Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել առաջատարի եւ առաջնորդողի դերն ունենալու հավակնությունները ներկայիս փոփոխվող աշխարհում։ Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրեց ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ նախանշված են այս երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ 48 էջանոց փաստաթուղթն ուրվագծում է, թե ինչպես ներկայիս վարչակազմը կօգտագործի հաջորդ տասնամյակը՝ Ամերիկայի կենսական շահերն առաջ տանելու, աշխարհաքաղաքական մրցակիցներին շրջանցելու համար։ Մասնավորապես, նշված է, որ «այս ռազմավարությունը հիմնված է ազգային շահերի վրա», ինչպիսիք են «ամերիկյան ժողովրդի անվտանգությունը», որը պետք է պաշտպանվի, «տնտեսական հնարավորությունների» ընդլայնումը եւ «ժողովրդավարական արժեքների» իրականացումը։ Այս ամենը, ըստ ռազմավարության հեղինակների, «ընկած է ամերիկյան կենսակերպի հիմքում»։
Ռազմավարության համաձայն՝ նպատակներին հասնելու համար Միացյալ Նահանգները ներդրումներ է անելու ամերիկյան հզորության եւ ազդեցության հիմնական աղբյուրներում ու գործիքներում՝ ստեղծելու համար ազգերի հնարավորինս ուժեղ կոալիցիա, ամրապնդելու հավաքական ազդեցությունը՝ գլոբալ ռազմավարական միջավայր ձեւավորելու եւ ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Կարեւոր տեղ է հատկացվելու սեփական զինված ուժերի ուժեղացմանն ու արդիականացմանը՝ մրցակցության դարաշրջանին պատրաստ լինելու համար: «Մենք չենք կարող հաջողությամբ մրցակցել միջազգային կարգի ձեւավորման գործում, եթե չունենք ընդհանուր խնդիրների լուծման հստակ ծրագիր եւ չենք կարող դա անել, եթե չհասկանանք, թե ինչպես է աճող մրցակցությունն ազդում համագործակցության վրա, եւ չգործենք դրան համապատասխան»,- նշված է փաստաթղթում։
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից հետո Միացյալ Նահանգների համար «Ռուսաստանն ուղղակի վտանգ է ներկայացնում ազատ եւ բաց միջազգային համակարգի համար», «խախտում է միջազգային կարգի հիմնական օրենքները» եւ որին պետք է զսպել։ Ըստ փաստաթղթի, առավել մեծ մարտահրավեր է ներկայացնում Չինաստանը, որը «միակ մրցակիցն է միջազգային կարգը փոխելու մտադրությամբ եւ այդ նպատակին հասնելու համար տնտեսական, դիվանագիտական, ռազմական եւ տեխնոլոգիական հզորության աճով»: Միացյալ Նահանգներն իր առջեւ խնդիր է դնում հաղթել Չինաստանին տնտեսական մրցակցությունում՝ աշխարհում իր ազդեցությունը պահպանելու համար։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել էր, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, իրոք, հետաձգեց փաստաթղթի մշակումը, բայց հիմնովին չփոխեց Բայդենի մոտեցումը արտաքին քաղաքականության նկատմամբ»։
ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ մեզ համար առավել հետաքրքրություն են ներկայացնում մեր տարածաշրջանի նկատմամբ մոտեցումները։ Թուրքիայի մասով ռազմավարության մեջ ասվում է. «Մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ՝ ամրապնդելու նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ կապերը Արեւմուտքի հետ»: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կորցնել Թուրքիան, եւ որքան էլ լարված լինեն երկու պետությունների միջեւ հարաբերությունները կամ տարբեր խնդիրների շուրջ տարակարծություններ լինեն, միեւնույն է, Միացյալ Նահանգները ցանկանում է այդ երկիրը պահել իր դաշնակիցների եւ գործընկերների շրջանակում։ ԱՄՆ-ի հետաքրքրությունը եւ հարաբերությունները պահպանելու շահագրգռվածությունը տեսնում է Թուրքիայի նախագահը եւ կարողանում է լավագույն կերպով օգուտ ստանալ դրանից։ Էրդողանը ցանկանում է լինել «արդար միջնորդ» թե Արեւմուտք-Ռուսաստան, թե Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության մեջ, ցանկանում է Թուրքիան դարձնել էներգետիկ կենտրոն, փորձում է լուծել ցորենի մատակարարման հարցերը, մի կողմից գնում է ամերիկյան F-16 կործանիչներ, մյուս կողմից՝ ռուսական Ս-400-ներ։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանի գործողությունների եւ հայտարարությունների մեջ չկա հետեւողականություն, սակայն թուրքական դիվանագիտությանը քաջատեղյակները հասկանում են, որ այդ ամենն ունի ներքին տրամաբանություն, այն է՝ հնարավորինս շատ զիջումներ ստանալ ներգրավված բոլոր կողմերից սեփական շահն ու թուրքական օրակարգն առաջ տանելու համար։
Բայդեն-Հարիսի վարչակազմի փաստաթղթում անդրադարձ կա Վրաստանին եւ Մոլդովային, ըստ որի, աջակցություն է ցուցաբերվելու նրանց «եվրոպական ձգտումներին» եւ կարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով նրանց նվիրվածությանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է արձանագրենք, որ մեր երկիրը որպես առանձին սուբյեկտ չի հետաքրքրում Միացյալ Նահանգներին։ «Մենք կաջակցենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին» նախադասությամբ ավարտվում է այս ուղղությամբ նախանշված քաղաքականությունը։ Սրանով մեկ անգամ եւս փաստում ենք, որ «Հարավային Կովկաս» աշխարհաքաղաքական եւ տնտեսական միավորը Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է որպես մեկ հարթակ, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ այս գերտերությունը չի նախատեսում տարբեր մոտեցումներ եւ ծրագրեր։ Հիշեցնենք, որ այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում նշել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այդպիսին է լինելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ առնվազն առաջիկա տասը տարիների կտրվածքով։