Վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն ամենշաբաթյա ռեժիմով է հեռախոսազրույցներ եւ հանդիպումներ ունենում ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ: Ֆրանսիայի համանախագահն էլ հաճախակի այցեր է կազմակերպում տարածաշրջան:
Նման ակտիվացմանը Ադրբեջանը չէր կարող չարձագանքել: Մայիսի 4-ին ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, որ այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արեւելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվել Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, հասկանալի պատճառներով, չի հիշատակել, որ Բրիս Ռոքֆոյը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն է, ինչը, սակայն, չի փոխում արձանագրված գործընթացի էությունը: Իսկ էականն այն է, որ պաշտոնական Բաքուն արդեն մանեւրելու տեղ չունի Արցախի խնդրի շուրջ քաղաքական բանակցություններից խույս տալու համար: Միջազգային եւ եվրոպական կառույցները, Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջին պլան են մղում Արցախյան խնդրի հիմնարար ու երկարաժամկետ լուծման հարցը, ինչն առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ առանց արցախցու ինքնորոշման իրավունքի դիտարկման անհնար է:
Ադրբեջանը ստիպված է Հայաստանի հետ հարաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ պարտադրված է քայլեր անել այդ ուղղությամբ, քանի որ այն միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափն է: Այսօր էլ Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացներն ընթանում են միջազգային այդ ձեւաչափը ներկայացնող երկրներում, բայց՝ առայժմ առանձին-առանձին: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե ԵԱՀԿ-ն կարող է զբաղվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց Արցախի: Սակայն իրողությունները փաստում են, որ նրանց միջեւ հարաբերությունների լուծումն անհնար է պատկերացնել առանց Արցախի Հանրապետության հիմնախնդրի դիտարկման: Առանց Արցախի՝ հարաբերությունների կարգավորումը չի կարող հիմնարար արդյունք տալ, քանի որ կա չլուծված հիմնահարց, որը չի կարող կոնսերվացված մնալ եւ անպայման իրեն զգացնել է տալու:
Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ստիպված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում մեղմել իր դիրքորոշումը, հակառակ դեպքում կզրկվի ԵՄ-ի կողմից խոստացված 2.6 մլրդ եվրո օգնությունից, ինչը շատ կարեւոր է պատերազմում էական կորուստներ կրած այդ երկրի համար: Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, սակայն, Ալիեւը շարունակում է ապակառուցողական դիրքերից հանդես գալ: Նա վերջերս կրկին հնչեցրեց «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը: Ճիշտ է՝ նրա ամբողջ խոսքը վերաբերում էր Արցախից բռնազավթած մերձարաքսյան գոտում ճանապարհների կառուցմանը, ոչ թե Մեղրիին, սակայն այդ ձեւակերպման պարբերական հնչեցնելն իր տրամաբանությամբ դրական ուղերձներ չի պարունակում եւ չի նպաստում կառուցողական երկխոսությանը: Նման պարբերական հայտարարությունները թեկուզ ներքին լսարանի համար են արվում, բայց ունենում են նաեւ միջազգային որոշակի արձագանք:
Անկախ ամեն ինչից՝ արդեն նկատելի է, որ Բաքվի քաղաքական ղեկավարությունն աստիճանաբար տեղափոխվում է ռացիոնալ դիվանագիտության դաշտ, որտեղ դրված քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ է միայն հնարավոր տարածաշրջանի հիմնական խնդրի երկարաժամկետ լուծման գալ: