Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման վերաբերյալ պաշտոնական Բաքվից գրեթե ամեն օր տարածվող ապատեղեկատվությունը հետապնդում է մեկ նպատակ՝ որոշակի ազդեցություն ունենալ սահմանազատման, սահմանագծման եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացների վրա: Ադրբեջանը փորձում է ուժի կամ պատերազմի սպառնալիքի իմիտացիայով բանակցային գործընթացում իրեն շահեկան պայմաններ ապահովել:
Օրերս Բաքուն անցավ բացահայտ շանտաժի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ բեմադրելով զինվորական խորհրդակցության շոուն, որի ժամանակ վերջինս իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերին հանձնարարեց պատրաստ լինել «հայ ռեւանշիստական ուժերի հնարավոր սադրանքները կանխելուն»։ Այս հայտարարությունը Ադրբեջանի որդեգրած կեղծարարի գործելաոճի տրամաբանական շարունակությունն է, որն ամեն օր կրկնվում ու զարգացվում է հայկական ուժերի կողմից հրադադարը խախտելու մասին ապատեղեկատվություն տարածելով: Հայկական զինուժի կողմից հրադարի խախտման մասին կեղծ լուրերին եւ հայտնի խորհրդակցությանը հետեւեց Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի՝ հրադադարի ռեժիմի իրական խախտման դեպքը, երբ ադրբեջանցի դիրքապահները թիրախավորել էին գյուղի վարչական ղեկավարի անձնական ավտոմեքենան, որը վնասվել էր:
Ադրբեջանից տարածվող կեղծիքը, բնականաբար, կյանքի է կոչվում որոշակի տեղեկատվական ապահովմամբ: Առանձնակի ուշադրության է արժանի փաստը, որ ադրբեջանական ապատեղեկատվության թակարդում հետեւողականորեն «ընկնում» է ՌԴ պետական թիվ մեկ լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը: Այս երեւույթը, թերեւս, առանձին դիտարկման կարիք չունենար, եթե վերջերս չարձանագրվեր մտահոգիչ փաստը: ՏԱՍՍ-ը պարտադիր հրապարակում է Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադարարը խախտելու մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները եւ մի քանի ժամ անց՝ նաեւ ապատեղեկատվության վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հերքումները: Հավասարակշռության պահպանման այս գործելաոճը խախտվեց հուլիսի 5-ին, երբ ՏԱՍՍ-ը չանդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրադադարի իրական խախտման փաստին, սակայն պարտաճանաչորեն հրապարակեց Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ միջադեպի հերքման տեքստը՝ թյուրիմացության մեջ գցելով հենց իր ընթերցողին, որն արդեն սովորել էր, որ նախ տեղեկանում էր սահմանային միջադեպի մասին լուրին, հետո միայն՝ հերքմանը: Վերջին դեպքում ՌԴ պետական լրատվամիջոցը հրապարակեց միայն Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերքման հայտարարությունը, եւ ՏԱՍՍ-ի ընթերցողն այդպես էլ չիմացավ, թե ինչ է հերքում Բաքուն: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման վրիպակ է թույլ տալիս Ռուսաստանի պետական թիվ մեկ լրատվամիջոցը, ինչն օրինաչափորեն լուրջ ենթադրությունների եւ դատողությունների հիմք է տալիս:
Այս փաստն ուշադրության է արժանի նաեւ այն պատճառով, որ հունիսի վերջին Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովը, ի պատասխան Ադրբեջանի բողոքի նոտայի, ստիպված եղավ ներողություն խնդրել Բաքվից, որ «Սոլովյով Live» հաղորդման շրջանակներում հարցազրույց էր վարել միայն Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ եւ, հավասարակշռությունը չպահպանելով, զուգահեռ չէր ներկայացրել Բաքվի տեսակետն արտահայտող ադրբեջանցի պաշտոնյայի խոսքը: Այլ կերպ ասած, ՌԴ-ում պետական քաղաքականության գիծ է արցախյան հակամարտության հարցում կողմերի միջեւ հավասարակշռության պահպանումը, հետեւաբար՝ պետական առաջատար լրատվական գործակալության աշխատանքում արձանագրված նման միակողմանի մոտեցումը չէր կարող ուշադրությունից վրիպել նաեւ ՏԱՍՍ-ի դեպքում:
Վերոշարադրյալի ֆոնին լիովին օրինաչափ էր, որ նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ-ի եւ ՌԴ-ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջնահերթ մտքեր փոխանակվեցին հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցի շուրջ: Հեռախոսազրույցի առանցքային թեման նաեւ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային եւ նյութատեխնիկական կապերի վերականգնման հարցերն էին, ինչի համատեքստում քննարկվել են նաեւ Վիեննայի վերջին հանդիպմանը Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների ձեռք բերած պայմանավորվածությունները: Նույն օրը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը ռուսական «NEWS.ru»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի գործունեությանը՝ հայտնելով, որ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։ «Ինչպես հայտնի է, քննարկվում է նաեւ տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության մեկնարկը՝ ի շահ Ադրբեջանի, Հայաստանի եւ նրանց հարեւանների»,- հայտնել էր Զայցեւը։
Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթացին, միանշանակ է, որ էականը դրա հիմքում ընկած արցախյան հակամարտության գերզգայուն խնդիրն է, որն իր հանդեպ պահանջում է երրորդ երկրների հավասարակշռված քաղաքականություն, հատկապես երբ խոսքը կարգավորման գործընթացում առանցքային եւ առաջատար դերակատարություն ունեցող պետության մասին է: Անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ 44-օրյա արցախյան երրորդ պատերազմից հետո սկսված տեղեկատվական պատերազմում ցանկացած «կրակոց» էական հետեւանքներ է ունենում ողջ տարածաշրջանի կայունության վրա:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ