Հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների ակունքն արցախյան հակամարտությունն է, որն էլ, իր հերթին, բխում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիմնարար սկզբունքից: Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սանձազերծած աննախադեպ ծավալի ու հանցավոր ագրեսիան չլուծեց եւ չէր էլ կարող լուծել արցախյան հիմնահարցը: Հատկապես արցախյան վերջին արյունալի պատերազմից հետո երկար ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական կարգավորումների համար բարենպաստ հիմքեր, մասնավորապես՝ Արցախ-Ադրբեջան շփումների նախադրյալներ ստեղծվեն:
Ներկայում տարածաշրջանային երկրները եւ դրանից դուրս գտնվող կենտրոնները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են արագ խաղաղության պայմանագիր կնքել եւ վերականգնել հարաբերությունները: Այս գործընթացներից տրամաբանորեն բխում է, որ վերոնշյալ պետությունները եւ կենտրոնները գիտեն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների արագ կարգավորում հնարավոր չէ արցախյան հիմնախնդրի նույն արագությամբ լուծումներ գտնելու հետ միասին, հետեւաբար՝ այն առանձնացվում է առաջին գործընթացից:
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ արցախցու ինքնորոշման հարցն Ադրբեջանը ստիպված է ուղիղ քննարկել Արցախի Հանրապետության հետ, ինչից նա խուսափում է արդեն 30 տարի: Նոյեմբերի 17-ին ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Բաքվի առաջնորդը հավաստիացրեց, թե Արցախի հետ արդեն սկսել են խոսել: Ադրբեջանի առաջնորդի մանիպուլյատիվ խոսույթի տխուր իրողության պայմաններում դժվար է ասելը, թե ինչ երկխոսության մասին է նա հայտնել ԵՄ պաշտոնյաներին, բայց այն, որ նա այդ հարցում այլընտրանք չունի, միանշանակ է, առավել եւս, որ նույն հանդիպման ժամանակ հայտարարել է, թե համաձայն չէ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին դրույթի ընդգրկման հետ:
Ուշագրավ է, որ Ալիեւն այդ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ հայտարարելով, թե ինքը չի խոսում Մոսկվայից նշանակված մարդու հետ: Պարզ է, որ ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը պետք է բողոքեր Մոսկվայից, ինչն իր գնահատականը կստանա համապատասխան կենտրոններում, բայց Ալիեւը նաեւ աղճատում է իրողությունները: Ռուբեն Վարդանյանն Արցախի ծնունդ է, նրա որդին ծառայել է պաշտպանության բանակում, ընդ որում՝ ապրիլյան պատերազմի օրերին:
Ալիեւին Ռուբեն Վարդանյանի՝ բնիկ արցախցու արձագանքը լիովին հիմնավոր էր ու կառուցողական: «Ողջունում եմ նաեւ միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձեւում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, եւ որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,- պատասխանել էր Ռ. Վարդանյանը՝ հիշեցնելով, որ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Բայց Ալիեւն այդ հանդիպմանն ավելի առաջ է գնում՝ հայտնելով, թե Արցախի հետ երկխոսության մասին կխոսի միայն Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, բայց ոչ Հայաստանի:
Դրանով Ալիեւը հաստատում է այն, ինչ հայկական կողմերը հայտարարում են արդեն 30 տարուց ավելի, որ արցախյան հիմնահարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէ, այլ ազգերի ինքնորոշման հարց է, եւ այն պետք է լուծվի երկու սուբյեկտների՝ Արցախի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների միջոցով: Բայց այստեղ կա մեծ վերապահում՝ Բաքվի առաջնորդի խոսքի եւ գործի հակադրությունը, իսկ վերջինս հակառակի մասին է խոսում: Այսօր ադրբեջանական զինուժը կրակում է արցախցու վրա, որի հետ, ըստ Ալիեւի, իբր սկսել է երկխոսությունը, բայց դա կրակելով չեն անում: Կրակելու պատասխանն արցախցին միշտ տվել է ու կտա, այսօր խոսելու ժամն է: