Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ տարածված՝ հիմնականում արարողակարգային հաղորդագրություններում որեւէ որոշակի տեղեկատվություն արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ չկար: Հանդիպումից մեկ շաբաթ անց Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ փակագծեր բացեց: Նա հայտարարեց, որ կողմերը Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել օրակարգի կարեւորագույն հարցերի, մասնավորապես` արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների չգալու պատճառով:
Նա նաեւ նշեց՝ Ադրբեջանը համարում է, որ Արցախի խնդիրը լուծված է, եւ այլեւս քննարկելու բան չկա։ «Մեր դիրքորոշումը եւ ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,-հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ հարցում Բաքվի տեսակետը չի կիսում նաեւ Մոսկվան։ ՀՀ վարչապետը հայտնեց, որ, չնայած դրան, երկու երկրներն էլ փաստել են խաղաղության հասնելու իրենց ցանկության մասին։
ՀՀ վարչապետի բացած փակագծերն ավելորդ անգամ փաստում են, որ Ալիեւը համառում է իր՝ հայտնի ձեւակերպումը հնչեցնելու հարցում: Բայց Բաքվի այս ծայրահեղական մոտեցումը հիմնարար խոչընդոտ է հայ-ադրբեջանական բանակցությունների եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ միջազգային կառույցները եւ միջնորդ երկրները սեղմ ժամկետներում կարգավորում են ակնկալում:
Լիովին կանխատեսելի էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն ավարտված համարող Ալիեւը ԵՄ մայրաքաղաքում պետք է պնդեր իր մոտեցումը: Եվրոպական կառույցները կառուցողական դաշտ բերելու համար առայժմ պարտադրանքի կոշտ գործիքակազմ չեն կիրառում Ադրբեջանի դեմ՝ բավարարվելով հիմնականում պատերազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների հարցում Ադրբեջանին համապատասխան որոշումներով նախազգուշացնելով, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները թելադրում են տարածաշրջանում կայունության ապահովում` հատկապես 44-օրյա պատերազմից հետո:
Վերջինիս տրամաբանության համատեքստում է բրյուսելյան հանդիպումից օրեր անց ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի այցը Բաքու, որի նպատակը նույնն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը օրերս հայտնեց, որ մոտ ժամանակներս Խովաեւը ծրագրում է այդ նպատակով այցելել նաեւ Երեւան։ Դատելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բովանդակության վերաբերյալ հրապարակվող աղքատ տեղեկատվությունից՝ Բրյուսելի եւ Մոսկվայի միջնորդական ջանքերում կարգավորման օրակարգային կետերի վերաբերյալ տարաձայնություններ չկան, տարբերությունն այն է, թե այդ կետերից որի՞ն են նրանք առաջնայնություն տալիս:
Ռուսական կողմն առաջնային նշանակություն է տալիս իր եւ երկու կողմերի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացմանը, ներառյալ՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների ամրապնդումը՝ օրակարգում պահելով խաղաղության պայմանագրի ստորագրումը: Բրյուսելն օրակարգի առաջին կետ է տեղափոխում խաղաղության համաձայնագրի ընդունումը, որում անխուսափելիորեն ընդգրկված է Արցախի հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման ենթահարցը:
Վերջինս ենթադրում է նաեւ Արցախի կարգավիճակի խնդրի քննարկում, որից առայժմ փորձում է խուսափել Ադրբեջանը: Նրա նման վարքը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ բոլորի համար միանշանակ պարզ է՝ Ադրբեջանն Արցախի Հանրապետության վրա որեւէ ազդեցություն չունի, առավել եւս արցախցիների դեմ 44-օրյա ագրեսիայից հետո: Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության պայմաններում Արցախի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող ընդհանուր պետության մեջ լինել Ադրբեջանի հետ: Սա, բնականաբար, լավ է գիտակցում Ալիեւը եւ, չնայած հնչեցվող հայտարարություններին, վերջնականապես չի խզում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապը: Միջազգայնորեն ընդունված արցախյան խնդրի կարգավորման մինսկյան ձեւաչափը վերացնելու դեպքում էլ արցախյան հիմնահարցն իր ողջ ծավալով մնալու է, եւ օրինաչափորեն առաջ է գալու այն լուծելու մեկ այլ միջազգային ձեւաչափի ձեւավորման պահանջ, բայց Ադրբեջանին ԵԱՀԿ հարթակից բացի այլ միջազգային հարթակ ակնհայտորեն ձեռնտու չէ, քանի որ նրանցում հիմնական շեշտադրումը ազգերի իրավունքների վրա է դրվում:
Հետեւաբար՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է լինելու՝ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, որտեղ համադրված են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է, եւ համանախագահների աճող ակտիվության մասին է փաստում նախօրեին ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը: