Չնայած այն բանին, որ Եվրասիա աշխարհամասի երկրների ուշադրությունը հիմնականում բեւեռված է Ուկրաինայի ուղղությամբ, եւ ընթացող բոլոր գործընթացների համատեքստում այդ հակամարտությունն է, զուգահեռաբար ակտիվանում են գործընթացները նաեւ Հարավային Կովկասի շուրջ: Այստեղ տեղաշարժերի կենտրոնում օրինաչափորեն արցախյան հիմնահարցն է: 44-օրյա պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում՝ մի կողմից ավելի խորացնելով արցախյան հիմնախնդիրը, մյուս կողմից՝ տարածաշրջանային համագործակցության եւ հաղորդակցության ուղիների բացման գործընթացներ մեկնարկելով:
Հինգշաբթի օրն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, թե իրանական կողմն ակնկալում է, որ շուտով Թեհրանում կկազմակերպվի Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթնաժողովը։ Ըստ էության՝ տվյալ գործընթացի շրջանակներում է այս շաբաթ կազմակերպվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցն Իրան եւ Ադրբեջան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նախօրեին հաստատեց ՌԴ նախագահի հնարավոր այցն Իրան:
Դեպի արեւելք՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանն ակտիվացնում է հարավ-արեւմտյան ուղղությամբ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը՝ այնտեղ ունենալով հնարավոր գործընկերներ՝ պատժամիջոցներին չմիացած Թուրքիային, Իրանին եւ անդրկովկասյան երեք հանրապետություններին:
Այն, որ նախանշվող գործընթացները բացառապես ուղղվելու են տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ հաղորդակցության ուղիների լիարժեք գործարկմանը, պարզ է դառնում Սերգեյ Լավրովի՝ նախօրեին Բաքվում առաջարկած հարցերի օրակարգից: Վերջինս շեշտադրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով ՌԴ առարկայական առաջարկների եւ օժանդակելու քայլերի մասին: Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հստակեցման հարցում ունի կոնկրետ առաջարկներ։ Նա նաեւ նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի առաջընթաց է գրանցել, եւ որ Մոսկվան այժմ հայկական կողմի հետ քննարկում է այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաեւ երկրների միջեւ ավտոմոբիլային երթեւեկությունը կազմակերպելու մասին: «Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթեւեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- հայտարարել է Լավրովը։
Տարածաշրջանային համագործակցության խորացման համար առաջնային են դառնում Հայաստանի ապաշրջափակումը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տրանսպորտա-տնտեսական հաղորդակցության ուղիների լիարժեք գործարկումը: Ակնհայտ է, որ վերոնշյալ բոլոր գործընթացները Հյուսիս-Հարավ տնտեսական հաղորդակցություններին են վերաբերում, ինչը լիովին համընկնում է ՀՀ պետական շահերի հետ, քանի որ ամրապնդում է մեր երկրի դիրքերը եւ դերակատարությունը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացներում:
Մյուս կողմից էլ՝ այս ուղղությամբ լիարժեք համագործակցություն ապահովելու համար շոշափելի տեղաշարժեր պետք է լինեն տարածաշրջանային հիմնական խնդրի՝ Արցախի հարցի լուծման ուղղությամբ: Այստեղ առնվազը պետք է մեկնարկեն խնդրի կարգավորման քաղաքական բանակցությունները՝ մյուս հարցերում առաջընթաց ապահովելու համար: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն էլ գործընթացների էական բաղադրիչներից է, դա է պատճառը, որ ՌԴ-ն զգալիորեն մեծացրել է իր ներգրավվածությունը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներում: Այս ամենը փաստում է, որ առաջիկայում կորոշակիացվի եւս մեկ համագործակցության ձեւաչափ, որի առանցքում կլինի Արցախի հիմնահարցը, ինչը խնդրի կարգավորման նոր փուլի մեկնարկի նախադրյալ կարող է լինել: