Ֆուտբոլային բառապաշարից օգտվելով` կարելի է արձանագրել, որ այժմ գնդակը ԱՄՆ-ի մոտ է՝ տարածաշրջանում «առաջին» միջնորդ հանդես գալու համար։ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը քաղաքական գնահատականի բացակայությանբ հիմնավորմամբ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը, իսկ Ալիեւն էլ հրաժարվեց դեկտեմբերի 7-ին սպասվող բրյուսելյան հանդիպումից այն պատճառաբանությամբ, թե հայկական կողմը ցանկություն է հայտնել, որ դրան մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այսպիսով` գլխավոր դերակատարներից մնաց ԱՄՆ-ն։ Այս օրերին տարածաշրջան է այցելել Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով, ըստ էության, համակարգում է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Սա ենթադրում է ոչ միայն Արցախի հարցի լուծում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհարաբերություններն ամրագրող պայմանագրի ստորագրում, այլեւ Վրաստանի հետ առկա խնդիրների հանգուցալուծում։
Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի եւ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ռիքերը նշանակվել է այս տարվա օգոստոսին, որի առիթով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե «ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։ Միաժամանակ Ռիքերը նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատում անցկացրած լսումների ժամանակ կարծիք էր հայտնել, որ «իրավիճակը հասել է այնպիսի կետի, որ կարող են վերջ տալ այս մանդատին [Մինսկի խմբի մանդատը] կոնսենսուսով»։
Ամերիկացի դիվանագետն իր այցն սկսել է Բաքվից, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է Ադրբեջանի կարեւորությունն ԱՄՆ-ի համար։ Այդ մասին են վկայում նաեւ Ռիքերի տեսաուղերձում հնչած շեշտադրումները։ «Ադրբեջանի ներուժը նկատելի է։ Ամեն անգամ, երբ վերադառնում եմ այստեղ, տեսնում եմ տնտեսության աճը եւ հնարավորություններն ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար»,- ասել է նա՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հասնելու Հարավային Կովկասի հնարավորություններին ու ներուժին։ «Գիտակցելով աշխարհագրության կարեւորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել այս տարածաշրջան: Հիմա Բաքվում եմ, այստեղից գնալու եմ Թբիլիսի ու Երեւան։ Այս տարածաշրջանում հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը»,- հավելել է Ռիքերը։ Ուշադրություն է պետք դարձնել այն ձեւակերպումներին, որտեղ խոսվում է գնում «հարավկովկասյան» տարածաշրջանը մեկ ամբողջականության մեջ դիտարկելու մասին։ «Խաղաղ գործընթացի», «բարեկեցիկ եւ խաղաղ ապագա ապահովելու», «պատմության նոր էջի» ցանկությամբ ոգեւորված միջազգային հանրությունը շրջանցում է Ադրբեջանի մութ կողմը՝ հայատյաց հռետորաբանությունն ու պատերազմական անթիվ հանցագործությունները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի հրապարակել Ռիքերի հանդիպումների օրակարգը։ Ադրբեջանում նրան ընդունել են երկրի նախագահը, արտգործնախարարը։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը եւս նախօրեին անդրադարձել էր մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը` նշելով, որ ԱՄՆ-ի նպատակն է, որպեսզի հնարավորինս շուտ անցկացվի սահմանազատում, եւ «երկու կողմերի միջեւ շուտափույթ խաղաղության համաձայնագիր լինի, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան»։ Դա, ըստ նրա, հնարավորություն կտա նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։ Նկատենք, որ երբ Վաշինգտոնը խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունների մասին, ապա սա պետք է հասկանալ խաղից դուրս վիճակ Մոսկվայի համար, այլ ոչ թե իրապես երրորդ կողմի բացակայություն։
Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում բոլոր կողմերի հետ. արձագանքելով Ռիքերի նշանակմանը` պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ Ֆրանսիայի նկատմամբ դժգոհության հիմքում նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւի ընդունումն է Սենատի կողմից, ինչպես նաեւ տարբեր առիթներով նախագահ Մակրոնի հայամետ հայտարարությունները։ Ադրբեջանական որոշ վերլուծաբաններ տեսականորեն չեն բացառում, որ Եվրամիությունը դեռ կարող է պահպանել իր միջնորդությունը, եթե օրինակ՝ Շառլ Միշելին հաջողվի հեռացնել Ֆրանսիային բանակցություններից։ Եվ, վերջապես, Ռուսաստանի նկատմամբ ճնշման արդյունավետ լծակը խաղաղապահ առաքելությանը կողմնակալության մեջ մեղադրելն է։ Եթե վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ թիրախում առավելապես Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերն ու հայկական դիրքերն էին, ապա Արցախում վերջին սադրանքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արեւմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետեւանքով վիրավորվել է երկու զինծառայող։ Հրադադարի խախտման մասին պաշտոնական Ստեփանակերտը տեղեկացրել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարություն էր տարածել, որում արձանագրել էր, որ «Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է»։ Այսպիսով` ռուս խաղաղապահ առաքելությունն այս անգամ խախտման պատասխանատվությունը հստակ դրել է ադրբեջանական կողմի վրա, ինչն առավել ուշագրավ է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «տեղանունների պատերազմի» համատեքստում։ Բաքվին ձեռնտու են իրավիճակի սրումը եւ ռուս խաղաղապահների կողմից հասցեական կոչերը, քանի որ դա թույլ կտա կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության անաչառությունը։
Ադրբեջանը նախընտրում է «գործ ունենալ» այն կողմի հետ, որը կլինի կողմնակալ եւ կբավարարի ադրբեջանական օրակարգը։ Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումն Ալիեւը վիժեցրեց։ Այլ հարց է՝ կհաջողվի՞ արդյոք ամերիկյան կողմին կազմակերպել նման հանդիպում, թե ԱՄՆ-ն նույնպես Բաքվի կողմից կարժանանա կողմնակալ լինելու «պատվին»։