Միջազգային տարբեր կենտրոններում եւ խոշոր տերություններում մեծացել է հետաքրքրությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ: Գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կա՛մ հեռախոսազրույց է ունեում ՀՀ վարչապետի հետ, կա՛մ հանդես գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարությամբ: Այդ հարաբերությունների հարցն է առաջնային քննարկվում ՀՀ-ի եւ ՌԴ-ի ղեկավարների հեռախոսազրույցների ժամանակ:
Այս օրակարգի ակտիվ քննարկումը հատկապես ինտենսիվացավ Թեհրանի եռակողմ հանդիպումից հետո եւ՝ առաջին հերթին Թուրքիայում: Օրերս հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձան Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, իսկ հուլիսի 27-ին արդեն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված իր ավանդական հարցազրույցում Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ է տրամադրված։ Նա ասաց, որ ի սկզբանե Թուրքիայի կարմիր գիծն Ադրբեջանն է եղել: Թուրքիայի առաջնորդը դրական է գնահատել հեռախոսազրույցի ժամանակ տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը, բայց եւ շեշտել է, որ խոսքից բացի Անկարայում սպասում են Հայաստանի հստակ քայլերին: Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի հետ հստակ քայլեր կատարելու մասին խոսել էր Չավուշօղլուն՝ հիշատակելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը եւ Զանգեզուրի ճանապարհը:
Մի կողմ թողնենք այն իրողության քննարկումը, որ փաստացի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու գործընթացում առաջնորդվում է նախապայմանով, եւ որ այդ դեպքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող են համարժեք պատասխանով օրակարգ բերել ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի որոշիչ դերակատարության հարցերը: Խնդիրն այն է, որ նման հայտարարություններով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն է ամենաշահագրգռվածը հայ-թուրքական սահմանները բացելու հարցում, ինչը իրականությանը չի համապատասխանում: Այսօր հայ-թուրքական, հետեւաբար նաեւ հայ-ադրբեջանական սահմանի բացման հարցում թիվ մեկ շահագրգռված երկիրը Թուրքիան է:
Մյուս կողմից էլ հայտնի փաստ է, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների էական նրբերանգների եւ կարեւոր շեշտադրումների մասին խոսում է միասնական արտաքին քաղաքականության վարման շրջանակներում ինտեգրված կուսակցական գործիչների շուրթերով: Օրերս այդ երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն էր հայտարարել, թե նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա: Այս հայտարարությամբ պաշտոնական Անկարան ակնարկում է, որ այսօր էլ հայ-թուրքական հարաբերություններին խանգարում են երրորդ երկրները: Նման կարծիքի շրջանառումը գործընթացների իրական պատկերի քողարկում է: Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանով եւ մյուս կողմից էլ, ըստ էության, դժգոհում հայկական կողմից վերջինիս հետ խնդիրների լուծման հարցում դանդաղկոտության եւ գործնական քայլերի բացակայությունից, ապա սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն այսօր խանգարում է ոչ թե ինչ-որ երրորդ երկիր, այլ հենց Ադրբեջանը՝ իր միակողմանի առավելապաշտական պահանջներով:
Հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար պետք է հավասարապես հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, եւ փոխզիջումներ լինեն: Եթե այսօր Էրդողանն առաջընթաց չի տեսնում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, ապա նշանակում է, որ Ադրբեջանն է հանդես գալիս 44-օրյա ագրեսիայի դիրքերից՝ մոռանալով, որ քաղաքական բանակցություններում ռազմական տեխնիկայի առավելության փաստարկի օգտագործումը ոչ միայն ընդունված չէ, այլեւ դիվանագիտության նորմերով արգելված է:
Այսպիսով՝ հայ-թուրքական հարաբերություններում եթե պաշտոնական Անկարան առաջ է քաշում Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայմանը, իսկ մյուս կողմից էլ դժգոհում հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հարցում հստակ քայլերի բացակայությունից, հետեւաբար՝ Անկարան իր մտահոգությունները եւ դժգոհությունները պետք է հայտնի Բաքվին: Բայց քանի որ Ալիեւը իր բոլոր քայլերն ու կարգավորման գործընթացների հիմքում դրած պահանջները համաձայնեցնում է Էրդողանի հետ, Թուրքիայի առաջնորդը կարգավորման գործընթացի դանդաղման պատճառը պետք է փնտրի սեփական վարքագծում եւ արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրած սկզբունքներում: