2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ձեւավորվել են նախկինից էականորեն տարբերվող իրողություններ: Կորցնելով ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների մոտ 70 տոկոսը եւ կանգնելով անվտանգային նոր, լուրջ մարտահրավերների առաջ` Արցախն այսօր պետական համակարգի ու կառավարման գործելաոճի վերանայման անհրաժեշտություն ունի:
Նոր սոցիալ-տնտեսական եւ անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ են կառավարման նոր՝ նախկինից տարբերվող մոտեցումներ ու համակարգեր: Լիովին օրինաչափ է, որ այդ փոփոխությունները պետք է սկսվեին մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխությամբ, իսկ վերջինիս համար անհրաժեշտ են հանրաքվեներ, որոնք Արցախի տարածքների օկուպացված լինելու եւ բռնագաղթի հետեւանքով բնակչության մի մասի՝ երկիրը թողնելու հետեւանքով օբյեկտիվորեն անհնար են դառնում: Այդ նպատակով 2022 թ. հոկտեմբերից Արցախի Ազգային ժողովը նախաձեռնել էր Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխություն կատարելու գործընթաց, եւ ձեւավորված նախագիծը ներկայացվել էր ԱՀ գերագույն դատարան: Դատարանի 17. 11. 2022 թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել է ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող, եւ այդ որոշումը վերջնական է:
2017 թ. փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության «Սահմանադրության ընդունումը եւ փոփոխությունը» վերտառությամբ 162-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Սահմանադրությունը եւ Սահմանադրության 1-3-րդ, 6-րդ, 9-րդ եւ 11-րդ գլուխներում, ինչպես նաեւ Սահմանադրության 87-90-րդ, 92-94-րդ, 96-րդ, 106-րդ հոդվածներում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 108-րդ հոդվածի 1-ին մասում, 109-րդ, 121-րդ, 131-րդ, 132-րդ եւ 175-րդ հոդվածներում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, հանրապետության նախագահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը: Նախագծով առաջարկվում է 162-րդ հոդվածի 1-ին մասում կատարել փոփոխություն եւ գործող Սահմանադրությամբ միայն հանրաքվեով փոփոխության ենթարկվող գլուխները եւ հոդվածները փոփոխելու հնարավորությունն ընձեռել Ազգային ժողովին։
Սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Արցախի Հանրապետության նախագահն ԱԺ-ից հետ կանչեց այն՝ իր այդ քայլը հիմնավորելով հասարակության լայն շրջանակներում ծագած մտահոգություններով, ըստ որոնց` փոփոխությունները Սահմանադրության հենասյան՝ սեփական ճակատագիրը որոշելու ժողովրդի իրավունքի սահմանափակում են: Անկախ հետագա զարգացումներից` ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ կատարելու համար Սահմանադրությամբ նախատեսված կառավարման համակարգի որոշ կարգավորումներ պետք է արվեն, եւ եթե Արցախի մայր օրենքը մնա նույնը, հանրաքվե անցկացնելն անխուսափելի կլինի, ինչն այս պահին օբյեկտիվ խոչընդոտներ ունի: Այստեղ կարող է լուծում լինել ոչ թե 162-րդ հոդվածով նախատեսված բոլոր դրույթները հանրաքվեով փոփոխելու իմպերատիվ պայմանի տակից հանելը, այլ դրանցից միայն ամենաառաջնայինները՝ չխախտելով արցախցու՝ հանրաքվեներով պետականաշինությանը մասնակցելու իրավունքը: Ամենայն հավանականությամբ, այս նպատակն ունի նախագիծը լրամշակելու համար ԱԺ-ից այն հետ կանչելու` Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը:
Վերջինս նաեւ հայտարարել էր, որ Սահմանադրության նախատեսված փոփոխությամբ կրճատվելու էին ԱՀ նախագահի լիազորությունները, բայց դրանց մի մասն արդեն իր կողմից փոխանցվել են երկրի պետնախարարին: Այդ պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանն օրերս ներկայացրեց Արցախի Հանրապետության կառավարման համակարգի բարեփոխման իր տեսլականը: Նա ընդգծել էր, որ Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են երկիրը եւ Արցախի ժողովուրդը։ «Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա: Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող են լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը: Շատ կարեւոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաեւ պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար»,-սոցիալական ցանցի իր էջում գրել էր Արցախի Հանրապետության պետնախարարը:
Նա շեշտել է, որ բարեփոխումների իրականացումն անխուսափելի է, ինչը ենթադրում է նոր մոտեցում, որն ավելի շատ նախագծերի կառավարում է լինելու, քան ընթացիկ վարչական աշխատանք։ Արցախում մեկնարկած բարեփոխումների այս գործընթացը պետության մեջքը շտկելուն ուղղված անխուսափելի քայլ է, եւ դրա արդյունավետ իրականացումից է մեծապես կախված Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը: Այդ ուղղությամբ կարճ ժամկետում շոշափելի արդյունքների հասնելու համար փոփոխությունները պետք է արվեն այն դրական հենքի վրա, որը վերջին 30 տարվա ընթացքում ձեւավորվել է Արցախի Հանրապետությունում: Այն առաջին հերթին ժողովրդավարական համակարգն է, որը անհամադրելի է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կառավարման ձեւի հետ եւ հիմնարար հաղթաթղթերից է միջազգային հարթակներում արցախցու ինքնորոշման իրավունքի համար պայքարի գործընթացում: