Թեհրանյան եռակողմ հանդիպումը գերլարված եւ դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում ուկրաինական ճգնաժամի հետեւանքներին զուգահեռ պետք է պատասխաներ նաեւ ՌԴ-Իրան-Թուրքիա եռանկյունում գտնվող տարածաշրջանի հիմնահարցերին: Ներկա իրադարձությունների ֆոնին կազմակերպված տարածաշրջանային հանդիպումն առանցքային ու արդիական հարցերի շուրջ կողմերի դիրքորոշման հստակեցման եւ պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակ էր հետապնդում:
Իրանը, մի կողմ դնելով իրեն բնորոշ արեւելյան ավանդական հյուրընկալության քաղաքավարության բոլոր նորմերը, հանդիպումների հրապարակային մասում հնչեցրեց սեփական պետության առաջնային անվտանգությանն առնչվող կտրուկ հայտարարություններ, որոնք վերաբերում էին իր հյուսիսային սահմանների եւ տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղիների անվտանգությանը: Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որեւէ քաղաքականություն: Հոգեւոր առաջնորդի շուրթերով նման թափանցիկ հայտարարություն հնչեցնելը փաստում է, որ Թեհրանը միանշանակ նման ռիսկեր տեսնում է եւ ուղիղ է խոսում այդ մասին:
Հատկանշականն այն է, որ այդ արտահայտությանը նախորդող նախադասությունում Խամենեին անդրադարձել էր արցախյան պատերազմին: Սա խոսում է այն մասին, որ Իրանը հստակ կապ է տեսնում 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի հարավային շրջանների բռնազավթման եւ դեպի հյուսիս իր պետության ռազմավարական կապի կտրման ու շրջափակման հեռանկարի միջեւ: Այլ կերպ ասած՝ Խամենեիի շուրթերով այս երկիրը դիվանագիտորեն ասում է, որ արցախյան պատերազմի հիմնական նպատակներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության մեծացումն է Իրանի հյուսիսային սահմաններին՝ իր երկիրը շրջափակելու նպատակով, եւ «Զանգեզուրի միջանցքի» կամ ընդհանրապես Սյունիքի մասին Ադրբեջանի առաջնորդի հայտարարություններն այդ գործընթացների տրամաբանության համատեքստում են, ինչին Իրանը միանշանակ դեմ կարտահայտվի: Իրանի հոգեւոր առաջնորդը նույն հայտարարությունը կրկնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով. «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանների փակումը»։
Այդ հարցի մասին իրանական կողմի` բաց տեքստով խոսելը նպատակ ունի նաեւ կանխելու փակ դռների հետեւում որեւէ բանակցային տրամաբանություն, որը կենթադրի Իրանին անխափան հյուսիսային հաղորդակցության ապահովման խոստում՝ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» բացման դեպքում: Իրանը լավ գիտի Էրդողանին եւ Թուրքիայի իրական կողմնորոշումներն ու նպատակները, որեւէ կերպ չի համաձայնի Հայաստան-Իրան կապի խաթարմանը կամ սահմանի կարգավիճակի որեւէ փոփոխության:
Ալի Խամենեին Էրդողանին ուղղված իր կարճ խոսքում բերում է հիմնավոր ու հզոր փաստարկ, որ Իրանն ու Հայաստանը հազարամյակներով եղել են հարեւաններ, եւ թույլ չի տա 100-ամյա արհեստածին պետության ձեռքերով հազարամյակների իրողությունը խաթարել: Իրանի հոգեւոր առաջնորդը խոսում է իր ժողովրդի շահերից, որն այս դեպքում լիովին համընկնում է ՀՀ անվտանգային շահերի հետ: Սա նշանակում է, որ Սյունիքի ուղղությամբ որեւէ ոտնձգության դեպքում հայ ժողովուրդը իր հերթական ճակատամարտում մեծ դաշնակից կունենա ոչ միայն հյուսիսից՝ ի դեմս ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի, այլ նաեւ հարավից՝ իր բնական դաշնակից եւ բարեկամ Իրանից, քանի որ այդ հարցում երկու պետությունների շահերը 100 տոկոսով համընկնում են:
Վլադիմիր Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հիմնական թեմաներից է եղել արցախյան խնդրի կարգավորումը, ինչի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Այդ մեկ նախադասությունը պատասխանում է հիմնարար մեկ մեծ հարցի՝ արդյոք 44-օրյա պատերազմով լուծվե՞լ է արցախյան հիմնահարցը: Մամուլի հաղորդագրությամբ փաստվում է, որ այն չի լուծվել, եւ քննարկումներ են ընթանում դրա լուծման ուղղությամբ, ասել է, թե կարգավորումը տեղափոխվել է քաղաքական բանակցությունների հարթություն՝ ի հեճուկս հակառակի մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունների:
Թեհրանյան հանդիպումները Հայաստանի եւ Արցախի Հանրապետության համար հստակեցրին երկու հիմնարար հարց՝ Արցախի կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, եւ ադրբեջանա-թուրքական «միջանցքային ձգտումներն» անխուսափելիորեն հակամարտության կհանգեցնեն ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ Իրանի ու ՀԱՊԿ-ի հետ: