։
Թեեւ ասորիները քրիստոնյա են, նրանց համար անհնար է Թուրքիայի տարածքում օգտվել Լոզանի պայմանագրով ամրագրված իրավունքներից, ինչպես օգտվում են, օրինակ, հրեաները: Ծայրահեղ դժվար իրավական ու սոցիալական պայմանների պատճառով վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայից Գերմանիա ու Շվեդիա է գաղթել շուրջ 45 հազար ասորի, եւ ներկայումս Թուրքիայում մնացել է մոտ 4000-ը։ Լինելով մշտապես թուրք հասարակության կողմից մերժված կարգավիճակում` ասորական համայնքը գտնվում է կտրուկ անկման մեջ եւ արագորեն կորցնում իր կենսունակությունը: Համայնքը հաճախ է թիրախավորվում իսլամիստ ծայրահեղականների, սուննի քուրդ հողատերերի կողմից: Տեղի անվտանգության ուժերը, բնականաբար, աչք են փակում նման ոտնձգությունների վրա ու չեն պաշտպանում ասորի անզեն ժողովրդին: Ցավոք, սա Թուրքիայի համար օրինաչափություն է:
Թուրքիայում ապրող ասորիների վերաբերյալ ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը գրել է. «Ասորի փոքրամասնությունը լուրջ բռնությունների է ենթարկվում, մասնավորապես` կրոնական հանդուրժողականության առումով: Նրանց չի թույլատրվում ունենալ ազգային դպրոցներ, նույնիսկ տարրական դասարաններում չի ուսուցանվում մայրենի լեզուն, խստորեն արգելվում է սոցիալական հաստատություններ հիմնել: Նրանց անգամ արգելված է օգտվել պետական ծառայությունների սահմանված առաջնահերթություններից»։
Հատուկ զեկուցողը նաեւ մատնանշել է ասորական համայնքի իրավական կարգավիճակի բացակայությունը եւ կրոնական արարողությունների արգելանքը: Ավելին՝ ասորիների կրոնական սուրբ վայրերը բռնագրավվում են, եւ իշխանությունները շատ հաճախ դրանք վերածում են մզկիթների կամ ուղղակի պղծում այդ սրբավայրերը: Երբ խոսքը վերաբերում է Ստամբուլի ասորական համայնքի կարգավիճակին, պարզ է դառնում, որ որոշ ասորիներ հարկադրաբար թուրքական ինքնություն են ստանում` ձգտելով այդ ձեւով պաշտպանվել թուրքական իշխանությունների ու հասարակության հալածանքներից: Ասորիների մեծամասնությունը հույս ունի հեռանալ Թուրքիայից` պաշտպանվելու համար բռնի մահմեդականացման եւ իշխանությունների կողմից կրոնական եւ մշակութային ինքնությունը ոչնչացնելու վտանգներից:
Քանի որ ասորական համայնքը չունի կրոնական փոքրամասնության պաշտոնական կարգավիճակ, հետեւաբար, չունի նաեւ իր իրավունքների իրավադատական պաշտպանությունն այն մակարդակով, որքան ունի հրեական համայնքը: Ակնհայտ խտրականություն է, որ ասորական համայնքը թուրքական իշխանություններից մինչ օրս թույլտվություն չի ստանում՝ հիմնելու ազգային դպրոցներ: Եվ, բացի Աստվածաշնչից, մնացած բոլոր ասորական հոգեւոր եւ գեղարվեստական գրքերը չի թույլատրվում հրատարակել ասորերենով, այլ միայն թուրքերենով:
Այսպիսով՝ ազգային փոքրամասնությունները, հատկապես` ոչ մահմեդականները, հալածվում են թուրքական քաղաքական դեմքերի կողմից հովանավորվող խմբերի գործողություններից: Հալածանքներին զուգահեռ` նրանց անգամ չի պաշտպանում ոստիկանությունը, ավելին՝ նրանք եւս բռնություններ են իրականացնում փոքրամասնությունների նկատմամբ: Սա, իր հերթին, հանգեցնում է անապահով միջավայրի փոքրամասնությունների համար:
Ազգային փոքրամասնությունների նկատմամբ տոտալ հալածանքները Անկարայի համար վաղուց դարձել են պետական քաղաքականություն` Թուրքիան միայն թուրքերի համար տարածք դարձնելու նպատակով: