Մինչ Երեւանում աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականները, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների մասնագետներ, ցեղասպանագետներ, մշակույթի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ քննարկում են նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանությունների կանխարգելման հարցերը, Ադրբեջանը «էկոլոգիական» խնդիրների անվան տակ փորձում է իրականացնել Արցախի ամբողջական բռնազավթումն ու հայաթափումը։
Եթե Բերձորի միջանցքի շուրջ ընթացող այս գործընթացը չկասեցվի, ապա Հայաստանը, այդ թվում՝ Արցախը, կկանգնի հումանիտար աղետի առջեւ։ Դա կլինի երկրորդ մեծ աղետը երկու տարվա ընթացքում, մինչդեռ առաջինը հասարակությունն ու երկիրը դեռ չեն էլ հաղթահարել։ «Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ, եւ ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից՝ նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության եւ այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից: Այս գործողության հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ»,- ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 13-ին տարածած հայտարարության մեջ: Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության դրսեւորում էր նաեւ այս տարվա մարտի սկզբին դեպի Արցախ գնացող գազատարի պայթեցումը։
Բերձորի միջանցքի փակելը հստակ նպատակ ունի՝ անցակետի վերահսկողությունը փոխանցել պաշտոնական Բաքվին եւ դրանով իսկ վերջնականապես կոտրել Արցախի բնակչության կամքը՝ ստիպելով գոյաբանական անվտանգությունն ապահովելու համար ինքնակամ հեռանալ սեփական հայրենիքից։ Ի դեպ, ադրբեջանական սոցիալական հարթակներում ակտիվորեն շրջանառվում է այն միտքը, որ հայերին կարելի է թույլ տալ հեռանալ Արցախից, սակայն պետք է արգելել մուտքը, այդ թվում՝ շտապօգնության եւ սննդի ապրանքների մեքենաների համար։ Ցինիկաբար առաջարկում են այդ ծառայություններից օգտվել Շուշիից կամ իրենց հոգեհարազատ փողոցային ոճի շուկաներից, կարեւորը, ըստ նրանց, «նոր իրականության հետ ընտելացնելն է»։ Իսկ «էկոլոգիական» խնդիրներն օգտագործվում են բոլոր տեսակի ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտները խլելու նպատակով, քանի որ դրանք այս պահին առավել քան կենսական են որպես եկամտի աղբյուր եւ տնտեսական անկախության գրավական, կլինեն դրանք հանքեր, հիդրոէլեկտրակայաններ, թե գյուղատնտեսական նշանակության դաշտեր։
Որքան էլ իրավիճակն օրհասական լինի, հայկական կողմը կարող է էական փոփոխություն մտցնել ձեւավորվող ստատուս-քվոյում։ Դրա համար անհրաժեշտ է մեկ անգամ եւս արձանագրել բնական դաշնակիցների ցանկն ու հարաբերություններ զարգացնել թուրք-ադրբեջանական ճնշումներին դիմակայելու նպատակով։ Մի իրողություն է, երբ դաշնակիցների կամ բնական դաշնակիցների մասին բարձրաձայնում ենք մենք ինքներս, եւ բոլորովին այլ բան է, երբ մեզ որպես դաշնակից են ընդունում այլ ազգեր, իսկ այդպիսիք քիչ չեն եւ կարող են բավարար ներուժ ապահովել ներկա իրողությունների վրա ազդեցություն ունենալու համար։
Օրեր առաջ «Red Lantern Analytica» միջազգային հարցերի դիտորդական խումբը Եվրոպական եւ ամերիկյան հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի (RIEAS) եւ «Network State»-ի հետ համատեղ անցկացրել էր «Հնդկահունական-հայկական ռազմավարական համագործակցությունը խալիֆայության նախագծերի դեմ պայքարի համար» վեբինարը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի՝ «Երեք եղբայրների առանցքին» եւ դրանից բխող սպառնալիքի դեմ պայքարի ռազմավարությունը։ «Greekcitytimes» պորտալի խմբագիր Փոլ Անտոնոպուլոսի խոսքով՝ աշխարհը մուտք է գործել վտանգավոր ժամանակաշրջան, որտեղ համաշխարհային համակարգը փոխվում է մի քանի մեծ տերությունների ի հայտ գալով։ Նոր համակարգի ձեւավորմամբ ոգեւորված են հատկապես Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը, որոնք առաջ են մղում իրենց շահերն ու օրակարգը։ Խալիֆայության նախագծերին ավելի արդյունավետ հակազդելու համար Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Քրիզանտոպուլոսն առաջարկում է ստեղծել հին քաղաքակրթությունների խորհուրդ՝ ընդգծելով, որ Հայաստանը, Հունաստանն ու Հնդկաստանն ունեն մեկ ընդհանուր բան, այն է՝ նրանցից յուրաքանչյուրը հնագույն քաղաքակրթություն է, եւ փոխազդեցության մեջ են եղել միմյանց հետ։ «Network State»-ի հիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահրամ Այվազյանն էլ առաջնահերթ է համարում այդ փոխհամագործակցության ինստիտուցիոնալացումը:
Նկատենք, որ ահաբեկչական պետություններ, հասարակություններ եւ ինքնություն ներկայացնող Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքը վտանգում է ամբողջ եվրասիական տարածաշրջանի անվտանգային համակարգը, հետեւաբար, դրան կարող է հակազդել միայն համամարդկային արարչական արժեհամակարգերի վրա հիմնված առանցքների ձեւավորումը։ Թեեւ դրանց գերառաջնային նշանակության մասին խոսվում է դեռեւս հանրային, փորձագիտական մակարդակներում, սակայն հստակ հանրային պահանջի ձեւավորումը կարող է օրակարգ թելադրել նաեւ պետությունների արտաքին քաղաքականությունը մշակողների եւ իրականացնողների համար։ Որպես հնագույն եւ կենսունակ քաղաքակրթություններ՝ Հայաստանը, Հունաստանն ու Հնդկաստանը լավագույնս կարող են հանդես գալ ահաբեկչական առանցքին հակազդողի դերում։ Իհարկե, խնդիրը պետք է դրվի ոչ թե մշտապես հակազդողի, այլ պրոակտիվ լինելու եւ սեփական օրակարգը թելադրողի դիրքերից։ Այդ առումով մեծ դերակատարություն կարող են ստանձնել նաեւ երեք երկրների սփյուռքները։ Ի դեպ, սփյուռքի գործոնին անդրադարձ եղավ վերջերս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Հնդկաստան. Հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովի շրջանակներում։
Ի վերջո, բնական դաշնակիցների հստակեցումն առաջին հերթին թույլ կտա մեզ ճեղքելու քաղաքական մեկուսացումը, որում հայտնվել ենք արցախյան երկրորդ պատերազմի պատճառով, ինչն էլ, իր հերթին, նոր հնարավորություններ կբացի այլ հարթություններում եւս համագործակցելու համար։