Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Թեհրանը շահագրգռված է Հայաստանին զենք մատակարարելու հարցում

Հոկտեմբերի 26, 2022
Տարածաշրջան
Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
162
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին անհանգստացնում է Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությունը, ուստի այդ երկիրը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանների մոտ: Բաքվում պարզապես սարսափահար են եղել իրադարձությունների նման ընթացքից, եւ իշխանական մամուլը գիշեր ու զօր տարփողում է ադրբեջանական անպարտելիության միֆը՝ միաժամանակ փորձելով ցրել այն տպավորությունը, որ կա Հայաստանի հետագա հզորացման նախադրյալների մասին:

Հասկանալի է՝ Բաքուն ձգտում է ազատվել իր վախերից, որոնք խուճապի պատճառ կարող են դառնալ, սակայն դժվար է շարքային ադրբեջանցուն բացատրել, թե ինչու են օրեցօր ավելի ու ավելի կոշտանում իրանական հայտարարությունները եւ ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ Ադրբեջանի համար: Թեհրանը, ինչպես բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, հանդես է գալիս սահմանների ցանկացած փոփոխության դեմ: Ադրբեջանա-թուրքական դավադրությունը՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ, ուժեղացնում է Իրանի ղեկավարության պատրաստակամությունը՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին՝ հակամարտության մեջ մտնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա արցախյան պատերազմն իրանական պետության ղեկավարությանը համոզեց, որ Հայաստանի հետ սահմանի փակումն իր համար կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Իրանում հասկանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» գազամուղներ ու նավթամուղներ անցկացնել, ինչը սպառնալիք է Թեհրանի համար՝ կապված իրանական էներգակիրների տարանցման հետ: Իրանը կկորցնի Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ իր տարանցիկության նշանակությունը: Միեւնույն ժամանակ վտանգ կա, որ նման միջանցքի ստեղծումը կարող է սպառնալ Կենտրոնական Ասիայի երկրների համար Իրանի տարանցիկ դերին: Իրանը նրանց համար տրանսպորտային յուրահատուկ հանգույց է: Թեհրանը, իհարկե, հակազդեցության միջոց կգտնի, հնարավոր է նույնիսկ՝ ռազմական ուժ կիրառի տարածաշրջանում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է մասնակցել երկրից դուրս իրականացվող օպերացիաներին: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների մոտակայքում Իրանը զանգվածային զորավարժություններ է անցկացնում: Հարձակողական գործողություններ են մշակվում՝ կապված տարանցիկ ուղիների, քաղաքների ու բնակավայրերի հնարավոր գրավման հետ: Մարզումների ընթացքում զինվորականները մշակում են ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ մանեւրներ, ինչպես նաեւ օգտագործում են հարվածային անօդաչուներ ու թափառող ռումբեր: Բացի այդ, զինվորները կառուցում են լողացող կամուրջներ Արաքս գետի վրա. այն անցնելու նախապատրաստությունն արդեն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:

Հոկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան Իրանին «արգելել» է Հայաստանին «SHAHED-136» դրոն-կամիկաձեներ վաճառել: Թուրք քաղաքական գործիչներն են նման հայտարարություններ կատարել: Ամենայն հավանականությամբ, այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Իրանը բանակցություններ են վարում կոնկրետ նման թռչող սարքերի առաքման վերաբերյալ պայմանագրի կնքման շուրջ:

Իրանցի լրագրող Հայալա Մուազինի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նախազգուշացումը, որն արվել է թուրք քաղաքական գործիչների կողմից, շատ լուրջ վտանգ է առաջացնում. Թուրքիայի փորձերը՝ խանգարելու բարձր տեխնոլոգիական զենքի մատակարարմանը, փաստում են, որ Անկարան եւ Բաքուն պատրաստվում են ռազմական նոր հակամարտության, իսկ հարվածային դրոն-կամիկաձեները բարձր արդյունավետություն են ցուցադրել, ինչից նրանք, բնականաբար, զգուշանում են:

Թեհրանը, ընդհակառակը, չափազանց հետաքրքրված է՝ Հայաստանին զենք մատակարարելու, քանզի կտրականապես դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին:

Օրերս Եվրամիության խորհուրդը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, այս անգամ՝ Ռուսաստանին անօդաչուների մատակարարման համար, ինչպես պնդում են ԵՄ-ի պաշտոնյաները: Ըստ նրանց՝ ռուսներն այն ակտիվորեն կիրառել են Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու համար: Թեհրանը հերքում է, որ Ռուսաստանին դրոններ է մատակարարել: Ինչեւէ, ԵՄ-ի պետությունները որոշել են սառեցնել երեք ֆիզիկական եւ մեկ իրավաբանական անձանց ակտիվները, որոնք «պատասխանատու են դրոնների մատակարարման համար»: Պատժամիջոցների այսքան համեստ ծավալը վկայում է, որ Բրյուսելն ավելի

շուտ քաղաքական ժեստ է արել, քան ցանկացել է իրական ճնշում գործադրել Իրանի վրա:

Միանգամայն հնարավոր է, որ միեւնույն ժամանակ հաշվի են առնվել Միացյալ Նահանգների հետաքրքրությունները: Վաշինգտոնը, չնայած Կիեւին ամեն կերպ օգնելու վճռականությանը, այժմ պատրաստ չէ Թեհրանի հետ հարաբերությունների կտրուկ սրմանը: Եվ ակնհայտորեն պատրաստ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել իրանական «Միջուկային գործարքի» վերականգնման շուրջ բանակցությունները: Հարկ է նշել, որ վերջերս Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, թե բավարարված է «միջուկային գործարքի» վերականգնման շուրջ բանակցային գործընթացից: «Կարող եմ ասել, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ ամեն բան ճիշտ է ընթանում»,- ասել է նա: Ավելին՝ նոր իրողությունները նոր քաղաքականություն են ենթադրում, եւ շատ հավանական է, որ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը կձգտեն կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, եւ տեղի ունեցող գործընթացներն այժմ այդ առումով որոշակի հույսեր են ներշնչում:

Իրանական անօդաչուների թեման կարեւոր է ոչ միայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Վերը նշված հայտարարությունը՝ կապված «Միջուկային գործարքի» հետ, Աբդոլլահիանն արել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ հիմա բավական ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, որ Երեւանը կգնի իրանական անօդաչուներ՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների», որոնք Անկարան մատակարարում է Բաքվին:

Այդ տեսակի զենքի ստեղծման մեջ Իրանի հաջողությունների մասին է խոսել այդ երկրի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: «Երբ մի քանի տարի առաջ հրապարակվեցին մեր դրոնների լուսանկարները, կարծիքներ հնչեցին, որ դա ֆոտոմոնտաժ է: Հիմա այդ անօդաչուներին ահեղ են անվանում»,- նրա խոսքերը մեջբերել է «Bloomberg»-ը:

ԱԹՍ-ների նկատմամբ հետաքրքրությունը հիմա շատ մեծ է աշխարհում: Փորձագետները նշում են, որ Իրանին, որի դեմ, թվում է, արդեն վաղուց կիրառվել են տնտեսական հնարավոր բոլոր պատժամիջոցները, հաջողվել է թեկուզ հասարակ, բայց բավական արդյունավետ զենքի զանգվածային արտադրություն սկսել: Ըստ Խամենեիի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիի՝ իրանական անօդաչուների գնման հերթում այս պահին 22 պետություն կա: Հայաստանից բացի, դրանց թվում նշվում է Տաջիկստանը:

Ճիշտ այնպես, ինչպես անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցում, ուրվագծվում են «հակամարտող թիմեր» (Հայաստանը եւ Իրանը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի), ընթանում է դաշնակիցների ձեւավորման գործընթաց, սկսվել է այնպիսի զենքի փնտրտուք, որը կարող է դրոններ խփել…

Այն օրը, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանը ժամանեց Երեւան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Կովսական, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներով: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ նա մասնակցել է օդանավակայանի բացմանը: Այս այցով Թուրքիայի ղեկավարն ազդանշան էր ուղարկում ոչ միայն Հայաստանին, այլեւ Իրանին: Էրդողանի հետ էր նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իսկ Կովսականը Հայաստանի Սյունիքի մարզից ընդամենը 20 կմ է հեռու: Ըստ թուրք-ադրբեջանական դավադրության՝ Կովսականով պետք է անցնեն ավտոմոբիլային ու երկաթգծային երթուղիները, որոնց միջոցով Բաքուն, ըստ պլանի, պետք է կապվի Նախիջեւանի եւ Թուրքիայի արեւելքի հետ: Իսկ Կովսականի օդանավակայանից մինչեւ ամենամոտ իրանական գյուղն ընդամենը 6 կմ է:

«Հարեւան երկրների համար այս զորավարժությունները խաղաղության, բարեկամության եւ անվտանգության ամրացման մտադրությունների մասին ուղերձ են, իսկ թշնամիների համար՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի վճռականության հաստատում՝ պաշտպանելու երկրի սահմանները եւ դիմակայելու ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը:

Իսկ թե ում են Թեհրանում բարի հարեւան համարում, ում՝ թշնամի, հեշտ է հասկանալ: «Իրանը չի թույլատրի արգելափակել երթուղիները, որոնք իրեն կապում են Հայաստանի հետ, եւ որպեսզի ապահովի դա, Իսլամական Հանրապետությունը զորավարժություններ է սկսել այս տարածաշրջանում»,- իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Թեհրանը ցուցադրում է, որ վերահսկում է իրավիճակը սահմաններին, եւ ցանկացած փորձի, որը նպատակ կունենա օգտվել Իրանում անկայունությունից, կոշտ պատասխան կտրվի:

Ավելացնենք, որ Իրանը չի թույլատրել տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի՝ Հայաստանը պետք է կտրվեր Իրանից: Աբդոլլահիանն այս մասին հայտարարել է «Ժողովրդավարության դաշտը» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում. «Շատ վտանգավոր սցենար էր իրագործվում, որով ենթադրվում էր տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն: Նույնիսկ ջանքեր էին գործադրվում կտրել Իրանի ու Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հին ճանապարհը: Իրանը դա չթույլատրեց»: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը դա արել է դեռ զորավարժություններից առաջ: «Մենք ձգտեցինք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով»,- ավելացրել է նախարարը:

Թեգեր: ԱԹՍԻրանՀարավային Կովկասմիջանցք
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ասկերանը՝ նոր փորձությունները հաղթահարելու ճանապարհին

Ասկերանը՝ նոր փորձությունները հաղթահարելու ճանապարհին

«Միացյալ հայկական պետությո՞ւն»

«Միացյալ հայկական պետությո՞ւն»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist