Հնդկական «The Print»-ը գրում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Նյու Դելին պետք է պաշտպանի առաջինին, որովհետեւ այն ուժերը, որոնք ձգտում են ոչնչացնել Հայաստանը, ուզում են նվաճել նաեւ Հնդկաստանը: Հոդվածագիր Կապիլ Կոմիրեդին շեշտում է, որ պատմական նախապաշարմունքներն աշխարհին ստիպում են անտեսել հայ-ադրբեջանական պատերազմը, իսկ Հնդկաստանը պետք է պատրաստի Երեւանի զինված ուժերը:
«Երբեւէ լսե՞լ եք խաղաղության արեւմտյան քարոզիչներին, ովքեր Հնդկաստանին պատասխանատու են համարում, թե նա Մոսկվային չի դատապարտել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության իրականացման համար: Եթե լսել եք, ուրեմն պետք է ավելին իմանաք Հայաստանի՝ Հարավային Կովկասում հետխորհրդային ժողովրդավարության ծանր վիճակի մասին, որի գոյությանն այժմ սպառնում է միջազգային կարգի մեր արեւմտյան քարոզիչների վարձկանությունը: Ձգտումը՝ պատժելու Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար, նրանց դրդեց պարգեւատրել Ադրբեջանին՝ կոռումպացված ժառանգական բռնապետությանը, որն այժմ պատերազմ է վարում Հայաստանի դեմ»,- շեշտել է Կոմիրեդին:
Հոդվածագիրը պատմական կարճ ակնարկի միջոցով փորձում է ներկայացնել հայ-ադրբեջանական հակամարտության ակունքները, ինչպես նաեւ անդրադառնում է այժմ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց Հնդկաստանի միջամտության անհրաժեշտությանը: Այս նյութում կխոսենք այդ դիտարկումների մասին:
Հուլիսին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարեց, որ «Եվրամիությունն արժանի հարգանքով է վերաբերվում էներգակիրների առաքիչներին, եւ Ադրբեջանը դրանցից մեկն է»: Նրա՝ տուն վերադառնալուց մի քանի շաբաթ անց Եվրոպայի այս նոր գործընկերը համարձակվեց սպանել ավելի քան 200 հայի, ինչը պանթյուրքական երկարատեւ արշավի դրվագներից մեկն է եւ նպատակ ունի ստիպել հայերին վերջնականապես հանձնվել: Այդ առումով Արեւմուտքում բավական մեծ աղմուկ բարձրացավ, սակայն միջազգային հանրությունը որեւէ էական ջանք չգործադրեց՝ օգնելու Հայաստանին՝ մի պետության, որը պակաս կոռումպացված է, քան նվազագույնը Եվրամիության հինգ եւ ՆԱՏՕ-ի անդամ ութ երկիր: Այդ մասին վկայում են «Transparency International» հասարակական կազմակերպության կողմից կոռուպցիայի ընկալման ինդեքսի ցուցանիշները:
«Ունիվերսալ» կանոններ են մշակված թույլերի համար: Միջազգային ասպարեզում Արեւմուտքի պահվածքը ղեկավարում են սառը եսասիրական հետաքրքրությունները՝ քողարկված ալտրուիզմով: Եվրոպան որոշում է կայացրել ինքնուրույն կամ ԱՄՆ-ի ճնշման տակ ազատվել ռուսական էներգակիրներից կախվածությունից եւ, որպես այլընտրանքային տարբերակ, ընտրել է Ադրբեջանը: Եվ կարեւոր չէ, որ Բաքուն պատերազմում է Հայաստանի Հանրապետության հետ: Կարեւոր չէ, որ Ադրբեջանն ավելի բռնապետական, հակաազատական եւ ռեպրեսիվ պետություն է, քան Ռուսաստանը: Կարեւոր է միայն այն, որ Ադրբեջանը Ռուսաստանը չէ: Կարեւոր չէ, որ հայերը դարերով զանգվածային սպանությունների, մահվան երթերի, այլ հավատի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, տեղահանությունների ու վերաբնակեցման զոհեր են եղել, որոնց հետեւում կանգնած են թուրքերն ու ադրբեջանցիները: «Ցեղասպանություն» բառն իրականում լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944 թ. մտածել է՝ փոխանցելու համար 1915-1921 թթ. ժամանակահատվածում թուրքերի կողմից հայ ժողովրդի համակարգված ոչնչացման մասշտաբները:
Պատմությանը քաջածանոթ յուրաքանչյուր մարդ, հավանաբար, հին նախապաշարմունքների հետքեր կտեսնի հայերի նկատմամբ անտարբերության մեջ: Հայերը, ովքեր մեկ անգամ չեն ստիպված եղել ճնշումներից ու ջարդերից փախչել փրկվելու համար, սփռվել են աշխարհով մեկ: Նրանք ջերմ ընդունելության են արժանացել Ասիայի շատ երկրներում՝ անհամաչափ արժեքավոր ներդրում կատարելով այդ ժողովուրդների զարգացման գործում: Եվ Հայաստանը, որի հետ Հնդկաստանը գրեթե երկու հազար տարի հարաբերություններ ունի, դարձել է այն երկրներից մեկը, որոնց հարստացրել է հայկական սփյուռքը:
Սակայն որոշ երկրներում հայերի հնարամտությունն ու հարմարվողականությունը պատճառ են դարձել, որ նրանց արհամարհանքով վերաբերվեն։ Նրանց անվանել են «արեւելյան հրեաներ» եւ վերաբերվել կասկածանքով ու արհամարհանքով: 1920-ականներին հայի հետ ունեցած փոքրիկ տհաճ անձնական փորձառությունը Ջորջ Օրուելին ստիպել է եզրակացնել, որ հին ասացվածքը, ըստ որի՝ «Օձին ավելի հավատա, քան հրեային, հրեային ավելի հավատա, քան հույնին, բայց երբեք մի վստահիր հային», ճշմարիտ է: Բրիտանական արտաքին գործերի նախարարության այն ժամանակվա պաշտոնյաների հուշագրերում, ինչպիսին է Դ. Արսի Գոդոլֆին Օսբորնը, խոր ռասիստական ատելություն կա հայերի նկատմամբ: Աջակցության կեղծ խոստումներով հայերին խորհուրդների դեմ պայքարի մղելուց հետո անգլիացիները հանկարծակի լքեցին նրանց: Դեռ 1920 թ. Օսբորնի ղեկավարը՝ լորդ Քերզոնը, մասնավոր զրույցում խոստովանել է, որ «մենք մտադիր ենք հնարավորինս քիչ բան անել Հայաստանի համար»։
Անտարբերության, արհամարհանքի եւ դավաճանության այս ավանդույթն օգնում է բացատրել, թե ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ զգում իրեն՝ բացահայտ պարծենալով, որ ինքն է «սկսել երկրորդ ղարաբաղյան պատերազմը»: Ալիեւը նկատի ուներ արցախյան 44-օրյա պատերազմը։ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հայերը հազարավոր տարիներ են ապրել ու մինչ օրս պահպանել իրենց իսկ հիմնադրած հնագույն եկեղեցիներն ու վանքերը, կարմիր բանակի առաջխաղացումից հետո ցանկացել է միանալ Խորհրդային Հայաստանին։ 1921 թ. հուլիսի 4-ին Խորհրդային Միության կոմկուսի Կովկասյան բյուրոն քվեարկեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու օգտին։ Բայց հաջորդ օրը, անտեսելով ժողովրդավարական ընտրությունը եւ տարածաշրջանի ժողովրդագրական առանձնահատկությունները, Իոսիֆ Ստալինը հայկական երկրամասը հանձնեց Ադրբեջանին։
1988 թ.՝ Ստալինի հրամանագրից մոտ հինգ տասնամյակ անց, արցախահայությունը հանրաքվե անցկացրեց Ադրբեջանից անջատվելու համար։ Քվեարկության արդյունքները հիմնականում չճանաչվեցին, եւ հարյուրավոր հայեր սպանվեցին ադրբեջանական Սումգայիթ ու Բաքու քաղաքներում: Իսկ երբ ԽՍՀՄ-ը վերջնականապես փլուզվեց, Լեռնային Ղարաբաղը միանգամայն օրինական ճանապարհով իրեն անկախ հռչակեց: Այնուհետեւ Բաքուն պատերազմ պարտադրեց Ղարաբաղին ու Հայաստանին։ Էլեկտրաէներգիայի սղության պատճառով բառացիորեն խավարի մեջ մխրճված հայ ժողովուրդն ազատագրեց նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ու հարակից շրջանները, որոնք բոլորն էլ պատմական հայկական հողեր են, սակայն չեն ամբողջացնում պատմական Արցախ նահանգը:
1991 թ. Հայաստանը մենակ պաշտպանվեց ու հաղթեց իրեն պարտադրված պատերազմում, իսկ ահա ագրեսոր Ադրբեջանը 2020 թ. մենակ չէր: Նրա զորքերը մարտական պատրաստություն, տեխնիկա ու հանդերձանք էին ստացել Թուրքիայից, որը, ի դեպ, ղեկավարում էր ադրբեջանական զինուժի գործողությունները: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, տարածաշրջան տեղափոխեց իր հավաքագրած հազարավոր սիրիացի մոջահեդների, որոնց վճարում էին «թնդանոթի միս» լինելու համար: Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնական լոզունգն է «Մեկ ազգ, երկու պետություն»: Այս մահացու պանթյուրքիզմը, որն ընկած է Հայաստանի՝ աշխարհի հնագույն քրիստոնեական պետության դեմ համատեղ ռազմական արշավի հիմքում, ակնհայտ կրոնական երանգ ստացավ, երբ մահմեդականների կողմից պատերազմին միացան Հայաստանը մինչ օրս չճանաչող Պակիստանի զինյալները: Մարտադաշտում ու դրա սահմաններից դուրս նրանց գործողությունները՝ տանջելը, գլխատելը ու խաղաղ հայ բնակիչների կտրված գլուխները խոզերին տալը կարող էին հպարտության զգացում պարգեւել «Իսլամական պետությանը»: Ալիեւն Ադրբեջանի մայրաքաղաքում թանգարան հիմնադրեց, որի հիմնական ցուցանմուշները պատերազմում ընկած հայ զինվորների սաղավարտներն էին:
Պետություններից եւ ոչ մեկը, որոնք այսօր քարոզներ են կարդում խաղաղության մասին, այդ պահին նույնիսկ իրենց մատները չշարժեցին: Հնդկաստանն այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը Հայաստանին զենքի տեսքով շոշափելի աջակցություն է առաջարկել Երեւանի համար ծանր պահին: «Երեք տարբեր աղբյուրներ ինձ ասացին, որ Նյու Դելին մոտ էր ժամանակակից զենքի զգալի խմբաքանակի առաքմանը, սակայն պատերազմը Հայաստանն այնպիսի քաոսի մեջ գցեց, որ երեւանյան վարչակազմը չէր կարողանում հասկանալ, թե ինչ կերպ կարող է ստանալ օգնությունը»,- նշել է հոդվածագիրը:
2020 թ. նոյեմբերի սկզբին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Շուշի, որը հայկական պաշտպանության կարեւորագույն հենակետներից մեկն է: Վախենալով լիարժեք ջախջախումից՝ Երեւանն ստիպված էր Ադրբեջանին զգալի տարածքներ զիջել համաձայն Մոսկվայի աջակցությամբ ձեռք բերված նվաստացուցիչ զինադադարի:
Օգտվելով իր հաջողություններից՝ ադրբեջանական կողմը մեծացրեց իր ախորժակը եւ Սյունիքում արտատարածքային միջանցք պահանջեց Հայաստանից՝ Նախիջեւանի հետ կապվելու, ինչպես նաեւ Թուրքիայի հետ անխոչընդոտ հաղորդակցություն ունենալու համար: Այս ամսվա ընթացքում Ալիեւը մի առիթով իր զորքերին ասել է, որ, որպես «պարտված երկիր», Հայաստանն իրավունք չունի դիմադրել Ադրբեջանի պահանջներին: Որտեղի՞ց է նա այդպիսի վստահություն ձեռք բերել… Դե ինչ, ինչպես բացատրել է Ալիեւը, «միջազգային խոշոր խաղացողները կասկածի տակ չեն դնում Ադրբեջանի» ճշմարտացիությունը:
«Հայաստանը հակասական կերպով է արձագանքում Ադրբեջանի ռազմաշունչ դրսեւորումներին: Մի կողմից՝ հայկական կառավարությունը նախապատրաստում է բնակչությանը, որ ստիպված է ընդունել Ադրբեջանի պահանջները՝ պնդելով, որ դրան կհաջորդեն խաղաղությունն ու բարգավաճումը: Սակայն պատմությունը զգուշացնում է, որ Հայաստանի զիջումները չեն օգնել՝ մեղմելու Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, այլ միայն մեծացրել են թշնամիների ախորժակը: Հայաստանից պատառներ խլելով՝ Ադրբեջանն արդեն բացահայտ բարձրաձայնում է Երեւանի նկատմամբ հավակնությունների մասին: Միեւնույն ժամանակ Հայաստանն ավելի ու ավելի հաճախ է դիմում Հնդկաստանին՝ փորձելով բավարարել իր կարիքները պաշտպանության ոլորտում: Վերջերս Երեւանը հնդկական արտադրության հրթիռային համակարգի ու հրետանային զենքի պատվեր է կատարել:
Սովորաբար Հնդկաստանը գերադասում է չխառնվել այլ տերությունների գործերին եւ հակամարտությունների մասնակից չի դառնում օտար տարածքներում: Բայց կոնկրետ այս հակամարտությանը Նյու Դելիի չմիջամտելը Հայաստանի հակառակորդներին չի համոզի, որ անհրաժեշտ է հեռու մնալ Հնդկաստանից: Մենք պետք է հիշենք, որ ուժերը, որոնք ձգտում են ոչնչացնել Հայաստանը, ցանկանում են նվաճել նաեւ Հնդկաստանը: Եթե զրկենք նրանց եվրասիական տարածքում լիարժեք հաղթանակից, դա կթույլատրի խափանել նրանց ծրագրերի իրագործումը Հարավային Ասիայում»,- շեշտել է Կապիլ Կոմիրեդին:
Վերջնարդյունքում Հայաստանը միայն հայերը կարող են փրկել: Սակայն Հնդկաստանի շահերը թելադրում են հնարավորինս մեծ ջանքեր գործադրել՝ չսահմանափակվելով միայն Երեւանին զենքի մատակարարմամբ: Ըստ «The Print»-ի՝ Հնդկաստանը պետք է ապահովի Հայաստանի զինված ուժերի նախապատրաստությունը, նաեւ պետք է Երեւան ուղարկի բարձր մակարդակի պատվիրակություն՝ Անկարային, Բաքվին ու Իսլամաբադին ցուցադրելու համար, որ Հնդկաստանը լրջորեն է հետաքրքրված տարածաշրջանում անվտանգության ապահովմամբ:
Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայի զոհասեղանին դնելու Արեւմուտքի որոշումը ֆենոմենալ հիմարություն է երկու պատճառով: Նախ՝ Ադրբեջանը բավարար չափով բնական ռեսուրսներ չունի, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքների թեկուզ չնչին մասը: Երկրորդ՝ գազային հանքավայրերի քառորդ մասը, որն Ադրբեջանը պետք է օգտագործի Եվրոպա մատակարարումներ ապահովելու համար, իրականում պատկանում է Ռուսաստանին: Եվ եթե Հնդկաստանը որոշի աջակցել Հայաստանին, իր հետաքրքրություններից բխող շատ խելամիտ քայլ կկատարի: