Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացրել ու բարձրացնում: Երեւանը հնչեցնում է Արցախի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը եւ այն ավելի լսելի դարձնում միջազգային հանրության համար: Արցախի ճակատագիրը որոշողն արցախցին է, ով իր ինքնորոշման իրավունքի մասին ժողովրդավարական չափանիշներով բարձրաձայնել է դեռ 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվե անցկացնելով եւ քվեարկությանը մասնակցածների 99.89 տոկոս կողմ ձայներով ԽՍՀՄ-ից ու Ադրբեջանից իր անկախությունը հռչակելով:
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը եւ արդյունքների ամփոփումն իրականացվել էին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի» համապատասխան, որն ընդունվել էր 1991 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստի ընթացքում։ Արցախի Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է Խորհրդային Միության այն ժամանակվա գործող օրենքների եւ Սահմանադրության հիման վրա, ինչին Ադրբեջանը պատասխանել էր ռազմական ագրեսիայով, որի տրամաբանական հանգրվանն էր դարձել արցախյան առաջին ազատամարտում Արցախի Հանրապետության հաղթանակը:
Պատմական այս որոշման փաստի առկայության, դրա համար Արցախի ժողովրդի 34 տարվա պայքարի ֆոնին օրերս Բաքվում կայացած գլոբալ ֆորումում Իլհամ Ալիեւը Հայաստանին կոչ էր արել «դադարեցնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը բարձրացնելը»։ «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերացվել է 1991 թ. վերջին՝ Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ։ Մեր տարածքում նման վարչական միավոր չկա։ Հետեւաբար, կարգավիճակի ցանկացած հիշատակում միայն նոր խնդիրների կհանգեցնի»,- ասել էր Ալիեւը։ Նրա խոսքով՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Երեւանը Բաքվին ստիպում է կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որից հետո Բաքվի առաջնորդն անցել էր հերթական ցնորամտությանը, թե Սյունիքն այսօր ընդամենը 100 տարեկան Ադրբեջանի պատմական հողն է։
Թողնենք մի կողմ, որ Ադրբեջանի առաջնորդը հերթական անգամ համաշխարհային պատմությունն աղավաղելու անգրագետ փորձն է անում: Նա այս անգամ ավելի հեռուն է գնացել եւ աղճատում է ոչ միայն 100 տարվա, այլեւ նորագույն պատմությունը: Ալիեւի այդ հայտարարությունը ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան ողջ առաջադեմ մարդկությանը եւ միջազգային գործող կառույցներին: Վերջիններս են մշտապես խոսել եւ խոսում Արցախի կարգավիճակի լուծման միջոցով տարածաշրջանում երկարատեւ ու կայուն խաղաղություն հաստատելու մասին, եւ այսօր Ալիեւը փորձում է գավառական հնարամտությամբ խաբել միջազգային հանրությանը եւ, ըստ էության, դուրս գալ նրա դեմ:
Մյուս կողմից էլ՝ Ալիեւի հայտարարությունն արցախյան երեք պատերազմներում 30 հազարի հասնող հենց իր երկրի զոհերի հիշատակի անարգանք է: Եթե ԼՂ միավոր չկար, ապա ինչի համար են նրանք հարձակվել Արցախի վրա եւ այդքան զոհեր տվել: Կրկնենք՝ Հայաստանը չի խոսում Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին, այլ՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, որի ժողովրդավարական ազատ ընտրություններով ընտրված պետական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներն առնվազն ամենշաբաթյա ինտենսիվությամբ հաստատում են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
Ալիեւի հայտարարությանն այս դեպքում էլ արձագանքեց պաշտոնական Ստեփանակերտը: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր Թելեգրամ-ալիքում նույն օրը գրեց. «Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետեւ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, եւ դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեեւ պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել եւ չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման (հետեւաբար՝ կարգավիճակի) հարցը վաղ թե ուշ կլուծվի, եւ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։
Արտակ Բեգլարյանը նշել էր, որ Ալիեւը լավ կաներ՝ ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների եւ այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը՝ հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։ «Միգուցե Ալիեւը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞ թեկուզ մեկ հայ»,- հայտարարել էր Արցախի պետնախարարը։
Խոսելով Սյունիքի մասին՝ Ալիեւը կրկին ոչ կառուցողական մեսիջներ է ուղարկում ոչ միայն Հայաստանի, այլեւ այն աշխարհաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի ուղղությամբ, որի մաս ենք: Այդ խոսքերն ուղղված են նաեւ Իրանին, որը զորավարժություններով, պատկառելի քանակի զորք-զինտեխնիկա կուտակելով Արցախի գրավված տարածքների, Մեղրիի սահմանների մոտ՝ Թուրքիային ու Ադրբեջանին առարկայորեն հասկացրել էր, որ իր հարեւանությամբ սահմանների փոփոխության ռազմական փորձերի դեպքում անմիջական ռազմական միջամտության կդիմի:
Այսօր 30 տարվա հակամարտության հիմնական պատճառն անտեսելով՝ հենց Ալիեւն է ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու բանակցային գործընթացին, ինչը ոչ միայն կարող է տեւական ժամանակով արգելակել հարաբերությունների հաստատումը, այլեւ ընդհանրապես այն հարվածի տակ դնել: