2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների հրձիգ Ադրբեջանը հաջողության հասավ Իսրայելի եւ Թուրքիայի օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ: Բաքուն հարձակում ձեռնարկեց ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վրա՝ ներգրավելով սիրիական վարձկան-ահաբեկիչների: Հետագայում պարզվեց, որ վերջիններիս հավաքագրում ու Ադրբեջան է ուղարկում Թուրքիան, որը խնդիր ուներ ներխուժել տարածաշրջան եւ իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում:
Տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն ստիպեցին հետ կանչել Թել Ավիվում ՀՀ դեսպանին խորհրդակցության նպատակով՝ կապված Բաքվին Իսրայելի մատակարարած զենքի հետ: Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ ու պատերազմական գործողություններին իր մասնագետների միջոցով անմիջական մասնակցությամբ Թել Ավիվը փաստացի հայտարարեց, որ իր քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին պատրաստ է համագործակցել ինչպես առանձին ահաբեկիչների, այնպես էլ ահաբեկչական պետությունների հետ: Թել Ավիվն այդպես իրեն դրեց ահաբեկչական պետության կարգավիճակում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ցեղասպանություն ապրած ժողովուրդը, որը չի ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանված մեկ այլ ժողովրդի ողբերգությունը եւ ակտիվորեն համագործակցում է ցեղասպանների հետ՝ նույն այդ ժողովրդի ցեղասպանությունը ավարտին հասցնելու համար, պետք է սթափ վերլուծի իր քայլերի տրամաբանությունը: Հաշվետու լինի ոչ թե հայերի, այլ հենց հրեաների առջեւ, որովհետեւ այսօր իր քաղաքականությամբ արձանագրում է միայն, որ հարազատ ժողովրդի թափած արյունը դիտարկում է ոչ թե որպես ողբերգություն, այլ միջոց՝ որոշակի խնդիրներ լուծելու համար: Այն ժամանակ, երբ հայ ժողովրդի զավակները Երեւանում ներկայանում են տարբեր ձեւաչափերով՝ տարբեր գործողություններով աշխարհում ցեղասպանության կրկնությունները բացառելու եւ դրանց դեմ պայքարում աչքի ընկած գործիչներին խրախուսելու համար, Իսրայելը, փաստորեն, խրախուսում է ցեղասպանությունների իրականացումը: Եվ այստեղ պայմանագրային պարտավորությունների մասին խոսելն Իսրայելի խայտառակությունն է:
Երբ ՀՀ դեսպանը հետ կանչվեց Թել Ավիվից, Իսրայելում սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանի դեսպանության հետ, ըստ էության, շփումներ չեն եղել, աննշան տնտեսական կապեր կան, ինչը պայմանավորված է նաեւ «ղարաբաղյան հակամարտությունում Թել Ավիվի դիրքորոշմամբ»: Եղան քաղաքական գործիչներ, որ հայտարարեցին, թե Թել Ավիվը չի վստահում Երեւանին, քանի որ հայկական ազատագրական կազմակերպություններն ակտիվորեն համագործակցել են պաղեստինցիների հետ: Իսկ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը մինչեւ Արցախ տեղափոխվելը Լիբանանում կռվել է իսրայելական զորքերի դեմ:
Ի պատասխան հրեական չմտածված հայտարարությունների, որոնք ստվերում են հենց իրենց գործունեությունը, նշենք, որ հայ ազատագրական կազմակերպությունները պայքարել են բացառապես ավելի քան մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության հետեւանքների դեմ, եւ եթե իրենց պայքարում նրանք բախվել են իսրայելական ուժերի հետ, նշանակում է՝ վերջիններս կռվել են ցեղասպանների կողքին: Եվ դա արժանահավատ է, քանի որ Իսրայելն այսօր էլ ցեղասպանների կողքին է: Իսրայելը գերադասեց սպանել ճշմարտությունը՝ կանգնելով կեղծիքի ու ստի կողքին:
Հրեա փորձագետները կարծում են, որ հետ կանչելով դեսպանին՝ Հայաստանը չեղարկել է հարաբերությունների կարգավորմանը միտված ողջ աշխատանքը, եւ հիմա Երեւանը պետք է սկսի զրոյից, եթե ցանկանում է վերսկսել կարգավորման գործընթացը: Հասկանալի է, որ այսպիսի եզրակացություններով իսրայելական կողմը փորձում է հեռանալ հնարավոր մեղադրանքներից՝ Ադրբեջանին սպառազինության մատակարարման փաստը պատճառաբանելով ադրբեջանա-իսրայելական այս կամ այն պայմանագրի պահանջներով: Իսրայելը այդպես փորձում է հեռանալ նաեւ տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունների համապատկերին Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար սպասվելիք բացատրություններից:
Այո, դեպանին հետ կանչելը մեր գործն է, եւ մենք ենք որոշելու, թե ինչպիսին են լինելու մեր հարաբերություններն Իսրայելի հետ, կամ լինելո՞ւ են ընդհանրապես, թե՞ ոչ: Ոչ թե այն պատճառով, որ Իսրայելը ոչ հայամետ քաղաքականություն է վարում, դա ընդհանրապես նորություն չէ, այլ այն պատճառով, որ պաշտոնական Թել Ավիվը չի հարգում հրեա ժողովրդի թափած արյունը, չի կիսում ցեղասպանության դեմ պայքարի գաղափարը, որը միլիոնավոր զոհերի միակ ուղերձն է:
Թել Ավիվը, մասնակցելով հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպանությանը, ցանկանում է հաստատվել Ջրականում՝ այն վերածելով Իրանի դեմ պլացդարմի: Իսրայելը, սակայն, սխալ է հաշվարկել իր քայլերը, որ Հայաստանը, ենթարկվելով իսրայելա-թուրքական զենքի կործանարար ազդեցությանը, կզրկվի դեպքերի վրա ազդելու կարողությունից: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կանխելու նպատակով Թեհրանը հայտարարեց, որ տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխություն չի թույլատրի՝ զսպելով Ադրբեջանի ներխուժումը Սյունիք: Իրանը Կապանում հյուպատոսություն բացեց՝ փաստելով, որ սոսկ հայտարարություններ չի անում, իսկ Ադրբեջանի սահմաններին անցկացված զորավարժությունները հստակ ազդանշան էին, որ Իրանը չի բացառում անցնել Արաքսը:
Ակտիվ համագործակցություն հաստատելով Թեհրանի հետ՝ Երեւանը կարող է իր զինանոցը համալրել նաեւ իրանական արտադրության զենքով: Թեհրանը շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, որովհետեւ հայկական ուժեղ տերության գոյությունը թշնամիներին կզրկի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի դեմ պատերազմական գործողությունների հնարավորությունից: Իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որին ձգտում է Բաքուն, նրա համար սոսկ Նախիջեւանին կապվելու ճանապարհ չէ: Այն Անկարային ու Թել Ավիվին կթույլատրի զենք ու զորքեր տեղափոխել Ջրական՝ Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու համար: Ահա թե ինչու Բաքվին չի ոգեւորում Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տրանսպորտային ենթակառուցվածքներն իր վերահսկողությամբ: Իրանը կտրուկ է արտահայտվել, եւ ձեւավորվում է հայ-իրանական դաշինք:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակը բոլոր հնարավորություններն ունի՝ գործելու Իրանում:
«Մենք ունենք պատրաստականություն, կարողություններ եւ երկարաժամկետ ծրագրեր»,- Գանցի խոսքերը մեջբերել է «The Jerusalem Post»-ը:
Նախարարն ավելացրել է, որ այդպիսի հավանականությանը պետք է պատրաստվել, սակայն գործելուց առաջ այդ հարցը պետք է շատ զգուշորեն քննարկել:
Ավելի վաղ «Լիկուդ» կուսակցությունից իսրայելական խորհրդարանի պատգամավոր Ցախի Խանեգբին հայտարարել է, որ Բենիամին Նաթանյահուն, որը, ամենայն հավանականությամբ, կստանձնի վարչապետի պաշտոնը, կարող է հանձնարարել հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն հաջողության չհասնի միջուկային գործարքի վերականգնման հարցում:
Պատմության ընթացքում արիական ծագում ունեցող իրանցիները, ինչպես հայերս, հաճախ են ենթարկվել հարձակումների, հաճախ են հոխորտանքներ լսել, սակայն արձագանքել են համարժեք եւ ճիշտ ժամանակին: Եվ չնայած Հայաստանն այսօր փոքր երկիր է, հայ ժողովուրդն օժտված է գերճշգրիտ հիշողությամբ, գիտի իր ակունքների մասին, ինչը նրան հնարավորություն է տալիս խորհել մեծերին բնորոշ մտածողությամբ ու տրամաբանությամբ: Արարել է մեծերին բնորոշ ոգեշնչմամբ, կռվել է մեծերին բնորոշ խիզախությամբ, պահպանել է իր որակները մեծերին բնորոշ համառությամբ: Այդ հիշողությունը հուշում է նաեւ, որ Մերձավոր Արեւելքում օտարներն անելիք չեն ունեցել միայն այն ժամանակ, երբ Պարսկաստան-Հայաստան դաշինք է ձեւավորվել: Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Հայաստանի շահը հզոր Իրանն է, Իրանի շահը՝ հզոր Հայաստանը: