Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի դեմ Բաքվի չարամիտ սադրանքից անցել է երկու տարի: Ադրբեջանի զինված ուժերը 2020 թ. նոյեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 18:30-ին խփեցին ռուսական «Մի-24»-ը, որն ուղեկցում էր ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: Ուղղաթիռը խոցվեց ռազմական գործողություններից հեռու տարածքում՝ ենթարկվելով դյուրակիր զենիթահրթիռային համակարգի հարվածին: Բաքուն, սակայն, մինչ այժմ պատասխան չի տվել իր ստոր պահվածքի համար:
Զոհվեցին անձնակազմի երկու անդամներ՝ հրամանատար, մայոր Յուրի Իշչուկը եւ օդադեսանտային տեխնիկ, ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան: Ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազեւը խուսափել է մահից՝ ստանալով միջին ծանրության վնասվածքներ: Նա այնուհետեւ տեղափոխվել էր Գյումրիի բազա:
2020 թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մարտական պարտքը կատարելիս ցուցաբերած հերոսության եւ արիության համար Յուրի Իշչուկը եւ Ռոման Ֆեդինան հետմահու պարգեւատրվեցին «Արիության համար» շքանշանով:
Պարզվում է, որ օդաչուների մահից հետո այլ կորուստներ էլ են եղել: Ռոման Ֆեդինայի կինը՝ Ջուլյան, հղի էր, իսկ ամուսնու մահից հետո կորցրեց երեխային: Աղջիկն ամեն կերպ փորձում էր պահպանել Ռոմանի մասնիկին եւ ամեն ինչ արեց դրա համար, բայց մարմինը չդիմացավ սիրելի ամուսնու կորստին ու սթրեսին: Ես պատկերացնում եմ Ռոմանի կնոջ եւ հարազատների ցավը, ովքեր գործնականում երկրորդ ողբերգությունն ապրեցին: Նրանք կրկին հարազատ մարդու կորցրեցին: Չէ՞ որ երեխան կարող էր ինչ-որ չափով փոխարինել հորը եւ ինչ-որ չափով բթացնել այս ցավը… Բայց ճակատագիրը շատ անարդար էր:
Հանցագործության կատարումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարեց, որ հետաքննություն կանցկացնի, եւ մեղավորները կպատժվեն:
Երկու տարի առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ողբերգությունը, հայտարարեց, որ «անաչառ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատժելու «Ադրբեջանի պատրաստակամությունը թույլատրեց ընդունել այդ ներողությունը»:
Բայց պատշաճության բոլոր նորմերը խախտեց Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին, որը ՌԲԿ-ին երկու տարի առաջ տված հարցազրույցում ցինիկաբար նշեց, թե «պատերազմում ամեն բան կարող է պատահել»: ՌԴ ԱԳՆ-ն անմիջապես կոշտ արձագանքեց ադրբեջանցի դիվանագետի այդ խոսքերին: Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունն անվանվեց «մեծ սխալ»: ԱԳՆ-ում նշեցին, որ եթե Ռուսաստանը գործեր «պատերազմում ինչպես պատերազմում» սկզբունքով, պատասխանը կործանարար կլիներ: Նախարարությունում հույս հայտնեցին, որ Բաքուն «այլեւս որեւէ երկակի հայտարարություն չի կատարի՝ կապված ողբերգական միջադեպի հետ»:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ բարձրացվում են հարցեր, թե Ադրբեջանը երբ է ներկայացնելու վերջնական տեղեկատվությունը:
2021 թ. նոյեմբերի 8-ին Մոսկվայում նույն դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին ղարաբաղյան պատերազմում «հաղթանակի» առթիվ կազմակերպել էր շքեղ ընդունելություն Կիեւյան կայարանի հրապարակում «Եվրոպեյսկի» էլիտար հանդիսությունների սրահում՝ դրա սեփականատեր, ազգությամբ ադրբեջանցի Գոռ Նիսանովի հետ: Իրականում դա Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության եռակի ագրեսիա էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ: Տոնակատարությանը հրավիրված էին օտարերկյա բազմաթիվ դեսպաններ, ՌԴ նախարարներ, Պետդումայի պատգամավորներ, լրագրողներ, արվեստագետներ, ադրբեջանամետ լոբբիի ներկայացուցիչներ եւ այլք:
Եվ ռուս քաղաքագետներից շատերն ու մյուսները գավաթ բարձրացրեցին Ադրբեջանի հաղթանակի համար: Խմեցին այն Ադրբեջանի համար, որի զինված ուժերն այդքան ստորաբար խոցել էին ռուսական ուղղաթիռը:
Եզրափակելով՝ ուզում եմ ասել, որ դա դավաճանական կրակոց էր Ռուսաստանի թիկունքում՝ Ադրբեջանի կողմից: Եվ կարծում եմ, որ պատճառները, թե ողբերգությունից երկու տարի անց ռուսական ԶԼՄ-ներն ինչու են շատ քիչ լուսաբանում օդաչուների զոհվելու թեման, պետք է փնտրել միանգամայն այլ հարթության մեջ: Ադրբեջանն ու Թուրքիան քիչ գումարներ չեն ներդրել ռուսական ԶԼՄ-ներում, ավելի ճիշտ՝ օգտագործելով այսպես կոչված «տեղեկատվական փափուկ ուժը»՝ շատ հաջող կերպով մանիպուլյացիայի են ենթարկում նրանց: Փաստացի արտասահմանյան պետություններն սկսել են տնօրինել Ռուսաստանի ԶԼՄ-ներում եւ վարել սեփական տեղեկատվական քաղաքականությունը: Որպես դասական օրինակ՝ կարելի է նշել ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի ղեկավարներից մեկին՝ ծնունդով բաքվեցի Միխայիլ Սոլոմոնի Գուսմանին: Նա կատարել ու կատարում է ադրբեջանամետ, իրականությունից կտրված ու ըստ էության վտանգավոր այնքան հայտարարություններ, որ երբեմն չես կարողանում կողմնորոշվել, թե որ երկրի լրատվամիջոց է նա ներկայացնում:
Եվ այդ պատճառով ուժեղանում է ադրբեջանա-թուրքական լոբբին: Բաքվի նավթադոլարների տերերը կարողանում են Ռուսաստանում կազմակերպել իրենց տեղեկատվական տարածքները եւ արեւելյան ոճով խելացիորեն գնել ԶԼՄ-ները, ոմանց՝ առանձին-առանձին, ոմանց էլ՝ մեծ քանակությամբ: Ասում են՝ այդ նպատակով Ադրբեջանի բյուջեից հատուկ միջոցներ են հատկացվում:
Հատուկ պետք է նշել, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին ռազմական հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո Բաքվի իշխանամետ ու ընդդիմադիր ԶԼՄ-ները Մոսկվայի նկատմամբ ագրեսիվ թշնամական դիրքորոշում որդեգրեցին, ինչի պատճառով Ռուսաստանում արգելվեցին ադրբեջանական շատ ԶԼՄ-ների կայքերը: Հատկանշական է նաեւ, որ Ադրբեջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը նույնպես սկսեց պաշտպանել Կիեւին, այլ ոչ թե Մոսկվային: Ի դեպ, հանուն դրա նրանք նույնիսկ սոցիալական ցանցերում ու իրենց էջերում տեղադրում էին Ուկրաինայի դրոշները: Պարզվեց՝ մեծ չէ նրանց թիվը, ովքեր աջակցում են Ռուսաստանին:
Գոնե պատշաճության համար չեզոք դիրք գրավելու փոխարեն Ադրբեջանում որոշեցին լիովին աջակցել Վլադիմիր Զելենսկու ռեժիմին եւ Ուկրաինայի ադրբեջանական համայնքին: Էլ չենք խոսում, ինչպես տեղեկացրել են շատ ԶԼՄ-ներ, Ուկրաինային Ադրբեջանի մատակարարած ավիացիոն ռումբերի եւ կործանիչների մասին: Եվ պետք չէ զարմանալ, որ ինչպես եւ մեկ տարի առաջ, այսօր ռուսական ԶԼՄ-ներն ու հեռուստատեսությունը, ընդհանուր առմամբ, լռությամբ են անցնում ադրբեջանցի զինվորականների կողմից ռուս օդաչուների սպանության աղաղակող փաստի կողքով:
2021 թ. նոյեմբերի 9-ին հայկական Երասխ գյուղից ոչ հեռու բացվեց ռուսական «Մի-24» ռազմական ուղղաթիռի զոհված անձնակազմին նվիրված հուշարձանը: Այն տեղադրվել է հայկական կողմի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանային բաժնի անմիջական մասնակցությամբ:
Բացի այդ, Երեւանի «Էրեբունի» ավիացիոն բազայում բացվել է հուշատախտակ՝ ի հիշատակ ռուս օդաչուների՝ մայոր Յուրի Իշչուկի եւ ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինայի:
Արդեն երկու տարի է անցել, բայց ռուսական հասարակությունը դեռ սպասում է, թե, վերջապես, երբ են ադրբեջանցիները ռուսական կողմին տեղեկացնելու հետաքննության արդյունքների մասին՝ մատնացույց անելով մեղավորներին, ինչպես նաեւ հաղորդելով, թե վերջիններիս համար ինչպիսի պատիժ է սահմանվել: Բայց, կարծում եմ, Ադրբեջանը ոչինչ էլ չի ձեռնարկի եւ միայն մոլորության մեջ է գցում ռուսական կողմին:
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Russia-armenia.info» տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ռազմական լրագրող, ՌԴ ԶՈՒ պահեստային փոխգնդապետ, հրապարակախոս, Մոսկվայի ժուռնալիստների միության անդամ