Հանուն արժանապատիվ եւ անվտանգ Արցախի. այս կարգախոսն է հիմնականում հնչեցվել հոկտեմբերի 30-ին ԱՀ Ազգային ժողովի կողմից հրավիրված արտահերթ նիստում եւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում, որ կազմակերպվել էր 1988-ի շարժման ոգով…
Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջարկվող սկզբունքներն ու մոտեցումները վճռորոշ նշանակություն կարող են ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրի, Հայաստանի, տարածաշրջանային մյուս երկրների համար: Այդ կապակցությամբ միջազգային տարբեր հարթակներում տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, ոչ պաշտոնական ազդակները մտահոգության լուրջ առիթ են արցախցիների համար, որոնց ինքնորոշման իրավունքի կիրառումը, անկախությունն ու ազատությունը վտանգված են…
ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը հանդես գալով ելույթ-ուղերձով մասնավորապես դիմեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մեր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին, աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ընդգծելով, թե փոքրիկ աշխարհատարածքը վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատեւելու իրավունքը: «Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչեք նրա ինքնորոշման իրավունքը,- ասաց նա:- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել եւ չի կարող լինել: Ինչպես ԱՀ նախագահն է հայտարարել՝ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից եւ կասկածի տակ դնում Արցախի գոյությունը»:
Ապա խորհրդարանի պատգամավոր Արեգ Ավագյանը հրապարակեց Ազգային ժողովի հայտարարությունը, որտեղ արտահայտվում է Արցախի ժողովրդի հավաքական կամքը եւ մերժվում Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ:
Արտահերթ նիստում հանդես գալով ելույթով՝ «Արցախի ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշեց. «Արդեն երկու տարի է, ինչ Արցախի Հանրապետության ժողովուրդը ապրում ու արարում է ոչ սովորական պայմաններում. անորոշություն, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ, ենթակառուցվածքների պարբերական խաթարումներ եւ նման տասնյակ խնդիրներ: Երկու տարի է Արցախի ժողովուրդը տագնապի զանգ է հնչեցնում միջազգային հանրությանը եւ բոլոր շահագրգիռ կառույցներին՝ փորձելով նրանց հասցնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները՝ բազմիցս խախտելով կրակի դադարեցման եւ բոլոր ռազմական գործողություններին վերջ տալու եռակողմ հայտարարության ելակետային դրույթը, ոտնահարելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության միջազգային սկզբունքը»:
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի համոզմամբ, անկախ եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն է. «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին անցկացնելով անկախության մասին հանրաքվե: Արցախի ժողովուրդն ինքնորոշման իր իրավունքն իրացրել է միջազգային իրավունքների հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաեւ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան: Ուստի իր բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցագործություններից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքն ու պարտականությունը ժողովրդավարական ընթացակարգերով ընտրված Արցախի իշխանություններինն է, իսկ միջազգային հանրությունն իր հերթին պետք է խրախուսի ու օգնի Արցախին իրացնելու այս պարտականությունը»: Նա հավելեց, թե չնայած Արցախի ժողովուրդն իր կեցությամբ, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բաղադրիչի անվտանգությամբ շաղկապվում է Հայաստան-Արցախ-սփյուռք համակարգին, այնուամենայնիվ, ռազմաքաղաքական կայունության հեռանկարն օբյեկտիվորեն դիտարկում է առավելապես Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո:
«Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, անկախության ավելի քան 31 տարվա պայքարի ընթացքում Արցախի ժողովուրդը անդադար փորձում էր իր արդարացի պահանջը հասցնել միջազգային հանրությանը, բայց ցավոք տարբեր սուբյեկտիվ պատճառներով մեր ձայնը լսելի չէր նրանց համար, ինչի արդյունքում Ադրբեջանը օգտվելով այդ թողտվությունից՝ փորձեց ուժի կիռարմամբ լուծել այդ խնդիրը արցախյան երեք պատերազմների միջոցով, եւ միայն մեր հերոսների արյան գնով է մեզ հաջողվել Արցախը պահել հայկական, փա՛ռք մեր հերոս նահատակներին:
«44-օրյա աղետալի պատերազմից հետո մեր երկիրը կանգնել է նոր իրողությունների եւ մարտահրավերների առաջ,- իր խոսքում ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:- Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, իրենք լուծել են այն: Միջազգային տարբեր դերակատարների կողմից շրջանառվում են տարբեր փաստաթղթեր, տարբերակներ, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան միջազգային իրավունքի համամարդկային նորմերը, այլեւ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այդպիսի քննարկվող փաստաթղթերից մեկը վերջին օրերին ՀՀ Ազգային ժողովում պատռվեց մեր գործընկերոջ կողմից, այո, մենք փաստում ենք, որ անընդունելի, պատռման եւ շպրտման ենթակա է յուրաքանչյուր փաստաթուղթ, ում կողմից էլ այն ներկայացված լինի, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա պարունակում է 21-րդ դարում նոր ցեղասպանության կամ Արցախի հայաթափման վտանգ»: Պատգամավորը գտնում է, որ այդ ամենը թույլ չտալու համար կա մի ճանապարհ: «Համախմբվենք, դառնանք մի բռունցք եւ տեր կանգնենք մեր իրավունքներին»: Ամփոփելով ելույթը, Ա. Մոսիյանն ընդգծեց, թե հայ ժողովրդից առավել ոչ ոք չգիտի խաղաղության արժեքը: «Պետք է ձերբազատվել թույլի, անճարակի, արհեստականորեն սերմանվող կոմպլեքսներից ու մարդկանցից: Հաջողության կհասնենք միայն մեր իրավունքների համար աննահանջ պայքարող համահայկական ներուժով եւ Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությամբ»,- վստահ է պատգամավորը:
Ըստ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, անհրաժեշտ է մերժել եւ հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքը. «Արցախի Հանրապետությունն այսօր առավել քան երբեւէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ: Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջ բերում Արցախի Հանրապետության համար: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիվ ու հակահայկական հայտարարությունները՝ միաժամանակ պնդելով, որ Արցախի հարց պարզապես չկա, ինչը բացարձակ անընդունելի մոտեցում է: Այն Արցախի Հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է»: Մ. Հակոբյանը, «զուգահեռներ անցկացնելով» Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, նշեց, թե հենց Ռուսաստանի Դաշնության գործուն քայլերի արդյունքում կանգնեցվեց պատերազմը, եւ արդեն 2 տարի է, ինչ 120.000 արցախցի ապրում է իր պատառիկ հողի վրա, շարունակում պայքարել՝ իր իսկ պատմական հայրենիքում խաղաղ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը վերահաստատելու համար:
Խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց ԱՀ հայտարարության տեքստը: Նիստից հետո պատգամավորներն անմիջապես միացան Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին, որին ավելի քան 50 հազար մարդ էր մասնակցում Ստեփանակերտից եւ Արցախի տարբեր բնակավայրերից: Ալեկոծված հանրահավաքում, որը 1988-ի ոգին էր հիշեցնում, ելույթ ունեցողները, դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների Արցախը բռնի ուժով «իր գիրկը» վերադարձնելու փորձերը, շեշտեցին, որ երբեք չեն հրաժարվելու պատմական հայրենիքում իրենց ապագան կերտելու, ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում պաշտպանելու, ազատ եւ անկախ Արցախ կերտելու մտադրությունից: Եթե Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց միասնաբար բռնել արցախյան շարժման ռահվիրաների ձեռքը եւ շարունակել արդար պայքարը, ապա ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանն անընդունելի է համարում ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս: Ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի կարծիքով, եթե «Արցախում անորոշության ալիքը սփռել է իր ազգակործան թեւերը», անհրաժեշտ է բռունցքվել, միաբանվել եւ ամեն գնով փրկել հայրենիքը: «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի համոզմամբ. «Եթե Արցախը չլինի ազատ եւ անկախ, ուրեմն աշխարհում չկա ոչ արդարություն, ոչ էլ՝ ժողովրդավարություն»: Իրենց իրավունքները պաշտպանելու, Արցախը հայ պահելու ներուժն ամբողջովին օգտագործելու կոչով հանրահավաքի մասնակից երիտասարդներին դիմեց ուսանող Հրաչ Սաիյանը: Գրեթե բոլոր ելույթներում շեշտադրվում էր նույն միտքը՝ «Արցախը եղել է, կա ու կմնա հայկական»…