Հունիսի 26-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաուշօղլուի հրավերով Անկարա էր այցելել։ Այց, որը պետք է տեղի ունենար դեռեւս հունիսի 6-ին, սակայն վերջին պահին հրավիրողի պահանջով հետաձգվել էր։
Փաստորեն, այն տեղի ունեցավ Իսրայելի ԱԳ նախարարի այցից հետո, ով Թուրքիա էր ժամանել անվտանգության հարցերով, այն է՝ այդ երկրում «իսրայելցիների կյանքին սպառնացող վտանգի» վերաբերյալ խորհրդակցելու։ Իսրայելը, հենվելով իր ունեցած տեղեկությունների վրա, հայտարարել էր, թե Իրանը նպատակամղված է Թուրքիայում, մասնավորապես՝ Ստամբուլում, ահաբեկչություն իրականացնել այդ երկրի քաղաքացիների դեմ։ Ամիրաբդոլահիանը Անկարայում հանդիպումներ է ունեցել Չաուշօղլուի, նախագահ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ինչպես նշել են իրանյան ԶԼՄ-ները, Ամիրաբդոլահիան-Չաուշօղլու երկու հանդիպումներում քննարկվել են կողմերին հետաքրքրող հարցեր։ Իրանական կողմի համար խիստ կարեւոր է եղել բնապահպանական՝ ջրի խնդիրը։ Ինչպես հայտնի է, Եփրատ ու Տիգրիս գետերի վրա Թուրքիայի կառուցած ջրամբարների, ջրալցումների, ինչպեսեւ քաղաքական դրդապատճառներով նշյալ գետերից Սիրիայի եւ Իրաքի ջրի բաժնից անհամեմատ քիչ է բաց թողնվում, ինչը նպաստում է այդ երկրներում ավազահատիկների փոշիների առաջացմանը, որոնք, ներհոսելով Իրան, բնապահպանական վտանգավոր իրավիճակ են ստեղծում այդ երկրի մի շարք նահանգներում։ Ամիրաբդոլահիանը հորդորել է, որ Թուրքիայի կառավարությունը ներկայացուցիչ ունենա Իրանում կայանալիք Ջրի պաշարների ու ավազափոշիների համաժողովում։
Իրանի ԱԳ նախարարը, անուղղակիորեն անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքին, կարեւորելով երկու երկրների դարավոր փոխառնչությունները, շեշտել է, թե չպետք է տուրք տալ Թել Ավիվի սադրանքներին, թշնամաբար ստեղծած բարդություններին։ Սա՝ այն դեպքում, երբ, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Էրդողանը ներկա դրությամբ, ձգտելով Իսրայելի հետ փոխհարաբերությունները սերտացնել, Իրանի դեմ խոսելը եւ մեղադրանքներ հնչեցնելը, անուղղակիորեն Թեհրանին երկու երկրների համար սպառնալիք համարելը կիրառում է որպես սիրաշահելու գործիք, իսկ Իսրայելը օգտագործում է նաեւ այդ հանգամանքը։ Թուրքիան ջանքեր է գործադրում Իսրայելի գազը Եվրոպա հասցնել իր տարածքով, սակայն Թել Ավիվն այդ հարցում չի շտապում։ Ավելին՝ բոլորովին վերջերս Եգիպտոս-Իսրայել համաձայնություն է կնքվել, ըստ որի՝ իսրայելական գազը Եգիպտոսում վերածվելու է հեղուկ գազի եւ այդպես արտահանվելու է։ Իսկ Չաուշօղլուին, փաստորեն, հետաքրքրել է Հարավային Կովկասի եւ արդեն անիմաստ դարձած 3+3-ի թուրքական տարբերակի վերաբերյալ համաձայնեցման ակտիվացումը, Երուսաղեմի իսլամական ինքնության պահպանումը եւ այն, որ Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ կիրառված սահմանափակումներին, այլ կերպ՝ դիվանագիտական հաճոյախոսություններ։ Հատկանշական է նաեւ, որ Ամիրաբդոլահիանն Անկարայում հայտարարել է, թե այցի առանցքային նպատակներից է երկու երկրների համապարփակ երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցելը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2021 թ. Չաուշօղլուի թեհրանյան այցի ընթացքում։
Ըստ պայմանավորվածության՝ պետք է պատրաստվեր դրա նախագիծը, որը վերջնական տեսքի բերելուց հետո կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները կստորագրեին։ Այս առնչությամբ հավելենք, որ Էրդողանը, ընդունելով Իսրայելի ու արաբական որոշ երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի ներկայացրած նախապայմանները, ձգտել է սերտացնել դրանց հետ փոխհարաբերությունները՝ ակնկալիքով, որ արտաքին ներդրումներով երկիրը դուրս կբերի տնտեսական խոր ճգնաժամից։ Ճգնաժամ, որն Էրդողանի կառավարության նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը բնութագրել է որպես ազատ անկումով դեպի սնանկություն։ Սակայն ոչ Իսրայելը եւ ոչ էլ արաբական երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, բնավ էլ չեն շտապում փրկօղակ դառնալ Էրդողանի համար, չնայած այդ նպատակով վերջինս չափազանց ճոխ ընդունելություն էր կազմակերպել Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, թագաժառանգ Մոհամեդ բին Սոլեյմանիի համար։ Այսուհանդերձ, առայժմ Էրդողանը, Իրանին ապակայունացնող, տարածաշրջանին սպառնացող ներկայացնելով, ձգտում է փոխհարաբերությունները սերտացնել այն երկրների հետ, որոնք կարող են ներդրումներ անել Թուրքիայում։ Հետեւաբար, վերջինս բնավ էլ տրամադրված չէ Թեհրանի հետ նման փաստաթուղթ ստորագրել կամ քննարկել, երկիր, որը նույնպես տնտեսական ծանր վիճակում է սահմանափակումների պատճառով։ Ինչպես իրանցի թուրքագետ Ալի Ղաեմաղամին է նշում, անհարաժեշտ է, որ Իրանը վերականգնի Իրան-5+1-ի համաձայնագիրը, որպեսզի կարողանա տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրների հետ ընդլայնել փոխհարաբերությունները, այդ թվում՝ հենց Թուրքիայի։ Նա, անդրադառնալով վերջինիս դիրքորշմանը հիշյալ համաձայնության նկատմամբ, այն երկակի է բնութագրել՝ պատճառաբանելով, թե մի կողմից համաձայնության վերականգնումը տնտեսական փոխառնչությունների հնարավորություն է ստեղծելու, մյուս կողմից՝ հանգեցնելու է Իրանի ազդեցության խորացմանը Սիրիայում ու Իրաքում, ինչը Թուրքիային ձեռնտու չէ։ Հետեւաբար, Իրանի ԱԳ նախարարությունը պետք է այդ հարցերը քննարկման առարկա դարձնի Թուրքիայի հետ։
Իսկ ինչ վերաբերում է երկարաժամկետ համագործակցության փասթաթղթին, ապա, ինչպես նշվեց, ակնհայտ է, որ Թուրքիային ներկա դրությամբ դա բնավ էլ չի հետաքրքրում։ Այդ առնչությամբ դիվանագիտական հարցերի իրանցի փորձագետ Ռահման Ղահրամանփուրը ILNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե Ամիրաբդոլահիանը հայտարարել է թուրք-իրանական երկարաժամկետ ռազմավարական փոխհարաբերությունների փաստաթղթի մասին, սակայն ներկա դրությամբ դրա համար բնավ նպաստավոր հող չկա։ Քանի որ ոչ Թուրքիան է հակված նման քայլի ոչ Իրանում են պայմաններն այնպիսին, որ այդ երկրի հետ երկարաժամկետ ռազմավարական փոխհարաբերությունները կարեւորվեն։ Նա հավելել է, թե եւ՛ Թեհրանը, եւ՛ Անկարան այժմ ձգտում են լարվածության մակարդակը ցածր պահել, որպեսզի դրանք չվերածվեն բացահայտ առճակատման։ Բայց, հաշվի առնելով, որ Էրդողանը, ըստ երեւույթին, պատրաստ է ցանկացած քայլի՝ 2023 թ. ընտրություններում հաջողության հասնելու համար, ուստի այս համատեքստում, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, նա կարեւորում է արտաքին քաղաքականության ոլորտում հաջողությունները, անգամ բացառված չէ, որ Իրանի հետ փոխհարաբերություններում լարվածության լուրջ բռնկումներ գրանցվեն։ Թուրքագետ Ղաեմաղամին նշել է, որ երկու երկրների փոխառնչություններում լարվածության դրդապատճառներն Անկարայի քայլերն են, այդ թվում՝ Թուրքիայի եւ Իսրայելի անվտանգության գործակալություններ «Միթի» ու «Մոսադի» ընդդեմ Իրանի համատեղ գործունեության, Հարավային Կովկասում Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռանկյունու, ինչպեսեւ Սիրիայում ընդդեմ Բաշար Ասադի թուրք-իսրայելական համագործակցության։
Ուստի Անկարան լարվածությունից խուսափելու նպատակով պետք է Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունից հրաժարվի, հովանավորի Սիրիայի ու Իրաքի տարածքային ամողջականության քաղաքականությունը, Իրանի հետ ընդլայնի կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսական։ Իսկ «Դոնյա-ե էղթեսադ» օրաթերթի մեկնաբան Սաիդեհ Սադաթ Ղահրիի կարծիքով՝ թուրք-իրանական փոխհարաբերությունների ապագան անկանխատեսելի է՝ հաշվի առնելով Թուրքիայի նեոօսմանական ծավալապաշտական նկրտումները, մասնավորապես՝ Սիրիայում ու Հարավային Կովկասում՝ ղարաբաղյան ճգնաժամի հարցում այդ երկրի քայլերը, ինչպեսեւ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հետ ընդդեմ Իրանի գործակցությունը։