Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ այցը Թբիլիսի ուշագրավ է այն հանգամանքով, որ դրա մասին նախօրոք որեւէ տեղեկություն չէր հաղորդվել, եւ այն, կարելի է ասել, կազմակերպվել էր էքսպրոմտային տրամաբանության շրջանակներում: Նույնիսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ալիեւի այցի մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ նա վերադարձել է Ադրբեջան: Սա միջադեպ է, որը, մեղմ ասած, անբացատրելի է նման մակարդակի իրադարձությունների համար:
Բայց այն, որ Վրաստանի նախագահը տեղեկացված չէր սպասվող այցի մասին, որոշ փորձագետների կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ նախագահի լարված հարաբերությունների հետեւանքն է: Վերլուծաբանների մի մասն էլ չի բացառում, որ սահմանափակ ժամանակով Թբիլիսի այցելած Իլհամ Ալիեւը որոշել է այս անգամ բանակցություններ չվարել Զուրաբիշվիլիի հետ: Վերջինս, ըստ Վրաստանի սահմանադրության, ընդհանուր առմամբ, միայն ներկայացուցչական գործառույթներ ունի: Բացի այդ, կարծիք կա, որ Բաքվին մի քանի տարի առաջ նեղացրել է Զուրաբիշվիլիի ելույթի տոնայնությունն Ադրբեջան կատարած այցելության ընթացքում, եւ դրա նստվածքը մինչ օրս մնացել է:
Սակայն եթե ավելի խորքային վերլուծություն կատարենք, կպարզվի, որ Վրաստանի նախագահի հետ չհանդիպելը գիտակցված քայլ էր, եւ թեման չպետք է քննարկվեր ընդգծված եվրոպական ուղղություն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Իսկ ահա վարչապետի հետ հանդիպման հնարավորությունն Ալիեւին հույս էր ներշնչել այնքանով, որքանով Ղարիբաշվիլին պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, ավելին՝ զորք եւ զենք չի ուղարկել Ուկրաինա, լարված հարաբերություններ ունի Կիեւի հետ, ինչով, ըստ Բաքվի, ազդարարել է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության մասին: «Վրացական երազանքն» իր քաղաքականությունը չփոխեց նաեւ այն բանից հետո, երբ Եվրամիությունը, ելնելով նաեւ նշված պատճառներից, Վրաստանին ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ չտվեց: Ադրբեջանը, որը 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից մինչ օրս Հարավային Կովկասում գործում է «ռուսական թույլտվության» պայմաններում, ստիպված է փորձել՝ Իրանի ու Հայաստանի նկատվող դաշնակցությունը փլուզելու Վրաստանի միջոցով, քանի որ Թբիլիսին «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում…
Ղարիբաշվիլին ու Ալիեւը բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Վրաստանի վարչապետի խոսքով՝ քննարկվել են Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության ամրապնդման հարցերը, Ուկրաինայում իրադարձությունները եւ իրավիճակը տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացի մեկնարկը: «Դա մեզ հնարավորություն է տալիս լավատեսորեն նայել ապագային»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ըստ Ալիեւի՝ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ համաձայնագիր ստորագրեն, եւ ինքը հույս ունի, որ Երեւանը «քաղաքական կամք կդրսեւորի»: «Մենք Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի միջեւ խորհրդակցության անցկացման հնարավորություն ունենք: Եթե Հայաստանը պատրաստ լինի, կարող ենք այդ ձեւաչափն սկսել թեկուզ այսօր»,- ասել է Ալիեւը:
Ալիեւի այդ հայտարարությունը բարձր է գնահատել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Կելլի Դեգնանը: Նա Ադրբեջանի նախագահի խոսքերը հուսադրող է անվանել եւ հասկացրել է, որ Վրաստանը կարող է դրական գործառույթ ստանձնել Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում, ճիշտ այնպես, ինչպես կարեւոր դեր է խաղացել Ադրբեջանի կողմից որոշ հայ գերիների վերադարձի գործընթացում…
Ալիեւի ու Ղարիբաշվիլիի մամուլի ասուլիսի ոչ պաշտոնական մասը լիովին հաստատում է էկոնոմիկայի ոլորտում փորձագետների կանխատեսումները, ըստ որոնց՝ Ադրբեջանի ղեկավարն այցի ընթացքում կիսվել է Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարերով ածխաջրածինների արտահանումն ավելացնելու ծրագրերով: «Մենք փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել Եվրոպայի հետ, եւ առաջիկա հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը ԵՄ: Մինչեւ 2027 թ. մտադիր ենք մատակարարել գրեթե 20 մլրդ խմ բնական գազ: Պլանավորում ենք ավելացնել նաեւ նավթի արտահանումը: Այս ամենը քննարկել ենք Վրաստանի վարչապետի հետ»,- նշել է Ալիեւը:
Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը խոսել են նաեւ այնպիսի հարցերի մասին, որոնք կապված են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ապրանքաշրջանառության աճի հետ:
Փորձագետների գերակշռող մեծամասնությունը վստահ է, որ հիմնական հարցերը, որոնց մասին Ալիեւը խոսել է իր այցի ընթացքում, փակ բնույթ են կրում, եւ դրանք հայտնի կդառնան ավելի ուշ: Այն ամենը, ինչի մասին Ալիեւն ու Ղարիբաշվիլին խոսել են մամուլի ասուլիսի ընթացքում, կարեւոր է: Բայց շատ ավելի կարեւոր է այն, ինչի մասին չի հայտարարվել: Ալիեւը Թբիլիսի է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից անմիջապես հետո: Վերջինս Կովսական էր այցելել ադրբեջանական օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով կամ պարզապես պատրվակով: Էրդողանի հետ հանդիպումից հետո Ալիեւը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այսուհետ Կովկասում բոլոր հարցերը կլուծվեն այնպես, ինչպես ցանկանում են Անկարան ու Բաքուն: Ալիեւը Թբիլիսի կարող էր ժամանել այդ ուղերձով՝ փաստացի «ձեւավորելով նոր իրողություն տարածաշրջանում». Թուրքիան ու Ադրբեջանը, իբր, լիդերներ են, իսկ Վրաստանն ու Հայաստանը պետք է հետեւեն նրանց՝ զբաղեցնելով հետնապահի դերը: Ալիեւը շեշտել է, որ այս մոտեցման մեջ Ռուսաստանը տեղ չունի, որովհետեւ վիճել է Վրաստանի հետ, կորցնում է ազդեցությունը Հայաստանում ու փորձում է ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, իսկ Բաքուն ոչ մեկի ու ոչնչի չի զիջի Թուրքիայի հետ ռազմավարական գործակցությունը:
Ըստ որոշ փորձագետների՝ «տարածաշրջանում ռուսական ազդեցությունը կհասցվի նվազագույնի, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման արեւմտյան պլանը, ինչը ենթադրում է հրաժարում Լեռնային Ղարաբաղին քաղաքական աջակցությունից եւ նրա ճանաչում որպես Ադրբեջանի մաս»: Բայց Ադրբեջանին ձեռնտու է, որ Հայաստանը մնա ռուսական ուղեծրում եւ իր որոշումները կայացնելիս խորհրդակցի միայն Մոսկվայի հետ: Բաքուն, ակնհայտ է, որոշակի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, եւ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ռուսական կողմնորոշումն է նրա համար ապահովում սեփական հավակնությունների իրականացումը: Ուստի նրա ցուցադրած «հակառուսական ձգտումները» ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ ունեն այլ ազդակներ: Թշնամական ուժերը չէին էլ կարող ենթադրել, որ ավելի քան 300 տարի Ռուսաստանի հետ իր ապագան կապած Հայաստանը կարող է նկատելի փոփոխություններ կատարել արտաքին քաղաքականության մեջ, սակայն անվտանգային նոր համակարգի ստեղծման անհրաժեշտությունն իր պայմաններն է թելադրում: Բաքուն այժմ ոչ թե Ռուսաստանի տարածաշրջանային դերի դեմ է հանդես գալիս, այլեւ փորձում է խաղից դուրս թողնել Վրաստանին եւ Իրանին՝ մեծացնելու համար Բաքու-Անկարա զույգի դերակատարումը: Թուրքիան զբաղված է Ռուսաստանի առաջարկով գազային հանգույց դառնալու խնդրի լուծմամբ, եւ դա այնքան կարեւոր է Բաքվի ու Անկարայի համար, որ հնարավոր այլընտրանքները չեզոքացնելու նպատակով Կովսականում կայացած Ալիեւ-Էրդողան հանդիպումից հետո Ալիեւը շտապ մեկնել է Թբիլիսի, այնքան շտապ, որ համապատասխան օղակները չեն հասցրել այդ այցի մասին տեղեկացնել անգամ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Երկրորդ՝ Արեւմուտքը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անպայման պետք է քննարկման առարկա դառնա: Թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ Ադրբեջանի ստորագրած գազային համաձայնագիրը լուծում է Բաքվի բոլոր խնդիրները: Սա շատ մակերեսային մոտեցում է, քանի որ Եվրոպան հասցեական կերպով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, օրեցօր ավելի ու ավելի մեծ թվով եվրոպական պաշտոնյաներ են ժամանում Երեւան՝ իրենց համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդի մղած ազատագրական պատերազմին: Բացի այդ, Եվրախորհրդարանում նույն Լյաենին ուղղված հարցեր են հնչում, թե իր արժեհամակարգը դրոշ դարձրած Եվրոպային ի՞նչն է ավելի շատ հետաքրքրում՝ ադրբեջանական նա՞վթը, թե՞ հայկական արյունը…
Ալիեւի թբիլիսյան այցին ու նրա հետապնդած իրական նպատակներին կանդրադառնանք նաեւ «ՀՀ»-ի հաջորդ համարում: