Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող տեսանյութերն ավելորդ անգամ հաստատում են այդ երկրում իշխող հայատյացության պետական քաղաքականության գերակայության մասին: Պաշտոնական Բաքվի կողմից այն հետեւողականորեն վարվում էր 30 տարիների ընթացքում, որը չդադարեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո: Ինչպես այդ, այնպես էլ սեպտեմբերի 13-14-ի ռազմական բախումից հետո համացանցում տարածված պատերազմական հանցագործությունների տեսագրությունները փաստում են, որ երկար ճանապարհ պետք է անցնել, որպեսզի ադրբեջանական հասարակությունը պատրաստ լինի խաղաղ գոյակցելու հարեւանների հետ:
Մյուս կողմից՝ նման տեսագրությունների տարածումը խոսում է ադրբեջանական պետական քարոզչության հետեւանքով այդ երկրի հասարակության մեջ ձեւավորված բարդույթի մասին: Երեք տասնամյակ այդ հասարակության մեջ ներարկվել են պարտվածի բարդույթը եւ հայի թշնամական կերպարը, ինչը դրսեւորվում է սոցիալական ցանցերում նման տեսագրությունների տարածմամբ եւ դրանց տակ գրվող մեկնաբանություններով: Այն նաեւ մեծ վերապահումներ է նախանշում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասով: Եթե այդ երկիրն իրոք ցանկանում է խաղաղություն, համակեցություն եւ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացում, ապա առաջին հերթին դրան պետք է պատրաստի իր հասարակությանը:
Պարզվում է, որ այս իրականությունը լավ է գիտակցում պաշտոնական Բաքուն, եւ, ինչպես վերջին հարցազրույցի ժամանակ բանակցային գործընթացից մանրամասներ հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը չի պատկերացնում պատերազմներից հետո տարանցիկ ճանապարհներին եւ անցակետերում ադրբեջանական մեքենաների զննումը ՀՀ համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից: Բնական է, որ նման պատերազմական բազմաթիվ հանցագործություններից հետո ադրբեջանական կողմը պետք է մտահոգված լինի հնարավոր պատասխաններից:
Այս ամենից զատ եւ առաջին հերթին՝ տարածված տեսանյութերն ադրբեջանական զինուժի իրականացրած պատերազմական հանցագործությունների փաստագրումներ են, որոնք ադրբեջանցիները պատրաստել եւ աշխարհին ներկայացրել են սեփական ձեռքերով: ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ արդեն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից այս եւ նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ «Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում եւ ատյաններում խնդրի բարձրաձայնմանը եւ վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է»,- ասված է հայտարարության մեջ։
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ «Twitter»-ում գրել է, որ եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, եւ մեղավորները պատժվեն։ Բաքվից տարածված հաղորդագրությունը, թե հրապարակված տեսանյութերի մասով քննություն է իրականացվում, հերթական քարոզչական խայծն է: Նախկինում եւս նմանատիպ հայտարարություններ եղել են, որոնց, սակայն, որեւէ հետեւանք չի ապահովվել: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Ադրբեջանի պետական համակարգն այլեւ ի վիճակի չէ վերահսկել հայատյացության դրսեւորումները, որոնք առկա են այդ երկրի հասարակությունում՝ հենց պետության ջանքերի պատճառով:
Այսօր առաջնային է միջազգային հանրությանն այն իրողությունը հասցնելը, որ ադրբեջանական զինուժը տեսագրություն է տարածում, թե իբր օգնում են վիրավոր հայ զինվորին, բայց դրանից մի քանի օր անց հայկական կողմին են հանձնում ուսից վիրավորված նույն այդ զինծառայողի դին, նկարում են գերեվարվածներին, այնուհետեւ համացանցում հրապարակվում են նրանց գնդակահարելու կադրեր: Հանցագործությունների մասին աշխարհին իրազեկելը կարեւոր է ոչ միայն միջազգային հանրության ճնշումների առումով, այլեւ 21-րդ դարում Ադրբեջանի կողմից բարբարոսական բարքերը ծաղկեցնելու քայլերն ի ցույց դնելու համար: