Թշնամու կերպարի առկայությունը պահանջված է ժողովուրդների, հանրույթների համար՝ դառնալով տարբեր նպատակների հասնելուն ուղղված բացասական մեխանիզմ։ Քաղաքականության մեջ թշնամու կերպարը հաճախ օգտագործվում է որպես սոցիալական խոշոր խմբերի համախմբման գործիք այս կամ այն պետության ու սոցիալական խմբերի դեմ եւ միաժամանակ ապահովում է անհրաժեշտ շրջանակների աջակցությունը իշխանությունների կողմից առաջարկվող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծումներին։
Թշնամիները հասարակության գիտակցության մեջ ներկայացվում են որպես չարիքի կրողներ եւ ձգտում նվաստացնելու, զարգացմանը խոչընդոտելու կամ նույնիսկ ոչնչացնելու պետությունն ու հասարակությունը։ Ընդհանրապես, քաղաքականության մեջ թշնամու կերպարը երբեք ամբողջությամբ չի կոնկրետացվում, այլ օգտագործվում է որպես փոխաբերություն, որի իմաստը որոշում է յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր սոցիալական խումբ՝ հակառակորդի մասին իրենց պատկերացումներին համապատասխան։ Այս դասական մոտեցումն ունի իր բացառությունն ի դեմս Ադրբեջանի։
Քաղաքական պրակտիկայի եւ քաղաքական տեսության (ավելի լայն՝ քաղաքական մշակույթի) անբաժանելի տարր հանդիսացող «թշնամու կերպարի» մեծ «չափաբաժնով» օգտագործումը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ի վերջո զրկում է հասարակության մեջ բարու ու չարի, արդարության ու համերաշխության վրա հիմնված արժեհամակարգ ունենալու հնարավորությունից, այն քաղցկեղածին է թե՛ անհատի, թե՛ հանրույթի եւ թե՛ ազգերի համար։ Այնինչ, կովկասյան թաթարների պարագայում «թշնամու կերպարը» նախեւառաջ «ազգային» ինքնության ձեւավորման հիմքն է կազմում։
1918 թ. քաղաքական թատերաբեմում հայտնված արհեստածին պետությունն առայսօր ինքնության փնտրտուքների մեջ է՝ տարբեր տարիների զարգացնելով թուրքական, պարսկական, մարական, աղվանական, անգամ՝ շումերական ծագման թեզերը։ Սակայն այս ընթացքում մեկ բան կայուն եւ կարմիր թելի պես անցել է այդ պետության համար, այն է՝ հայատյացությունը։ Նրանց համար հայերի նկատմամբ ատյացության, հակահայկական տրամադրությունների գեներացումն ու մշտապես որոշակի մակարդակի վրա պահելը զուտ քաղաքական խնդիր չեն, այն տվյալ հանրույթի «ազգային» ինքնագիտակցության ձեւավորման հենասյունն է։
Նման սեւեռվածությունը, եթե անգամ ընդհանուր առմամբ ունի մեծ ներուժ եւ կարող է «հարվածը» շատ ուժեղ ու ավերիչ դարձնել, միաժամանակ ունի նաեւ իր հակառակ կողմը։ Թշնամու նկատմամբ տարած հաղթանակը, որից հետո նժարի մյուս կողմում չի դրվում այլ «թշնամու» կերպար, կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնեցնել ինքնության գիտակցումը եւ դրանից բխող քայլերի տրամաբանության մեջ ճաքեր առաջացնել, առավել եւս, երբ հանրության համախմբման՝ կոնսոլիդացիայի առանցքային ու հիմնական գործիքը եղել է հայատյացությունը։ Եվ քանի որ Ադրբեջանում հայատյացությունը չափազանց խոր արմատներ է գցել հանրային գիտակցության մեջ, ապա հազիվ թե այն արագ հնարավոր լինի փոխարինել մեկ այլ «թշնամու» կերպարով։ Սրա հետեւանքով կարող են ատելության նետերն ուղղվել դեպի ներս։
Եթե մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը թշնամու կերպարի օգնությամբ իշխանությունը սնում էր իբր «տարածքային ամբողջականության» վերականգնման պատմական եւ իրավական առումներով հիմնազուրկ տրամադրություններ, ապա «հաղթանակի» էյֆորիայից հետո այն լրջագույն խնդիր է դառնալու նույն այդ հանրույթի համար։ Նկատենք, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները եւ մասնավորապես նրա այն ներկայացուցիչները, որոնք պահպանել են իրենց էթնիկ ինքնության գիտակցումը, հայերին չեն ընկալում որպես թշնամի։
«Հաղթանակածի» հոգեվիճակը, էյֆորիկ տրամադրությունները պահպանելու նպատակով Ադրբեջանի ղեկավարը տարբեր միջոցների է դիմում, ինչպես օրինակ՝ 2022 թ. Շուշիի տարի հռչակելու որոշումը, որի մասին նա հայտարարեց դեկտեմբերի 31-ին՝ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Նոր տարվա կապակցությամբ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշին հայկականությունից եւ հայկական հետքից զրկելը Բաքվի բռնապետի համար դարձել է սեւեռուն միտք, ինչին հասնելու համար ջանք չի խնայում։ «Հաշվի առնելով Շուշի քաղաքի պատմական նշանակությունը, նրա մշակութային եւ հոգեւոր արժեքը Ադրբեջանի ժողովրդի համար՝ որոշում եմ 2022 թվականը հայտարարել Շուշի քաղաքի տարի»,- ասված է հրամանագրի տեքստում։ Այնուամենայնիվ, ատելության ու բռնության սովոր հանրույթը չի կարող երկար գոյատեւել մշակութային եւ ստեղծագործ տիրույթում. այն հասարակությունը, որի անդամները տասնամյակներ շարունակ դաստիարակվել են ատելությամբ, կառուցողական տիրույթում անելիք չեն կարող գտնել։
Ի տարբերություն Ադրբեջանի, մեր ինքնագիտակցությունը երբեւէ կառուցված չի եղել ատելության կամ թշնամուն հակադրվելու հիման վրա։ Մեր ինքնության հենասյուները արարումն ու ստեղծագործական անսպառ ներուժն են, սակայն մեզ պակասում են մեր ազգի եւ պետության շահերից բխող օրակարգի ձեւակերպումն ու դրա հիման վրա գործողությունների իրականացումը։ Արցախի տարածքի մի մասի կորստով մենք զրկվել ենք նվազագույն անվտանգային միջավայրից, առանց որի հնարավոր չէ հայկական պետականության գոյատեւումը երկարաժամկետ հեռանկարում։ Աշխարհում տեղի ունեցող հարափոփոխ զարգացումներում ոտնատակ չլինելու համար կարիք ունենք արագորեն ինքնակազմակերպվելու՝ քաղաքական քարտեզի վրա մեր պետության միավոր արժեքը մեծացնելու համար։ Առաջնային գիտակցումը պետք է լինի այն, որ ցանկացած պարտություն ժամանակավոր է, երբ կա ապրելու, զարգանալու ցանկություն ու կամք։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ