Արցախի Հանրապետության շուրջ զարգացումները նոր փուլ են տեղափոխվում: Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում Ալիեւի արած հայտարարություններից կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է նախապատրաստում Արցախի ժողովրդի դեմ: Վերջինս ապատեղեկատվություն էր տարածել ինչպես Բերձորի միջանցքի, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի վերաբերյալ՝ հայտարարելով, թե Արցախում ՀՀ զինված ստորաբաժանումներ կան, եւ Ադրբեջանը կարող է նրանց դեմ գործողություններ իրականացնել ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:
Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները մտացածին պատրվակով մտադիր են փակել Լաչինի միջանցքը եւ Արցախը պահել շրջափակման մեջ։ Այս հայտարարության հաջորդ իսկ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն իր խոսնակի ստորագրությամբ տարածած հայտարարությամբ հստակ ներկայացրեց այդ մտացածին պատրվակները: Բաքվից տարածված հայտարարության մեջ աղավաղվում էր իրականությունը՝ նշելով, թե ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերված Արցախից, ինչը, իբր, հաստատել են նաեւ Հայաստանի պաշտոնյաները: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Բերձորի միջանցքով Հայաստանում արտադրված ականներ են տեղափոխվում Արցախ: Այստեղ պաշտոնական Բաքուն արդեն հարկ չէր համարել հերթական ապատեղեկատվությունը գոնե մի քիչ իրականությանը մոտեցնել, քանի որ հայտնի փաստ է, որ Հայաստանում ականի արտադրություն չկա:
Այս ողջ ապատեղեկատվության փունջի մեջ ալիեւյան հետին միտքն այն է, որ խնդիր ունի Արցախի պաշտպանության բանակի հետ: Բաքվի առաջնորդն իր հիմնավոր վախերից դրդված ցանկանում է, որ Արցախի Հանրապետության պաշտպանական ուժերը լուծարվեն: Նախ պետք է արձանագրել, որ պաշտպանության բանակի առկայությունն առաջին հերթին Ադրբեջանն է իմաստավորում՝ իր ցեղասպան քաղաքականությամբ: Մյուս կողմից՝ այսօր անիմաստ է խոսել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովվածության մասին: Բաքվի վարած նենգ քաղաքականության պայմաններում Արցախում տեղակայված 2000-անոց ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով անվտանգություն ապահովել, հետեւաբար` այնտեղ արցախյան պաշտպանական ուժերի առկայությունը պարտադիր պայման է՝ թելադրված Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության պահպանման տարրական պայմաններով:
Սահմանին տիրող լարված իրավիճակը լիցքաթափելու վերաբերյալ Հայաստանի վարչապետը Սոչիում առաջարկել էր շփման գծում ստեղծել ապառազմականացված գոտի, ինչի հետ չէր համաձայնել Ադրբեջանի առաջնորդը` դրանով իսկ փաստելով, որ ոչ թե խնդրի լուծման փոխզիջումային տարբերակին է հակված, այլ միակողմանի պարտադրանքին, ինչը բանակցային դասական տրամաբանությանը դեմ է եւ ուղիղ ճանապարհ է դեպի փակուղի՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով:
Լիովին օրինաչափ է, որ Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնից միանշանակ բացասական արձագանքներ հնչեցին պաշտպանության բանակը լուծարելու խոսակցությունների վերաբերյալ: Բայց Ադրբեջանն արդեն կեղծ նախադրյալներ է հորինում Բերձորի միջանցքը փակելու համար: Այն արդեն 2020-ից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խախտում է, ասել է թե՝ դրանց չեղարկման փորձ: Ադրբեջանի սկսած նման ծայրահեղ վտանգավոր գործողությունները տարածաշրջանն ապակայունացնելու հիմնավոր նախադրյալներ են ապահովում: Ամեն օր Բաքվի առաջնորդը հանդես է գալիս նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից որեւէ մեկին հակառակ եւ դրանից հետո հայկական կողմին մեղադրում պայմանավորվածությունները չպահպանելու եւ իրավիճակը սրելու մեջ:
Դրա վառ ապացույցն է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում օրերս Ալիեւի արած հայտարարությունը, թե ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանում կանգնած են «հայրենի հողերում»։ Ալիեւը նման հայտարարություն է անում Պրահայում ու Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, որոնց ժամանակ արձանագրվել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանները 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրվածն են, իսկ այսօր ադրբեջանական զինուժն այն միանշանակ խախտել է:
Ադրբեջանի նման կեղծ վարքագծին արձագանքելու եւ այն կանխելու քայլերն անհրաժեշտ են, հակառակ դեպքում տարածաշրջանային բախումներն անխուսափելի կլինեն: