Մինչ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները շարունակում են ահագնորեն լարվել, եւ օրեցօր մեծանում է պատերազմի հավանականությունը, Արեւմուտքում անհանգստանում են, որ Ռուսաստանն իր էներգառեսուրսները կարող է որպես զենք օգտագործել Ուկրաինայի հետ հակամարտությունում: Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլընտրանքային տարբերակներ են փնտրում դեպի Եվրոպա գազի մատակարարումն ապահովելու համար այն դեպքում, եթե իրավիճակն Ուկրաինայում ավելի սրվի: Այս մասին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կերբին ասել է «Fox News» հեռուստաընկերության եթերում, երբ նրան հարցրել են Արեւմուտքի երկրների էներգաանվտանգության մասին:
«ԱՄՆ-ի վարչակազմն ու պաշտպանության նախարարությունը աշխատում են աշխարհի ու տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ քննարկելով էներգիայի այլընտրանքային մատակարարման տարբերակները այն դեպքում, եթե ՌԴ-ն որոշի իր էներգառեսուրսները որպես զենք օգտագործել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ֆեյքային է որակել բոլոր այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ռուսաստանը կարող է կրճատել գազի մատակարարումները դեպի Եվրոպա: Նա հիշեցրել է, որ նույնիսկ ամենաբարդ հարաբերությունների ժամանակ Մոսկվան պահպանել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավորի կարգավիճակը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմել է, որ ԵՄ-ն Քաթարի ու Ադրբեջանի հետ է քննարկում գազի առաքման հարցը, եթե Ռուսաստանը դադարեցնի այն կամ կրճատի ծավալները: Նա շեշտել է, որ այժմ մշակվում են հնարավոր բոլոր տարբերակները:
«Պետք է պատրաստ լինենք այն դեպքի համար, եթե դիվանագիտությունն անհաջողության մատնվի: Մենք քննարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, ներառյալ աշխատանքը գործընկերների՝ ԱՄՆ-ի, Քաթարի ու Ադրբեջանի հետ՝ գազի մատակարարումն ապահովելու համար այն դեպքում, եթե ՌԴ-ն որոշի կրճատել կամ դադարեցնել առաքումը»,- գրել է նա իր բլոգում:
Այն մասին, որ Եվրամիությունը գազի առաքման այլընտրանքային նոր տարբերակներ է փնտրում, խոսվեց այն ժամանակ, երբ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Ռուսաստանին զսպելու իր ջանքերի շրջանակներում ԵՄ-ն առաջ է շարժվել պատասխան միջոցառումների նախապատրաստության հարցում, որոնք լուրջ վնաս կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանը եւ ֆինանսական համակարգին:
Բացահայտելով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մանրամասները՝ նա մատնանշել է, որ Եվրոպան դիտարկում է նաեւ արտահանման վերահսկման միջոցառումներ, որոնք ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենան եւ Ռուսաստանին կզրկեն այն ապրանքներից, որոնք անհրաժեշտ են «նրա ռազմավարական հավակնությունների իրականացման համար»։
Ինչպես հաղորդել է «Financial Times»-ը, փետրվարի սկզբին Եվրահանձնաժողովի էներգետիկայի կոմիսար Կեդրի Սիմսոնը մտադիր է հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի «արտակարգ իրավիճակում» գազի մատակարարման ծավալների ավելացման հնարավորությունը: Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել է, որ Բաքուն ուսումնասիրում է դեպի Եվրոպա գազի մատակարարման ընդլայնման հնարավորությունը: Ադրբեջանն այժմ տարեկան մոտ 10 մլրդ խմ գազ է առաքում Եվրոպա Անդրադրիաատիկ գազամուղով, որը TAN-TANAP (Հարավային գազային միջանցքի մեջ մտնող Անդրանատոլիական գազատարը՝ Թուրքիայում) համակարգի մաս է կազմում: Դրանով կոմերցիոն առաքումների մեկնարկը տրվել է 2020 թ.: Ապագայի համար TAP օպերատորը դիտարկում է ընդլայնման 3 տարբերակ՝ մինչեւ 14.4 մլրդ խմ, մինչեւ 17.1 մլրդ խմ եւ մինչեւ 20 մլրդ խմ, սակայն դրանք առայժմ սոսկ պլաններ են: Համեմատության համար նշենք, որ 2020 թ. դեպի Եվրոպա եւ Թուրքիա «Գազպրոմի» մատակարարումը կազմել է 175 մլրդ խմ գազ, իսկ անցած տարի՝ 185 մլրդ խմ:
Այն, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գազի առաքման լրացուցիչ հնարավորություններ են փնտրում, հաստատել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Եվրոպա գազ մատակարարել, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի լարված հարաբերությունների պատճառով մատակարարումը խախտվի:
Ռուսաստանյան ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան, կառավարությանը կից ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը կարծում է, որ դեպի Եվրոպա գազի մատակարարման Ադրբեջանի հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Առաջին՝ TAN-TANAP-ը պարզապես նախատեսված չէ նման ծավալների համար: Երկրորդ՝ այդ երկիրը գործնականում ռեզերվներ չունի լրացուցիչ մատակարարումներ կատարելու համար:
«Այնպիսի տպավորություն է, որ եվրոպացիները փորձում են քերել տակառի հատակը եւ բանակցություններ են վարում՝ ում հետ կարող են։ Հնարավոր է՝ նրանց տրամաբանությունն այն է, որ կան երկրներ, որոնք դժվարությամբ են հեղուկ գազ ստանում։ Մինչ այդ մամուլը գրում էր, որ ամերիկացիները, իբր, բանակցում են Քաթարի, Նիգերիայի հետ, խոստացել են իրենց հեղուկ գազն առաքել Եվրոպա։ Բայց ոչ բոլորը կարող են ընդունել այդ հեղուկ գազը: Գերմանիայում, օրինակ, հեղուկ գազի ոչ մի տերմինալ չկա, մինչդեռ այդ երկիրը գազի ամենամեծ սպառողն է Եվրոպայում։ Բացի այդ, կան հարավային երկրները՝ Բուլղարիան եւ Հունաստանը։ Հունաստանն ունի մեկ տերմինալ, իսկ Բուլղարիան՝ ոչ մի: Մինչեւ վերջերս գազ էր ստանում միայն Ռուսաստանից։ 2020 թ. Ադրբեջանը գործարկել է TAR-TANAP գազատարը՝ Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ Բուլղարիա եւ դրանից դուրս։ Պայմանագրերի համաձայն՝ Բաքուն տարեկան 1 մլրդ խմ գազ է մատակարարում Բուլղարիա եւ Հունաստան, եւս 8 մլրդ խմ գազ՝ Իտալիա։ Մնացած 6 միլիարդը, իսկ խողովակի նախագծային հզորությունը տարեկան 16 մլրդ խմ է, Ադրբեջանը մատակարարում է Թուրքիային։
Եվրոպացիներն ու ամերիկացիները հիմա մտածում են, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանն ընդհանրապես դադարեցնի գազի մատակարարումը։ Նույն Բուլղարիան տարեկան սպառում է մոտ 3 մլրդ խմ։ Սկզբունքորեն տրամաբանական է հարցնել Ադրբեջանից, թե արդյոք հնարավորություն ունի՞ մատակարարումն ավելացնել 2 մլրդ խմ-ով, որպեսզի անհրաժեշտության դեպքում գոնե ապահովի Բուլղարիային կամ Հունաստանին, որը սպառում է մինչեւ 5 մլրդ խմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարող ավելացնել մատակարարումը: Բաքվի համար դա շատ ցավագին թեմա է, չի խոստովանում այդ փաստը, բայց, ամենայն հավանականությամբ, աշխատում է հնարավորությունների եզրագծին: Նրանք բավական մեծ թվով արտահանման պայմանագրեր ունեն եւ ներքին մեծ սպառում, ուստի դժվար թե կարողանան ավելացնել ծավալները»,- ասել է Յուշկովը՝ շեշտելով, որ ադրբեջանցիներն այժմ փորձում են ապահովագրել իրենց. արդեն պայմանագիր են կնքել «Գազպրոմի» հետ, որի համաձայն՝ վերջինս անհրաժեշտության դեպքում գազ կմատակարարի Բաքվին: 2017 եւ 2018 թթ. «Գազպրոմն» արդեն գազ մատակարարել է Ադրբեջանին:
2021 թ. Ադրբեջանը «Գազպրոմի» հետ պայմանագիր է կնքել գազի փոխանակման մասին։ Ըստ երեւույթին՝ այն պատճառով, որ չի ցանկանում պարզապես գազ գնել, այլ դա ձեւակերպում է որպես ներքին շուկայում ցրտերի ուժեղացման եւ դրա արդյունքում պահանջարկի ավելացման հետեւանք: Հասկանալի է, որ եթե անհրաժեշտ լինի ավելացնել մատակարարումների ծավալը ներքին շուկայում, Բաքուն ուղղակի ռեսուրսներ չի ունենա, որպեսզի կատարի արտաքին պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Եվս մեկ փաստ, որը վկայում է Ադրբեջանի սահմանափակ հնարավորությունները. Թուրքիա գազի մատակարարման նոր պայմանագիրն սկսել է գործել միայն հնի ժամկետի ավարտից հետո։
Այսինքն՝ առաքումների ծավալը չի ավելացել, չնայած նախնական հավաստիացումներին, որ դրանք գրեթե կրկնապատկվելու են։ TAP-TANAP-ը պարզապես փոխարինել է հին մատակարարումներին Թուրքիա, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի արտահանման հնարավորությունները չափազանց սահմանափակ են։
Փորձագետը կարծում է, որ դժվար թե եվրոպացիները հավելյալ ծավալներ ստանան Ադրբեջանից: Այժմյան ռեսուրսային բազայի դեպքում ավելորդ է խոսել մատակարարման ծավալների ավելացման մասին:
«Անգամ առանձին փոքր շուկաներում հնարավոր չի լինի փոխարինել Ռուսաստանին։ Կարող են տակտիկապես շուկայից շուկա տեղափոխել ծավալներ, եթե ինչ-որ մեկն ավելի քիչ վերցնի, օրինակ՝ Թուրքիան։ Բայց այնտեղ բոլոր ծավալները հաստատված են պայմանագրերով, իսկ հավելյալ գազ ձեռք բերելու հնարավորություն չկա»,- ընդգծել է Իգոր Յուշկովը՝ տեսականորեն հնարավոր համարելով, որ պայմանավորվածության դեպքում իր համար նախատեսված տարեկան 6 մլրդ խմ գազը Անկարան կարող է առաքել Եվրոպա: «Բայց այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի այդ գազը փոխարինել ինչ-որ բանով, ինչը նշանակում է, որ այն գնելու է Ռուսաստանից։ Թուրքիան բարդ բանակցող է, իր հաշվին ոչինչ չի անի: Այնպես որ, Ադրբեջանի օգնությամբ հնարավոր է ինչ-որ «ծակեր փակել», բայց սկզբունքորեն դրանով ոչինչ չի լուծվի»,- ավելացրել է նա։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած բանակցություններից անմիջապես հետո իրանական ազգային գազային ընկերությունը Թուրքիային տեղեկացրել է, որ հունվարի 20-30-ը տեխնիկական ֆորս-մաժորային պատճառներով չի կարող իրականացնել գազի առաքումը: Հիշեցնենք, որ Իրանը Թուրքիա միջին հաշվով տարեկան 10 մլրդ խմ գազ է մատակարարում, ինչը կազմում է Անկարայի գազի պահանջարկի 16 տոկոսը: Թուրքիայում սկսված հիստերիան, որ Թեհրանը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, այլ կերպ է դիտվում հիմա՝ իրադարձությունների այսպիսի զարգացման համատեքստում: