Այս խորագիրն է կրում ԱՀ խորհրդարանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրված գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են ակադեմիկոսներ, քաղաքագետներ, պատմաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Համաժողովի մասնակիցներին հղած ողջույնի ուղերձում, որը ներկայացրել է ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ համաժողովն արդի աշխարհաքաղաքական գործընթացների քննարկման համապատասխան ելքերի եւ լուծումների առաջարկման բովանդակային հարթակ կարող է հանդիսանալ: Արցախն առանցքային տեղ ունի տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման եւ մայր Հայաստանի անվտանգության ու զարգացման հարցերում: Ուստի կարեւոր եմ համարում տարածաշրջանային եւ համահայկական լայն համատեքստերում: Ստեղծված իրողությունների պայմաններում Արցախի Հանրապետության օրակարգային հարցերի կենտրոնում շարունակում է առանցքային մնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ միջազգային հանրության կողմից ճանաչման հարցը»:
Իր խոսքում համաժողովի նախաձեռնումը կարեւորել է նաեւ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, համոզմունք հայտնելով, թե այն հետաքրքիր քննարկումների եւ եզրահանգումների հարթակ կհանդիսանա, հնարավորություն կտա գիտագործնական հարթության վրա քննելու ձեռքբերումներն ու թերացումները, հավաքագրելու համապատասխան գնահատականներ եւ առաջարկներ: Նրա խոսքով, «Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տեւական, կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված եւ հսկողության տակ հայտնված տարածքներում՝ հայկական մշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայաթափման նպատակով իրականացվող հանցավոր գործողությունները»:
Համաժողովին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ողջույնի խոսքը ներկայացրել է նրա խորհրդական Նարինե Աղաբալյանը: Պետնախարարի համոզմամբ, Արցախի շուրջ ընթացող բարդ աշխարհաքաղաքական զարգացումներում, երբ առերեսվում ենք լրջագույն մարտահրավերների, նման միջոցառման կազմակերպումը Ստեփանակերտում առանձնահատուկ կարեւորություն ունի Արցախի սուբյեկտայնությունը, անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական զարգացումը բացարձակ արժեքներ են: «Մեր նպատակն է ապահովել Արցախի՝ որպես լիարժեք սուբյեկտի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացներում, Արցախի համար հասնելու միջազգային մեխանիզմներով ապահոված անվտանգության»,- նշել է Ռ. Վարդանյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանն այն համոզմունքն ունի, որ համաժողովում քննարկվելիք հարցերը ոչ մեկին չեն կարող անտարբեր թողնել, քանի որ Արցախը կանգնած է ներքին ու արտաքին սպառնալիքների առջեւ:
«Պետք է աշխարհին ներկայացնել, որ արցախյան հիմնախնդիրը մեկդարյա կոնֆլիկտ է,- զեկուցման մեջ ընդգծել է քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը:- 1991 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ օրենքների համաձայն, Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Բաքուն հակադարձում է, թե ինքը դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից, այլ «որոշակի վերականգնել է 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, իսկ Խորհրդային Ադրբեջանը եղել է օկուպացված տարածք Խորհրդային Ռուսաստանի կողմից»: Բանախոսը կարծում է, որ Արցախն աշխարհին պիտի ներկայանա նոր ձեւով: «Աշխարհը պիտի տեղյակ լինի, որ խնդրի սկիզբը 1918 թվականն է»,- պնդում է նա:
Անընդունելի համարելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որը հայաթափման լուրջ վտանգներով է հղի, ԱՀ արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը համաժողովում նշել է, թե Հայաստանն ու Արցախը ողջ պատմության մեջ հայտնվել են ամենավտանգավոր վիճակում: «Ունեցել ենք ժամանակներ, երբ պետականության կորուստ են ունեցել, անցել ենք ծանր փորձությունների միջով: Եթե կորցնենք Արցախը, ապա կորցնելու ենք հայոց բնօրրանը, հայոց պետականությունը,- ասել նա:- Բարդ իրավիճակին գումարվել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում կտրուկ փոխված ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Արցախը խոցելի է դարձել ամենատարբեր հանգամանքներից, գայթակղելով մեր թշնամիներին»: «Քանի որ Արցախի գոյությունը կարեւոր գործոն է Անդրկովկասում, պետք է սթափ գնահատենք իրավիճակը եւ ճշգրիտ քայլեր մշակենք մեր հետագա գործողությունների համար: Արցախը պետք է ունենա սուբյեկտայնություն եւ ինքնուրույն կարողանա տնօրինել իր ճակատագիրը: Աշխարհին լսելու լինելու համար անչափ կարեւոր է, որպեսզի Արցախը հայության համար մնա որպես գերագույն արժեք»,- իր խոսքն այսպես է եզրափակել արտգործնախարարի պաշտոնակատարը: